«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#209, 2012-11-23 | #210, 2012-11-24 | #211, 2012-11-27


ԴԵՐՍԻՄԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՆ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆ

Մեղադրանք է ներկայացվել նաեւ վարչապետ Էրդողանին

Թուրքիայի Դերսիմ, ներկայիս Թունջելի, քաղաքում եւ շրջակայքում 1937-1938 թվականներին տեղի ալավի (շիա), քուրդ, հայ, ասորի բնակչության դեմ իշխանությունների իրագործած ցեղասպանության հարցը փոխանցվել է Հաագայի միջազգային քրեական դատարան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով firatnews.com լրատվական կայքը, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Բելգիայի եւ Թուրքիայի մի խումբ փաստաբանների ստորագրած 300 էջից բաղկացած հայցը Հաագայի դատարան է փոխանցել փաստաբան Էրդալ Դողանը:

Զանգվածային սպանությունների գործով մեղադրանք է ներկայացվել 81 մարդու, այդ թվում` Թուրքիայի ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին եւ 1980-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման հեղինակ Քենան Էվրենին: Էրդողանի հետ կապված նշվում է, որ չնայած նա ներողություն է խնդրել Դերսիմում թուրքական այն ժամանակվա իշխանությունների իրագործած ջարդերի համար, բայց մինչ այսօր այդ ուղղությամբ որեւէ առաջընթաց չի ապահովել, ավելին` Էրդողանի մեջ պահպանվում է ջարդարարի մտածողությունը:

Դերսիմի քուրդ բնակչության ինքնության ճանաչման հետ կապված ապստամբությունը թուրքական իշխանությունները խեղդել են արյան մեջ, հողին հավասարեցրել շրջանի հազարավոր գյուղեր: Թեեւ պաշտոնական տվյալներով նշվում է 38 մարդու անուն, սակայն, տարբեր աղբյուրներով զոհերի թիվը հասնում է 100 հազարից ավելի: Այդ ջարդերին զոհ են գնացել նաեւ 1915-ի Հայոց ցեղասպանությունից մազապուրծ` Դերսիմի գյուղերում թաքնվող հայերը: Դերսիմի ոչ թուրք բնակչության կոտորածները սկսվել են քաղաքի հյուրանոցներից մեկում ալավիների համաժողովի անդամներին կենդանի-կենդանի այրելուց հետո: Իշխանությունները փակել են հյուրանոցը, որտեղ ալավիներն իրենց ինքնությունը ճանաչելու պահանջով հավաք էին անցկացնում, եւ հրդեհել: Համաժողովին մասնակցում էին նաեւ թուրք մտավորականներ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4