«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#209, 2012-11-23 | #210, 2012-11-24 | #211, 2012-11-27


ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՀԵՏԱՁԳՎՈՒՄ Է ՀԱՋՈՐԴ ՏԱՍՆԱՄՅԱԿՆԵՐԻ՞Ն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցի վերջին հանգրվանը Բաքուն էր, առաջինը` Ստեփանակերտը: Բայց ոչ Արցախի, ոչ Հայաստանի արձագանքը չուներ ադրբեջանական մակարդակը: Այստեղ համանախագահներին երեկ դիմավորել են Իլհամ Ալիեւի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի վարչության պետ Նովրուզ Մամեդովի Lider հեռուստաընկերությանը տված հարցազրույցով:

Ուրվագծվել է շատ հետաքրքրական պատկեր: Նախկինում ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը խստորեն քննադատող եւ բանակցային գործընթացը այլ ձեւաչափ տեղափոխելու բուռն ձգտում դրսեւորած պաշտոնական Բաքուն այսօր ճգնում է լիցք հաղորդել նույն համանախագահների հովանու ներքո քննարկումներին: Սա նշանակում է, որ ադրբեջանական դիվանագիտության համար հասկանալի է դարձել, որ ԼՂ խնդիրը որեւէ այլ միջազգային հարթակ տեղափոխելու իր ջանքերը չեն պաշտպանվում:

Բայց, իհարկե, Ադրբեջանը իր դերի մեջ լիովին չէր լինի, եթե սեփական ձախողումը չփորձեր անպայման ներկայացնել որպես «հաջողություն»: Այսպես, ըստ էության համանախագահներին խնդրելով հնարավորինս անել, որպեսզի բանակցային գործընթացը լիովին չտապալվի, քանի որ այդ դեպքում հարկ կլինի լուրջ որոշումներ կայացնել, իսկ իլհամալիեւյան վարչախումբը դրա համար ոչ միայն ժամանակ, այլեւ գիտելիքներ եւ բավարար կամք չունի, Իլհամ Ալիեւի ներկայացուցիչը ճգնել է «նախապայման» ներկայացնել. «Ադրբեջանը թույլ չի տա, որ Հայաստանը նպատակադրված ձեւով երկարաձգի բանակցային գործընթացը», ասել է Նովրուզ Մամեդովը:

Ինչպես հայտնի է, Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայից եւ «հերոսացումից» հետո էր, որ հայկական կողմը հայտարարեց դրանից հետո բանակցությունների քննարկումների դժվարության մասին, բայց բանակցությունների շարունակումը համարեց հնարավոր: Այսօր միջնորդները փորձ են անում կողմերի միջեւ հաստատելու շփումներ, որոնք թույլ կտային հուսալու ինչ-որ դրական հեռանկար: Նովրուզ Մամեդովը, մինչդեռ, վերստին պնդում է, որ Ադրբեջանը «վաղ թե ուշ կհասնի իր հողերի ազատագրմանը»:

Կրկնենք, որ սույն միտքը Մամեդովը հնչեցրել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների Ադրբեջան այցի օրը` պաշտոնական Բաքվի սպասելիքների մասին հարցադրմանն ի պատասխան: «Այդ ուղղությամբ մենք ինչպես համանախագահներից, այնպես էլ միջնորդ երկրների առաջնորդներից սպասում ենք վճռական, օբյեկտիվ եւ արդարացի քայլեր», ասել է Նովրուզ Մամեդովը:

Առաջին հայացքից ամեն ինչ «տպավորիչ է»: Բայց քիչ հետո Մամեդովը բացահայտել է իր երկրի գլխավոր անհանգստությունը: Նա ասել է, որ առաջիկայում պետք է «բանակցությունները շարունակվեն նաեւ նախագահների (Հայաստանի եւ Ադրբեջանի) մակարդակով», քանի որ կարգավորումը «չի կարելի երկարաձգել դարձյալ մի քանի տասնամյակով»:

Սա հատկապես ընդգծվում է այն համապատկերին, որ Նովրուզ Մամեդովը որեւէ ակնարկ իսկ չի արել «անընդունելի ստատուս քվոյի» եւ այն «փոխելու միջազգային առաջատար խաղացողների ցանկության» մասին, ինչպես սովորաբար անում են Բաքվում: Ընդհակառակը, Իլհամ Ալիեւի աշխատակազմի չինովնիկը հարցազրույցը եզրափակել է խորհրդանշական ընդհանրացմամբ. «Ցավալի է, որ այսօր աշխարհում տնտեսական ճգնաժամին զուգահեռ կա նաեւ միջազգային իրավունքի ճգնաժամ»:

Նովրուզ Մամեդովի լեզվով` դա դժգոհություն է միջազգային հանրությունից, որ «չի ստիպում եւ չի արագացնում ԼՂ խնդրի արդարացի կարգավորումը»: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ պաշտոնական Բաքուն վերաֆորմատավորում է դիվանագիտական ձեւակերպումները, որպեսզի սեփական հանրության առջեւ արդարացնի ԼՂ հարցի լուծման հետաձգումը եւս մի անորոշ ժամանակով: Կա նաեւ երկյուղի գործոնը, որ այդ ժամանակը կբերի բոլորովին նոր իրավիճակի, բայց այդ մասին Նովրուզ Մամեդովը խոհեմաբար լռել է:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4