Կանադայում հրատարակվող ԹՄՄիության «Ապագայ» ազգային, մշակութային եւ հասարակական շաբաթաթերթի հոկտեմբերի 29-ի համարից տեղեկանում ենք, որ դեկտեմբերի 1-ին եւ 2-ին Թեքեյան մշակութային միության «Հայ բեմ» թատերախումբը Քվեբեկի «Թեատր Բոբուա» թատերասրահում ներկայացնելու է Մովսես Պչաքչյանի «Անկարելի կարելին» երեք գործողությամբ կատակերգությունը, Նանսի Իսսա Թորոսյանի մշակմամբ եւ բեմադրությամբ:
Այդ առթիվ հրատարակված հարցազրույցից քաղում ենք հետեւյալ տեղեկությունները բեմադրող Նանսիի մասին: Ծնվել է Արգենտինայում, բժիշկների ընտանիքում: Դերասան է, բեմադրիչ եւ դերասանության ուսուցչուհի: 9 տարի առաջ ամուսնու եւ երկու զավակների հետ տեղափոխվել է Կանադա եւ հաստատվել Մոնրեալում: Որպես դերասանուհի աշխատել է հիմնականում օտար շրջանակների հետ: Մեծ հետաքրքրություն է ունեցել իսպանացի թատերագիր եւ բանաստեղծ Գարսիա Լորկայի գործերի նկատմամբ: Անցյալ տարի Մոնրեալի Համազգայինի «Պետրոս Ադամյան» թատերախմբի համար բեմադրել է «Պահածոյի տուփերը» թատերգությունը: Ներկա «Անկարելի կարելին» պիեսը երկու աշխարհներիՙ մեր եւ երջանկության աշխարհների «հանդիպման» մասին է, որտեղ մեր աշխարհից եկողը հարցուփորձի է ենթարկվումՙ պարզելու համար, թե արդյո՞ք արժանի է մտնելու երջանկության աշխարհը:
Պիեսի հեղինակըՙ Մովսես Պչաքչյանը, բնիկ հալեպահայ է, բայց մոտ 40 տարի ապրում է Փարիզում: Արձակագիր է, որ արժանացել է ԹՄՄ «Հայկաշեն Ուզունյան» գրական մրցանակին: Հուսանք Նանսի Թորոսյանին մի օր տեսնել մայր հայրենիքում:
Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ