«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#209, 2012-11-23 | #210, 2012-11-24 | #211, 2012-11-27


ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԼՈՒԻԶ ՄԱՆՈՒԿՅԱՆ-ՍԻՄՈՆԻՆ ՀԱՆՁՆԵԼ Է «ԱՍՊԵՏ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ» ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՇՔԱՆՇԱՆԸ

ԱՄՆ արեւելյան հայոց թեմ կատարած հայրապետական այցի ընթացքում, նոյեմբերի 22-ին` Գոհաբանության օրը, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը ազգային բարերար տիկին Լուիզ Մանուկյան-Սիմոնին հանձնել է 2011թ. փետրվարին նրան շնորհված «Ասպետ Սուրբ Էջմիածնի» հայրապետական շքանշանը` Հայրենիքին, Հայաստանյայց առաքելական եկեղեցուն եւ աշխարհասփյուռ հայ ժողովրդին մատուցած բացառիկ ծառայությունների համար:

Ինչպես հաղորդում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը, Ամենայն հայոց հայրապետը բարձր է գնահատել տիկին Լուիզ Մանուկյան-Սիմոնի ավանդը ազգային եւ եկեղեցական կյանքում: Մեծազնիվ բարերարը դուստրն է ազգանվեր ու եկեղեցասեր ծնողների` ՀՀ ազգային հերոս եւ ՀԲԸՄ ցմահ նախագահ հոգելույս տիար Ալեք Մանուկյանի եւ տիկին Մարի Մանուկյանի: Տիկին Լ. Մանուկյան-Սիմոնը, իբրեւ ՀԲԸՄ նախագահ, սատար է կանգնել հայրենիքին ինչպես խորհրդային, այնպես եւ ՀՀ անկախության տարիներին:

Հատկապես մեծ է նրա ցուցաբերած զորակցությունը նորանկախ Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին: Նրա ակնառու նախաձեռնությունների շարքին է պատկանում Ամերիկյան համալսարանի ստեղծումը Հայաստանում:

Բազմամյա իր ծառայության ընթացքում ՀԲԸՄ նախագահը մշտապես զորավիգ է եղել նաեւ Մայր աթոռ Ս. Էջմիածնին եւ Հայոց եկեղեցուն: Նրա պաշտոնավարման ընթացքում սկիզբ առան եւ հաջող շարունակում են իրենց գործունեությունը Մայր աթոռի եւ ՀԲԸՄ համատեղ կրթական եւ սոցիալական ձեռնարկները Հայաստանում` Հայորդյաց տների եւ բարեգործական ճաշարանների ծրագրերը, Մայր աթոռ Ս. Էջմիածնին փոխանցվեց «Ս. Ներսես Մեծ» բժշկական կենտրոնը: Մեծազնիվ բարերարի ջանքերով Մանուկյան ընտանիքի կողմից հաստատվեց Մայր տաճարի պահպանության հիմնադրամ, նաեւ նորոգվեց Մայր տաճարը, բարեզարդվեց Մայր աթոռի տարածքը, կառուցվեցին միաբանական եւ վարչա-տնտեսական շենքերը: Նրա իշխանավայել ընծաբերումներով Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակման 1700-ամյակի առիթով կառուցվեց Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցին, Մալաթիա-Սեբաստիա համայնքում վեր խոյացավ Ս. Երրորդություն հոյակերտ եկեղեցին, ավարտին է մոտենում Արաբկիրի վարչական շրջանի եկեղեցու շինարարությունը:

Տիկին Լուիզ Մանուկյան-Սիմոնն այսօր էլ սրտաբուխ առատաձեռն նվիրատվություններով շարունակում է զորավիգ լինել Մայր աթոռ Ս. Էջմիածնի առաքելությանը եւ Ամենայն հայոց հայրապետին` վկայելով իր հավատը, սերն ու հավատարմությունը ազգի, եկեղեցու եւ հայրենիքի հանդեպ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4