Այս տարի Հայաստանի պետական կամերային նվագախումբը նշում է իր գործունեության 50 տարին:
Նվագախմբի հիմնադրման եւ կայացման գործում մեծ է եղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Զարեհ Սահակյանցի դերը, ինչպես նաեւ ՀՀ վաստակավոր արտիստ Կոնստանդին Բաղդասարյանի, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Ահարոնյանի գործունեությունը:
Հետագայում Զավեն Վարդանյանը հիմնեց ժամանակակից երաժշտության անսամբլը, որի հիման վրա հիմնադրեց Երեւանի կամերային նվագախումբը (լարային եւ փողային կազմով): Այդ ընթացքում Երեւանի կամերային նվագախմբի հետ հանդես են եկել բազմաթիվ մեծանուն կատարողներ: Զ. Վարդանյանից հետո ԵԿՆ-ը ղեկավարում է ՌԴ ժողովրդական արտիստ, վաստակաշատ դիրիժոր Էմին Խաչատրյանը: Նշենք, որ մշակույթի նախարարի հրամանով, Հայաստանի պետական կամերային նվագախումբը եւ Երեւանի կամերային նվագախումբը միավորվում են «Հայաստանի պետական կամերային նվագախումբ» անվամբ, եւ գեղարվեստական ղեկավար է նշանակվում հրաշալի դիրիժոր Արամ Ղարաբեկյանը:
Իսկ 2011-ից Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժորն է Վահան Մարտիրոսյանը, որը սովորել է Փարիզի պետական կոնսերվատորիայում եւ ստեղծել է «Մարտիրոսյան» տրիոն: Ելույթներ է ունեցել Գերմանիայի, Իսրայելի, Իռլանդիայի, Իսպանիայի, Իտալիայի, Կանադայի, Լիբանանի, Լիտվիայի, Մարոկկոյի, Պորտուգալիայի, Ռուսաստանի, Ռումինիայի, Թունիսի, Խորվաթիայի, Ուկրաինայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի հեղինակավոր համերգասրահներում: Ձայնագրել է բազմաթիվ ձայնասկավառակներ: Վերջին ձայնասկավառակներից մեկը` «Armenia»-ն, ստացավ Le monde de la Musique ամսագրի 2007-ի «Տարվա սկավառակ» կոչումը:
2005-ին Kurt Masur-ի կողմից հրավիրվել է Նյու-Յորքում դիրիժորական սեմինարի, որտեղ ղեկավարել է Մանհեթն Սքուլի նվագախումբը: Վահան Մարտիրոսյանը նաեւ «Մաեստրիա» կամերային նվագախմբի հիմնադիրն է, որի հետ հանդես է եկել Ֆրանսիայում: Ինչպես նաեւ ղեկավարել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը, «Ամալգամ» նվագախումբը` բաղկացած Ստրասբուրգի ֆիլհարմոնիկի եւ SWR Baden-Baden - Ֆրայբուրգի սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտներից, Կաննի նվագախումբը, Թուլոնի օպերայի նվագախումբը, Նովոսիբիրսկի կամերային նվագախումբը:
Հայաստանի պետական Կամերային նվագախմբի 50-ամյակի կապակցությամբ «Ազգ»-ը զրուցեց կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Վահան Մարտիրոսյանի հետ.
- Երբ համաձայնեցիք ստանձնել Կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը, ո՞րն էր Ձեր հիմնական նպատակը:
- Ես ոչ մի նպատակ էլ չունեի, իմ ցանկությունը միշտ եղել է նվագախումբը բարձրացնել ամենաբարձր մակարդակին: Մինչ համաձայնությունս տալը նվագախմբի հետ 2 համերգ տվեցի, տեսա մեծ պոտենցիալը եւ հասկացա, որ իրենց հետ մեծ աշխատանք կարելի է տանել: Ինձնից առաջ եւս տարվել է մեծ աշխատանք, նվագախումբը հոյակապ վիճակում էր գտնվում, սակայն իրենք մեկ ու կես տարի առանց ղեկավար են մնացել, սակայն կարողացել են պահել ավանդույթները:
- Ինչպիսի՞ վիճակում էր գտնվում նվագախումբն այն ժամանակ եւ ինչպիսի՞ն է այսօր:
- Նվագախումբը շատ լավ եւ պրոֆեսիոնալ վիճակում էր գտնվում: Ցավոք, նվագախմբից մի քանիսը գնացել էին եւ հարկավոր էր այն ոտքի կանգնեցնել, որը շուտափույթ կարգավորեցինք:
- Ի՞նչ խնդիրներ ունի Կամերային նվագախումբը:
- Նվագախմբի միակ խնդիրը ֆինանսականն է: Երբ նվագախումբն ունենում է ֆինանսական առողջ կյանք, մնացած խնդիրները միանգամից վերանում են: Ունենալով այն, փորձերի ժամանակ երաժիշտները կմտածեն միայն երաժշտության մասին, ոչ թե օրվա երկրորդ կեսին ի՞նչ հարսանիքի կամ թաղման նվագեն, որպեսզի 10 000 դրամ էլ այնտեղ աշխատեն: Ֆինանսական խնդրի լուծման դեպքում հնարավորություն կունենանք նաեւ հրավիրել մեծանուն երաժիշտների:
- Ի՞նչ սկզբունքով եք ընտրում նվագախմբի ռեպերտուարը:
- Ես ունեմ սիրելի ռեպերտուար, բայց միշտ կատարում եմ այն, ինչը վաղուց չի կատարվել: Երաժշտությունը նման է նորաձեւության, մի ստեղծագործություն կարող է լինել աշխարհի ամենահայտնիներից մեկը, որը սակայն հնարավոր է 50 տարի չկատարվի: Ես մեծ տեղ եմ տալիս հայ դասական, ինչպես նաեւ ժամանակակից կոմպոզիտորներին:
- Իսկ ի՞նչ է հնչելու կամերային նվագախմբի 50-ամյակին նվիրված առաջիկա համերգին:
- Գալիք համերգի ռեպերտուարը չեմ ասելու, որպեսզի անակնկալ լինի բոլորի համար: Նոր կտրվածքով, հետաքրքրական տոն է լինելու: Սակայն ինչպես արդեն բոլորը գիտենՙ հատուկ հյուրը լինելու է մեծանուն երաժիշտ Ռիշար Գալիանոն:
- Արդյոք 50-ամյակի կապակցությամբ լինելո՞ւ են հյուրախաղեր:
- Կան հյուրախաղեր, սակայն դրանց մասին կխոսենք շուտով:
- Ինչո՞վ է տարբերվում Ձեր ղեկավարած նվագախումբը նախկին նվագախմբից:
- Այդ հարցի պատասխանը ես չունեմ, սակայն ասեմ, որ այսօրվա նվագախումբն ինձ շատ է դուր գալիս: Կյանքն անիվ է, երբեմն վերեւում ենք, երբեմն էլ ներքեւում, եւ այժմ նվագախումբը բարձրանում է:
ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ