Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանը, որ իր 2-րդ ոսկե մեդալը նվաճել էր Բուլղարիայի հավաքականում հանդես գալիս, նշանակվել է այդ երկրի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ: Այդ պաշտոնում նա կփոխարինի Բրատան Ցենովին, որը Բուլղարիայի հավաքականում 4 տարի աշխատելուց հետո հրաժարական էր տվել: Արմեն Նազարյանին կօգնեն Վալենտին Ռոնչեւն ու Սերաֆիմ Բարզակովը: Այս մասին տեղեկացնում է capital.bg կայքը:
«Կարեւոր է, որ տղաները վստահում են ինձ: Առջեւում շատ կարեւոր մրցաշարեր են մեզ սպասում, ուստի պետք է այժմվանից լրջորեն նախապատրաստվենք դրանց: Հավաքականի դռները բաց են բոլորի առջեւ: Ով արժանի է, նա էլ հանդես կգա Բուլղարիայի հավաքականում», նշել է Արմեն Նազարյանը:
Արմեն Նազարյանը նորանկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոնն է: 1996-ին, երբ Հայաստանն առաջին անգամ որպես անկախ պետություն առանձին մասնակցեց Ատլանտայի ամառային օլիմպիադային, Արմեն Նազարյանը մեր մարզիկներից առաջինն էր, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումներում նվաճեց չեմպիոնի տիտղոսը: Օլիմպիադայից հետո նա տեղափոխվեց Բուլղարիա եւ օլիմպիական հաջորդ ոսկե մեդալն արդեն նվաճեց այդ երկրի հավաքականի կազմում:
Նշենք, որ վերջին շրջանում լուրեր էին պտտվում, թե Արմեն Նազարյանը մտադիր է վերսկսել իր ելույթներն ու մասնակցել 2016-ին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ամառային օլիմպիադային: