«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#209, 2012-11-23 | #210, 2012-11-24 | #211, 2012-11-27


ՀԱՂԹԱԿԱՆ ՎԵՐԱԴԱՐՁ ԻՏԱԼԻԱՅԻՑ

Վերջերս Իտալիայից վերադարձավ Քսենիա ասոցացիայի կողմից ճանաչված Արեւելք-Արեւմուտք (East-West) փառատոնի շրջանակներում անցկացվող մրցույթի հաղթող, Երեւանի պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնի երրորդ կուրսի ուսանող Հովիկ Սարդարյանը: Նա ծնվել է 1993 թ.: 2001-ից սովորել է ԼՂՀ Հադրութի շրջանի երաժշտական դպրոցի դաշնամուրի եւ վոկալ բաժիններում: 2004-ին ընդունվել է Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանին կից վարժարանի թավջութակի բաժին: 2010թ-ից սովորում է ԵՊԿ կոմպոզիցիայի բաժնում (պրոֆ.` Աշոտ Զոհրաբյանի ստեղծագործական դասարան): «Վերածնունդ» միջազգային մրցույթի դափնեկիր է:

- Հովիկ, խնդրում եմ հակիրճ ներկայացնես մրցույթը:

- Մրցույթն անցկացվեց Իտալիայի Թուրին քաղաքում, Քսենիա անսամբլի կողմից: Դա կոմպոզիտորների մրցույթ էր, որը նվիրված էր Սայաթ-Նովայի 300-ամյակին: Այն կայացավ երկու փուլով. առաջին փուլում ներկայացրել էի երկու ստեղծագործություն` «Aquarelle» ջութակի եւ դաշնամուրի համար եւ «Fresco» ութ թավջութակների համար, որի արդյունքում հաղթեցի, իսկ երկրորդ փուլում ներկայացրեցի նոր գրված ստեղծագործություն` ,,Fuming Flames,, ալտի եւ դաշնամուրի համար, որն էլ հնչեց համերգների ընթացքում: Ի դեպ, տեղի ունեցավ երկու համերգ` նվիրված հայ երաժշտությանը: Եվ երկու համերգի ժամանակ էլ ինձ դուր եկավ այն, որ հնչեց իսկական, մաքուր Սայաթ-Նովա, հնչեց ձայն եւ քամանչա, որը շատ գեղեցիկ էր: Լինելով Իտալիայում` ես փորձեցի դա լսել իտալացու ականջներով եւ հասկացա, թե ինչպիսի հիանալի երաժշտություն է աշուղական երաժշտությունը:

- Պետք է խնդրեմ, որ մի փոքր ներկայացնես այն ստեղծագործությունդ, որը հնչեց Իտալիայում:

- Նոր ստեղծագործությունս կոչվում էր Fuming Flames` գրված ալտի եւ դաշնամուրի համար: Ասում են` աշուղը սիրո կրակներում անվերջանալի այրվող մի էակ է, հենց այստեղից էլ ծնվել է ստեղծագործության անվանումը` Fuming Flames: Նշանակում է ծխացող կրակներ, որը, կարծում եմ, բնորոշ է երաժշտությանը: Ալտ գործիքը դիտել եմ ե՛ւ որպես քամանչա, ե՛ւ որպես ձայն (աշուղական երգեցողություն): Դաշնամուրն իր վրա է վերցնում մնացած բոլոր ձայները, որոնց միջոցով փորձել եմ վերարտադրել սազի, թառի, ինչպես նաեւ հարվածային եւ կսմիթային այլ գործիքների հնչողությունը: Ժամանակակից երաժշտությունից ելնող տեխնիկական միջոցներն այս ստեղծագործության մեջ բխում են Սայաթ-Նովայի երաժշտությունից: Իսկ երկի վերջում կա նաեւ մեջբերում աշուղի «Դուն էն գլխեն իմաստուն իս» երգից մի փոքր ու անճանաչելի հատված: Հուսով եմ, որ ստեղծագործությունը շուտով կկատարվի նաեւ Հայաստանում:

- Լինելով այդ երկու համերգներին` կասե՞ս, թե հայ երաժշտությունն առհասարակ ինչպես ընդունվեց իտալական ունկնդրի կողմից:

- Հետաքրքրությունը շատ մեծ էր: Այդ մասին է վկայում այն փաստը, որ փառատոնի այդ երկու օրերը նվիրված էին հենց հայ երաժշտությանը, կոնկրետ Սայաթ-Նովայի 300-ամյակին: Ունկնդիրը բավականին նրբազգաց էր, եւ դահլիճը հատկապես երկրորդ համերգի ժամանակ առավել լեցուն էր:

- Մասնակցել ես տարբեր միջազգային մրցույթների, ի՞նչ նմանություն եւ տարբերություն կա` կապված այս մրցույթի հետ:

- Կոմպոզիտորների մրցույթն ընդհանրապես շատ սուբյեկտիվ երեւույթ է, որովհետեւ տվյալ կոմպոզիտորը, որը հանձնախմբի անդամ է, կարող է ընդունել, կամ չընդունել այս երաժշտությունը. կարեւոր է նաեւ, թե ով է հանձնախմբի նախագահը: Արդյունքում մասնակցում են որոշ կատեգորիայի կոմպոզիտորներ: Կան մրցույթներ, որոնք ունեն կոնկրետ ծրագիր: Այս մրցույթը տարբերվում էր նրանով, որ ներկայացվող ստեղծագործությունը պարտադիր չէր, որ նոր գրված լիներ: Կոմպոզիտորը կարող էր ներկայացնել որեւէ ստեղծագործություն, դրանից հետո, հաղթելու դեպքում միայն պետք է գրվեր նոր երկ, որն էլ կկատարվեր համերգի ժամանակ:

- Եվ վերջում` ի՞նչ տվեց քեզ այս մրցույթը:

- Շատ բան տվեց: Կոմպոզիտորի համար շփվել երաժիշտ-կատարողների հետ եւ ունենալ պրակտիկա, շատ կարեւոր է: Մեծ պատասխանատվություն էր` գնալ ուրիշ երկիր եւ փորձ անել այնտեղ, որտեղ քո ստեղծագործությունն է կատարվելու, որպես հայ կոմպոզիտոր: Ինձ համար անչափ կարեւոր էր նաեւ այն, որ ես կարողացա մեկ փորձի ընթացքում կայացնել ստեղծագործությունս, այսինքն` իմ պարտականություններն այս առումով, կարելի է ասել, ամբողջությամբ կատարել եմ: Նման մրցույթներն ընդհանրապես երիտասարդ եւ սկսնակ կոմպոզիտորների համար են: Դա այն դաշտն է, որտեղ երիտասարդ կոմպոզիտորը պետք է զարգանա: Դրան մեծապես նպաստում են տարբեր երաժիշտների հետ շփումները, որոնց շնորհիվ մարդկանց ես ճանաչում, մարդիկ քեզ են ճանաչում: Արդյունքում շատ կարեւոր փորձ ես ձեռք բերում: Բացի դրանից սկսեցի ուսումնասիրել աշուղական երաժշտությունը, մտնել դրա մեջ եւ հասկացա, որ այն հայ երաժշտության ամենահետաքրքիր էջերից է: Կարծում եմ, որ աշուղական եւ ընդհանրապես Սայաթ-Նովայի արվեստը իր նստվածքը թողեց իմ մեջ եւ ինձ թվում է` դա շատ մեծ դեր կկատարի իմ հետագա ստեղծագործական աշխատանքի ընթացքում:

Հարցազրույցը վարեցՙ ԱՐՄԻՆԵ ԱԹՈՅԱՆԸ, երաժշտագետ, կոմպոզիտոր


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4