«Լեւոն Արոնյան» գրքի շնորհանդեսը
«Տիգրան Մեծ» հրատարակչությունը 3 հազար տպաքանակով լույս է ընծայել Սեդա Արոնովա-Ավագյանի «Լեւոն Արոնյան» գիրքը: Այն ինքնատիպ է նրանով, որ հեղինակը մեր տաղանդավոր գրոսմայստերի մայրն է: Մասնագիտությամբ լեռնային ինժեներ Սեդա Արոնովան գրքի ստեղծման գաղափարը վաղուց էր փայփայում եւ կարողացավ իրականացնելՙ յուրօրինակ նվեր մատուցելով որդու 30-ամյակին: Գիրքն իր մեջ ներառում է Լեւոնի կենսագրության մանրամասները, ինչպես նաեւ նրա անցկացրած մի շարք ուշագրավ պարտիաներըՙ Արոնյանի մեկնաբանությամբ:
Երեկ «Գոլդեն Թյուլիփ» հյուրանոցում կայացավ գրքի շնորհանդեսը, որին ներկա էր նաեւ հանրապետության նախագահ, շախմատի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը:
Դիմելով ներկաներին, Սեդա Արոնովան մասնավորապես ասաց. «Այս գիրքը գրել եմ տղայիս 30-ամյակի առթիվ, քանի որ ավելի լավ նվեր դժվար էր նրան մատուցել: Եթե այս գիրքն ընդունվի ընթերցողների կողմից, ապա մտադիր եմ հրատարակել եւս մեկը: Այն կլինի ոչ թե Լեւոն Արոնյանի, այլՙ գրոսմայստեր Լեւոն Արոնյանի մասին, նրա հասուն շրջանի, անցած ուղու, ստեղծագործական կյանքի ու նվաճումների մասին: Ներողություն եմ խնդրում, որ գիրքը ռուսերեն եմ գրել, քանի որ վախեցա Լեւոնի տված հարցազրույցների, պարտիաների մեկնաբանությունների, նրա մասին մյուս նշանավոր շախմատիստների ասածների թարգմանությունների ժամանակ հնարավոր աղավաղումներից: Բացի այդ, շատ կցանկանայի, որ ռուս ընթերցողները եւս ծանոթանային այս գրքին:
Գրքի հրատարակմանը մեծապես նպաստել է իմ ընտանիքը, որը ոգեշնչել է ինձ: Շնորհակալ եմ նաեւ մեր ընտանիքի բարեկամ Վարդան Պողոսյանինՙ մեզ աջակցելու համար, ինչպես նաեւ գրքի առաջաբանը գրած պրոֆեսոր Գագիկ Հակոբյանին, խմբագիր Ալբերտ Նալբանդյանին եւ նկարիչ Արտակ Խաչատրյանին:
Շնորհակալություն եմ հայտնում այս գեղեցիկ երեկոյի համար: Ինձ համար շատ անսպասելի էր նման միջոցառման կազմակերպումը: Շատ շոյված եմ: Հպարտ եմ, որ ծնել ու դաստիարակել եմ ազնիվ ու լավ քաղաքացու, շախմատիստի, որը կյանքը չի խնայում Հայաստանի դրոշը աշխարհի տարբեր երկրներում ծածանելու համար: Այս 7 տարվա ընթացքում նա կարողացել է իր հետեւից տանել մեր խիզախ հավաքականին, որը երեք անգամ նվաճել է օլիմպիական բարձունքը»:
Սեդա Արոնովան իր եւ որդու ստորագրությամբ գիրքը հանձնեց հանրապետության նախագահին:
Երեկոյի ընթացքում գրքի եւ Լեւոն Արոնյանի մասին ջերմ խոսքեր ասացին Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, ժամանակին շախմատի օլիմպիական մարզադպրոցի տնօրեն Հովիկ Խալիկյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, Լեւոնի մարտավկա եւ մտերիմ ընկեր Գաբրիել Սարգսյանը, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը եւ շախմատային մեկնաբան Գագիկ Հովհաննիսյանը:
Ռոբերտ Ամիրխանյանը տեղեկացրեց, որ ոգեշնչված Ստամբուլի շախմատի համաշխարհային օլիմպիադայում հայ շախմատիստների փառահեղ նվաճմամբ, գրել է նոր մյուզիքլ, որից մի հատված ունկնդրեցին ներկաները: Գագիկ Հովհաննիսյանն էլ նշելով Լեւոն Արոնյանի կայացման գործում ծնողների մեծ դերը, ավելացրեց, որ Լեւոնը բացի հանճարեղ շախմատիստ լինելուց, նաեւ հրաշալի գիտելիքներ ունի գրականությունից, փիլիսոփայությունից եւ գեղանկարչությունից: Նա նաեւ շեշտեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մեծ ներդրումը, որի անմիջական ջանքերի շնորհիվ Լեւոն Արոնյանը վերադարձավ հայրենիք ու կրկին հանդես եկավ Հայաստանի դրոշի ներքո: Իր ելույթի վերջում Գագիկ Հովհաննիսյանը «Հայերի հաղթարշավը Ստամբուլում» գրքի առաջին օրինակը հանձնեց ՀՀ նախագահին:
Երեկոյի վերջում Լեւոն Արոնյանն իր շնորհակալությունը հայտնեց ներկաներին եւ անձամբ Սերժ Սարգսյանին, նշելով, որ անչափ հուզված է, կարծես երազ լինի: Նա խոստացավ իր բոլոր ջանքերն ու ունակությունները ներդնել բոլորի երազանքը իրականացնելուՙ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար: