«Կողմերը համաձայնել են շարունակել աշխատանքը արտգործնախարարների մակարդակում», այսպիսով երեկ տարածած հայտարարությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տեղեկացնում են, որ մոտ ժամանակներս Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում չի նախատեսվում:
Համանախագահներ Ռոբերտ Բրադկեն, Իգոր Պոպովն ու Ժակ Ֆորը հայտարարության մեջ հիշեցրել են, որ նոյեմբերի 19-26-ը այցելել են տարածաշրջան` «շարունակելու իրենց ջանքերըՙ ուղղված ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորում փնտրելու հարցում կողմերին աջակցությանը»:
Երեւանում, ըստ ԵԱՀԿ պաշտոնական հաղորդագրության, համանախագահները նոյեմբերի 23-ին հանդիպել էին նախագահ Սերժ Սարգսյանի ու արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, մինչ այդ` նոյեմբերի 21-22-ին այցելելով Լեռնային Ղարաբաղ ու հանդիպելով «դե ֆակտո իշխանությունների հետ»: «Լեռնային Ղարաբաղ այցելության ընթացքում նոյեմբերի 21-ին համանախագահները այցելել են Զանգելան եւ Ջաբրայիլ տարածաշրջաններ` գնահատելու 2010-ի հոկտեմբերի իրենց վերջին այցելությունից հետո առկա իրավիճակը», ասվում է հայտարարությամբ: Նոյեմբերի 26-ին արդեն Բաքվում համանախագահները հանդիպել են Ալիեւին ու Մամեդյարովին:
«Նախագահներ Սարգսյանի եւ Ալիեւի հետ համանախագահները վերանայել են օգոստոսին եւ սեպտեմբերին արտգործնախարարներ Նալբանդյանի ու Մամեդյարովի հետ ունեցած առանձին-առանձին հանդիպումների արդյունքները եւ քննարկել են խաղաղ գործընթացի շարունակման գաղափարները, որ ներկայացվել են հոկտեմբերի 27-ին նախարարների համատեղ հանդիպմանը», տեղեկացնում է հայտարարությունըՙ փաստացի վկայելով, որ արտգործնախարարական հանդիպումների արդյունքների վերանայումը ոչ մի արդյունք էլ չի տվել ու նախագահների մակարդակով հանդիպում չի պլանավորվում:
Վ. ՊՈՂՈՍՅԱՆ