Արտահանման խթանման եւս մեկ քայլ կատարվեց կառավարության կողմից նախորդ նիստի ժամանակ` որոշվեց ստեղծել «Հայաստանում արտահանման վարկավորման գործակալություն», որը կգործի որպես վարկային ապահովագրական ընկերություն: Ակնկալվում է, որ նրա միջոցով հնարավոր կլինի բարձրացնել արտահանման ֆինանսավորման մատչելիությունը եւ արտահանմանն ուղղված ֆինանսական գործիքների հասանելիությունը արտահանող ընկերությունների համար` դրանով իսկ բարձրացնելով Հայաստանի արտահանման ներուժը: Ինչպե՞ս է հիմնավորվում այս կառույցի ստեղծման անհրաժեշտությունը:
Հայաստանի տնտեսությունում արտահանման մասնաբաժինը համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 10 տոկոսն է կազմել վերջին տարիներին, ինչը զգալիորեն զիջում է տարածաշրջանի երկրների եւ ընդհանրապես զարգացող տնտեսություններից շատերի ցուցանիշին: Երկրում ստեղծվել է առեւտրային հաշվեկշռի մեծ դեֆիցիտ, որը հիմնականում ֆինանսավորվում է արտասահմանում աշխատող ՀՀ քաղաքացիների եւ արտագնա աշխատանքների մեկնածների միջազգային դրամական փոխանցումների միջոցով: Բացի դրանից, Հայաստանի արտահանման ծավալների մոտավորապես 60 տոկոսը լրացնում են հանքահումքային եւ մետաղագործական ապրանքները, որոնք հիմնականում զբաղեցված են խոշոր ընկերությունների կողմից, եւ որոնք սովորաբար լավ հարաբերություններ ունեն բանկերի հետ, մասնավորապես բանկերի սեփականատերերի հետ փոխկապակցվածության շնորհիվ: Նրանց համար վարկերի հասանելիության լուրջ խնդիրներ չեն լինում: Վարկավորման հասանելիության հետ առավել լուրջ խնդիրներ են ունենում փոքր եւ միջին ձեռնարկությունները (ՓՄՁ), որոնց համար դժվար է կայուն եւ մատչելի ֆինանսավորման աղբյուրներ գտնել: Դա լուրջ խոչընդոտ է 2011-ին կառավարության ընդունած «Արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության» իրագործման համար, որտեղ ընտրվել են արտահանելի հատվածի 11 ոլորտներ, որոնք չեն առնչվում հանքահումքային եւ մետաղագործական ոլորտներին եւ ներկայացնում են սննդամթերքի վերամշակման, դեղագործության, տեքստիլ արդյունաբերության եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտները:
Ներկայումս ՀՀ մաքսային ծառայության ստացված ոչ պաշտոնական տվյալների համաձայն Հայաստանում 2011-ի ընթացքում գործել են 935 արտահանող ընկերություններ: Հայաստանում արտահանման վարկավորման գործակալությունը պետք է օգնի արտահանողներին արտաքին շուկաներում պահպանել իրենց մրցունակությունը` նրանց համար ստեղծելով նոր ֆինանսական գործիքներ:
Կառավարությունն այս նոր կառույցի ստեղծման հարցը քննարկել է կորպորատիվ եւ ֆինանսական ոլորտների ներկայացուցիչների հետ, որոնք ողջունել են հայկական ֆինանսական շուկայում նոր վարկային ապահովագրության ներդրման գաղափարը: Աշխարհի բազմաթիվ երկրներում գործող արտահանման վարկավորման գործակալությունները իրականացնում են գործունեության երկու հիմնական տեսակ` չվճարման ռիսկերի պաշտպանություն եւ արտահանման ֆինանսավորման ուղղակի աջակցություն:
Հայաստանում արտահանման ուղղակի ֆինանսավորումը, այս որոշման հիմնավորման մեջ, նպատակահարմար է համարվել թողնել առեւտրային բանկերին եւ վարկային կազմակերպություններին: Արտահանման ֆինանսավորման մասնագիտացված բանկի ստեղծումը եւ արտահանման ֆինանսավորումն ամբողջությամբ մեկ պետական հաստատությունում կենտրոնացնելը բավականին ծախսատար, նյութատեխնիկական նկատառումներով ծանրաշարժ ձեռնարկում եւ հետեւաբար ոչ նպատակահարմար է նկատվել:
Չվճարման ռիսկերի պաշտպանությունը բանկերի համար ծառայում է որպես ամենաբարձր կարգի ապահովման միջոց, եւ փաստորեն ծածկելով բանկերի հիմնական ռիսկերը, այն կարող է նպաստել նաեւ վարկավորման տոկոսադրույքների կրճատմանը եւ բարձրացնել բանկերի` արտահանմանն ուղղված վարկավորման ներուժը: Փաստորեն, ապահովագրական պայմանագիրը փոխարինելու է բանկերի կողմից վարկի դիմաց արտահանողներից պահանջվող դրամական կամ այլ ակտիվների գրավադրմամբ ապահովմանը: Հայաստանի համար նախընտրելի է համարվել հենց այս` արտահանման վարկերի ապահովագրման միջոցով արտահանողներին աջակցելը:
Արտահանման վարկային ապահովագրությունը, ինչպես ապահովագրության այլ տեսակ, անկախ այն հանգամանքից, որ տրամադրվելու է կառավարության կողմից, վճարովի ծառայություն է լինելու, իսկ ապահովագրավճարը կախված է լինելու ծածկվող ռիսկերի ծավալից եւ ժամկետներից: Ըստ կառավարությանը ներկայացված առաջարկի, 180 օր ժամկետայնություն ունեցող վարկերի ապահովագրավճարը չպետք է գերազանցի ապահովագրվող արժեքի մոտավորապես 1 տոկոսը:
Հայաստանի համար առաջարկվել են արտահանման վարկային գործակալության մի քանի տարբերակներ` ա. ստեղծել նոր ապահովագրական ընկերություն, բ. ստեղծել նոր պետություն-մասնավոր գործընկերություն, գ. օգտագործել պետությանը պատկանող գործող ֆինանսական հաստատությունները, ավելացնելով նոր գործառույթը, դ. օգտագործել գործող մասնավոր ֆինանսական հաստատությունը եւ գործակալության գործառույթները կցել նրան, ե. օգտագործել գործող պետական սեփականություն հանդիսացող ոչ-ֆինանսական հաստատությունը - գործակալությունը եւ դարձնել Արտահանման վարկավորման գործակալություն, զ. հիմնադրել նոր պետական գործակալություն:
Կառավարության նշված նպատակների, առաջացող առավելությունների եւ ծախսերի համատեքստում նախընտրելի են համարվել բաց բաժնետիրական ընկերության ձեւով Արտահանման վարկավորման գործակալության ստեղծման «ա», «բ» եւ «գ» տարբերակները: Գործող ապահովագրական նոր ընկերությունից պահանջվելու են առնվազն 1,5 միլիարդ դրամի նախնական կապիտալ եւ պահուստային ֆոնդ, իսկ սկզբի համար` 5-7 հոգի աշխատակազմ:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ