«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#209, 2012-11-23 | #210, 2012-11-24 | #211, 2012-11-27


ԲԱՑԱՌԻԿ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆՈՒՄ

Մանկավարժական համալսարանում ամփոփվեցին նոյեմբերի 19-23-ը անցկացվող «Օպտիկայի եւ ֆոտոնիկայի ակտիվ ուսուցում» թեմայով տարածաշրջանային գիտաժողովի աշխատանքները:

Երեւանի եւ Հայաստանի մարզերի ավագ դպրոցների, Հայկական պետական մանկավարժական համալսարանի, Երեւանի պետական համալսարանի, Գյումրու պետական մանկավարժական համալսարանի, Արցախի պետական համալսարանի, Իրանի Իսլամական Հանրապետության Թավրիզի համալսարանի ֆիզիկայի, օպտիկայի եւ ֆոտոնիկայի բնագավառի շուրջ 30 երիտասարդ հետազոտողներ, դասախոսներ, մագիստրատուրայի ուսանողներ, հայցորդներ եւ ասպիրանտներ մասնակցեցին գիտաժողովի աշխատանքներին:

«Օպտիկայի եւ ֆոտոնիկայի ակտիվ ուսուցում» ծրագրի ստեղծման եւ զարգացման գործում մեծ ավանդ ունեցող տարբեր երկրների մի շարք անվանի պրոֆեսորներ հինգ օր շարունակ երիտասարդ ֆիզիկոսների հետ փորձարկեցին ակտիվ ուսուցման մեթոդները:

Ավստրալիայի Սվինբուռնի տեխնոլոգիական համալսարանի գիտնական Ալեքսանդր Մազոլինին առաջին անգամ էր Հայաստանում: Արեւի եւ մարդկանց ջերմության պակաս չզգացած ֆիզիկոսը հիացած է երիտասարդ հայ ֆիզիկոսներով, նրանց գիտելիքներով եւ սովորելու անհագ ձգտմամբ:

«Գիտաժողովի մասնակիցների ընտրությունը շատ լավ էր կատարված. արդյունքներից եւս գոհ եմ: Աշխարհի բոլոր ֆիզիկոսները նման են իրար, սակայն հայերն առանձնանում են իրենց ջերմությամբ եւ աշխատասիրությամբ: Առողջ աշխատանքային մթնոլորտը մեզ մի քանի օրերի ընթացքում դարձրեց մի մեծ ընտանիք», ասում է Ալեքսանդր Մազոլինին :

Գիտաժողովի տեխնիկական խմբի ղեկավար, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Նաիրա Սաֆարյանը չի հիշում` արդյոք մասնակցե՞լ է այնպիսի գիտաժողովների, որոնց աշխատանքային խմբերը միաժամանակ բաղկացած լինեն ուսանողներից, մագիստրոսներից, ուսուցիչներից եւ գիտնականներից:

Տեսական ֆիզիկայի եւ ֆիզիկայի ուսուցման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Էդվարդ Կոկանյանը, ում ջանքերի շնորհիվ գիտաժողովն անցկացվեց Հայաստանում` Մանկավարժականում, չի թաքցնում` արդյունքը գերազանցեց սպասելիքները:

Ակտիվ ուսուցումն ապահովեց նույքան ակտիվ մասնակցություն, իսկ փորձառու մասնագետները սովորեցին սովորեցնելու նոր մեթոդներ. «Երբ Օուլուի համալսարանի մեր ֆինն գործընկերներն ասում էին, որ դասապրոցեսում ուսանողներն առավել ակտիվ են, մենք զարմանում էինք: Գիտաժողովից հետո հասկացանք` նրանց խոսքերում կան ռացիոնալ հատիկներ», հավելեց Էդուարդ Կոկանյանը :

«Օպտիկայի եւ ֆոտոնիկայի ակտիվ ուսուցում» նախագիծը սկիզբ է առել 2003 թվականից, նախաձեռնվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Ամերիկայի Միացյալ Նահանգների Օպտիկական միության (OSA), Օպտիկայի եւ ֆոտոնիկայի միջազգային միության (SPIE), Տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոնի (ICTP) եւ Ֆիզիկայի ուսուցման ասիական համացանցի (ASPEN) մասնագետներից կազմված միջազգային աշխատանքային խմբի կողմից:

Ծրագիրը փորձարկվել է ԱՄՆ-ում եւ մի շարք այլ զարգացած երկրներումՙ ի սկզբանե նպատակաուղղված լինելով ուսանողների մեջ ֆիզիկայի հիմնարար սկզբունքների յուրացման բարձրացմանը:

Գիտաժողովն անցկացվեց Մանկավարժական համալսարանի հիմնադրման 90-ամյակի շրջանակում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4