Կատալոնիան գնում է անկախության ճանապարհով
Կատալոնիայում կիրակի օրը կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում, ձայների նախնական հաշվարկով, հաղթանակ է տարել երկրամասի վարչապետ Արթուր Մասայի ղեկավարությամբ գործող կատալոնական ազգայնականների կուսակցությունը. խորհրդարանի ընդհանուր 138 պատգամավորական մանդատներից ազգայնականները կստանան 50-ը, ընդ որում, չնայած հաղթանակին, վարչապետ Մասայի կուսակցությունը, ի տարբերություն նախորդ գումարման խորհրդարանի, կկորցնի 8 պատգամավորական մանդատ: NBS News-ը տեղեկացնում է, որ եւս 21 մանդատ բաժին կհասնի «ձախ անջատողականներին», երրորդ տեղում են ազգային պահպանողական կուսակցությունը եւ սոցիալիստական կուսակցությունը. ըստ նախնական տվյալների` հիշյալ կուսակցությունները կստանան համապատասխանաբար 16 եւ 18 պատգամավորական մանդատներ:
Անցած ընտրությունները վերջին 24 տարում Կատալոնիայում անցկացված խորհրդարանական ընտրություններին ընտրողների ամենաակտիվ մասնակցությունն են ապահովել. ընտրելու իրավունք ունեցող կատալոնացիների 69 տոկոսը մասնակցել է ընտրություններին: Համեմատության համար նշենք, որ նախորդ ընտրություններին` 2010-ին, մասնակցել էր ընդհանուր ընտրողների 59 տոկոսը: Որոշ փորձագետներ ընտրողների այս ակտիվությունը պատճառաբանում են Իսպանիայում տնտեսական ճգնաժամի առկայությամբ: Ըստ տարածված փորձագիտական դիրքորոշման` կատալոնացիների մեծ հատված կարծում է, որ եթե մարզը (Կատալոնիան) անկախություն ստանար, ապա դա հնարավորություն կտար մարզում շրջանառվող ֆինանսական միջոցները պահել Կատալոնիայում, քանի որ իսպանական կառավարությունը խիստ հարկային քաղաքականություն է վարում, եւ կատալոնական տնտեսությունը կբարգավաճեր: Հարկ է նկատել, որ Կատալոնիան համարվում է Իսպանիայի ամենահարուստ մարզը, ներկայացնում է ողջ իսպանական տնտեսության 20 տոկոսը:
Դեպի անկախություն
Դեռեւս նախքան ընտրություններըՙ այս տարվա սեպտեմբերի 11-ին (Կատալոնիայի ազգային տոնի օրը), միլիոնից ավելի կատալոնացիներ դուրս եկան Բարսելոնի փողոցները հետեւյալ պաստառներով. «Ո՛չ Եվրոպային», «Ո՛չ չորրորդ ռայխին», «Մենք ինքնուրույն երկիր ենք»: Խաղաղ ընթացած ու խաղաղ ավարտված ցույցի մասնակիցները պահանջում էին Կատալոնիայի անջատումը Իսպանիայից: Թերեւս նաեւ այս ցույցի մասնակիցների թվաքանակից ոգեւորվելով` վարչապետ Մասան որոշ ժամանակ անց հայտարարեց, որ անհրաժեշտ է համաժողովրդական հանրաքվե անցկացնել կատալոնացիների շրջանում` Անկախության հանրաքվե: Ընդ որում, իսպանական օրենսդրության համաձայն, այդ հանրաքվեն անօրինական կճանաչվի, քանի որ թագավորության սահմանադրությունը իրավասություն չի տալիս «առանձին մարզերին» անկախության հանրաքվեներ անցկացնելու, ինչը տալիս էր, օրինակ, ԽՍՀՄ նորացված սահմանադրությունը: Որպես պատասխան Իսպանիայում իշխող Ազգային կուսակցությունից հայտարարեցին, որ իրենք կտրականապես դեմ են կատալոնական հանրաքվեի անցկացման հնարավորությանը եւ «վճռականորեն թույլ չեն տա»: Ավելինՙ իշխող կենտրոնական կուսակցությունից հայտարարեցին. «Կատալոնական հանրաքվեն հնարավոր դարձնելու համար սահմանադրությունը փոփոխելու որեւէ փորձ կսառեցվի խորհրդարանական մեծամասնության կողմից»: Միեւնույն ժամանակ իրավաբան, միջազգային իրավունքի մանագետ Միգել Մեդինան նշել է. «Եթե իսպանական կենտրոնական ղեկավարությունը արգելակի կատալոնական անկախության ձգտումը, ապա Կատալոնիան կարող է միակողմանի հռչակել սեփական անկախությունը»: Այս համապատկերում մադրիդյան El Mundo պարբերականը տեղեկացրեց, որ իսպանական մի շարք մարզերում, առաջիկա շաբաթ Կատալոնիայում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների արդյունքներից ելնելով, հնարավոր է, որ բոյկոտվի «Կավա» գինու ներմուծումը: Հիշյալ գինին Կատալոնիայից արտահանվող ամենահայտնի ապրանքային բրենդներից է:
Դեռ ոչինչ պարզ չէ
Ինչպես արդեն նշեցինք, Կատալոնիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններն արդեն կայացել են անցյալ կիրակի, սակայն վարչապետ Մասայի կուսակցության հաղթանակը դեռ կանաչ լույս չի վառում կատալոնական անկախության ճանապարհին: Եթե իսպանական օրենսդրությունը կատալոնական հանրաքվեն ճանաչի հակաօրինական, ապա երկրամասի խորհրդարանը, ինչպես միջազգային իրավունքի մասնագետ Միգել Մեդինան է նշում, կարող է ձայների որոշակի համամասնությամբ միակողմանի հռչակել Կատալոնիան անկախ պետություն: Սակայն դա անելու համար անհրաժեշտ է խորհրդարանում 68 պատգամավորի համաձայնություն, մինչդեռ Մասայի կատալոնական ազգայնական կուսակցությունը, ինչպես վերը նշեցինք, կորցնելով 8 մանդատ, այս պահին ունի 50-ը միայն: Այլ հարց է, որ խորհրդարան անցած մյուս կուսակցությունները, օրինակՙ «ձախ անջատողականները», որոնք կարծես թե եւս անկախության կողմնակից են, սատարեն վարչապետ Մասայի նախաձեռնությանը, որի մասին Կատալոնիայի վարչապետը հստակորեն հայտարարել էր նախքան ընտրությունները:
Կատալոնիայի հիմնականում գյուղական շրջանների բնակիչները ողջունում են մարզի անկախության հեռանկարը, քանի որ գյուղերում բնակիչները առանձնապես կապված չեն իսպանական գործարար շերտերի հետ: Քաղաքաբնակները, առավելաբար բարսելոնցիներից շատերը անկախության կողմնակիցներ չեն, քանի որ ամենօրյա գործնական հարաբերություններ ունեն կենտրոնի ու իսպանական այլ շրջանների ներկայացուցիչների հետ: Նշենք նաեւ, որ այսօր Կատալոնիայի ընդհանուր բնակչության 20 տոկոսը երկրամասում չի ծնվել, չնայած այնտեղ գրանցում ունի, հետեւաբար` այնտեղ ընտրելու իրավունք, սակայն իսպանացի է եւ ոչ թե կատալոնացի:
Ի դեպ, ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել Բարսելոնի քաղաքապետ Խավիեր Տրիասը: Նա ռուսական «Սպորտ-Էքսպրես» պարբերականին ասել է. «Եթե Կատալոնիան անկախություն ստանա, մենք մեր սեփական ֆուտբոլային առաջնությունը չենք անցկացնի. դրա իմաստն ուղղակի չի լինի, քանի որ «Բարսելոնը» կլինի մրցակցությունից դուրս: Անկախության պարագայում «Բարսելոնը» հավանաբար կշարունակի հանդես գալ Իսպանիայի առաջնությունում (ՈւԵՖԱ-ի կանոնադրությունը թույլ տալիս է այլ երկրի ֆուտբոլային ակումբին հանդես գալ մեկ այլ երկրի առաջնությունում-Հ. Ա.): Չնայած չի կարելի բացառել նաեւ, որ ակումբը սկսի հանդես գալ հարեւան Ֆրանսիայի առաջնությունում»:
Դժվար է ասել, թե ուր կտանի կատալոնացիներին անկախության պայքարը, որը, ինչպես նկատում ենք, առավելաբար, գոնե այս օրերին, տնտեսական դժգոհության հիմք ունի. ու եթե մարդիկ իրավունք ունեն անկախ ապրելու, ձգտելու ինքնուրույնության, որովհետեւ պարզապես վատ են ապրում, ապա մարդիկ իրավունք ունեն անկախության թեկուզ միակողմանի հռչակման, եթե նրանց կյանքին է վտանգ սպառնում:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ