«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#209, 2012-11-23 | #210, 2012-11-24 | #211, 2012-11-27


Ի՞ՆՉ ԵՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՖՐԱՆԿՖՈՒՐՏՈՒՄ

Հայկական ոչ մի լրատվամիջոց դեռեւս չի անդրադարձել նոյեմբերի 23-27-ին գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքում անցկացվող միջոցառմանը, որը նվիրված է ԼՂ խնդրին եւ ադրբեջանական կողմի «թեթեւ» ձեռքով արդեն իսկ անվանվել է «միջազգային գիտաժողով, որը նպատակ ունի գտնելու հակամարտության կարգավորման մեջ արդարացիության բաղադրիչը»: Թե ինչպե՞ս է հնարավոր, որ հայ եւ ադրբեջանցի փորձագետների, պատգամավորների եւ քաղաքագետների մասնակցությամբ «գիտաժողովը գտնի արդարացիության բաղադրիչը», թողնենք ադրբեջանական մամուլի երեւակայությանը:

Իրողությունն այն է, որ Գերմանիայի հիմնադրամներից մեկի կամ գուցե «Հեյդար Ալիեւի»-ի ֆինանսավորմամբ Ֆրանկֆուրտ են մեկնել Ադրբեջանի նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովը, Միլլի մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը, իսկ Հայաստանից` ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը եւ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Եթե, իհարկե, ադրբեջանական աղբյուրները չեն ստում:

Հետաքրքրական է, որ Բաքվի լրատվամիջոցները արդեն երեկ տարածել են ադրբեջանական «պատվիրակության թեզիսները»: Ստացվում է, որ ադրբեջանական կողմը Ֆրանկֆուրտ է ճանապարհվելՙ ունենալով հստակ «դիրեկտիվ»-ներ: Դրանք համակարգված հնչեցրել է Իլհամ Ալիեւին առընթեր Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովը: Ըստ այդմՙ ղարաբաղյան կարգավորման «արդարացիությունը» հետեւյալ «ճշմարտությունների վրա է հենվում».

ա. Հարավային Կովկասում հայերի բնակեցումն «սկսվել է 1828թ. հետո»

բ. 1836 թ. Նիկոլայ Առաջինը «լուծարել է Աղվանից եկեղեցին եւ նրա ունեցվածքը հանձնել Էջմիածնին, որը պայմաններ է ստեղծել Ադրբեջան հայերի ներթափանցման համար»

գ. տարածաշրջանի միակ երկիրը, որ շահագրգռված է Հարավային Կովկասի «անկախությամբ, Ադրբեջանն է»:

Ինչպես տեսնում ենք, «թեզիսները» սահմանակցում են կատարյալ իդիոտիզմին եւ շողոքորթությանը: Սկսենք վերջինից: Ադրբեջանական կողմը նախկինում էլ «անկախ քաղաքականություն վարելու» մասին ինչ-որ բաներ խոսում էր, բայց վերջերս անցել է ինքնախաբեության բոլոր սահմանները եւ մերթ պնդում է, որ ինքն է «Հարավային Կովկասի առաջատարը», իսկ ավելի հաճախ ակնհայտ շողոքորթում է եվրոպացիներին:

Ինչ վերաբերում է իդիոտիզմին, ապա չենք պատկերացնում, թե ինչպե՞ս են գերմանացի հարգարժան «մասնագետները», որոնք գիտաժողովի արդյունքներով «պետք է առաջարկություններ նախապատրաստեն» իրենց երկրի ԱԳՆ-ի համար, լսել Իլհամ Ալիեւի անմիջական ցուցումներով ղեկավարվող հաստատության տնօրենի մտավարժանքները Հարավային Կովկասում «միայն 1828-ից հետո բնակեցնելու» մասին:

Չենք կարծում, հակառակ դեպքում ադրբեջանցիներն այդ մասին անպայման կգրեին, որ հայկական կողմի պատվիրակները Ֆրանկֆուրտում խոսել են տարածաշրջանում թուրք-սելջուկների հայտնվելու եւ այլ պատմական թեմաների շուրջը: Եվ ճիշտ էլ վարվել են: Քանի որ ով երբ եւ որտեղից է «եկել»ՙ սրանք հարցեր են, որ չեն կարող որեւէ էական դեր խաղալ որեւէ, այդ թվում եւ ԼՂ խնդրի կարգավորման մեջ:

Դրանք չեն կարող դիտվել որպես «արդարացիություն», ինչպես սեփական մտագարությունն է փորձում փաթեթավորել Ադրբեջանը: Ժամանակակից աշխարհն առաջնորդվում է սկզբունքներով, այլ ոչ թե` հակամարտության մասին դրանում ներգրավված կողմերից մեկի հիվանդ երեւակայությամբ:

Այսքանով հանդերձ, թերեւս պետք է նաեւ հարցնել` ի՞նչ իմաստ ունի հայկական կողմից մասնակցել նման «միջազգային գիտաժողովների»: Մանավանդ այն դեպքում, երբ պաշտոնական Բաքուն իրականում հայ-ադրբեջանական շփումների երդվյալ հակառակորդն է, ինչի հերթական վկայությունն է Ռուսաստանի ադրբեջանական մշակութային ինքնավարության ղեկավար Սոյուն Սադիխովի դեմ սկսած կատաղի արշավը, թե ինչո՞ւ է նա համատեղ փաստաթուղթ ստորագրել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ:

Մասնակցությունը գուցե պարտադիր է` չհամարվելու «ոչ կոնստրուկտիվ», բայց հաստատ կազմակերպիչների առջեւ պետք է որոշակի նախապայմաններ դրվեն: Որպեսզի «միջազգային գիտաժողովը» չվերածվի աբսուրդի:

Վ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4