«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#209, 2012-11-23 | #210, 2012-11-24 | #211, 2012-11-27


ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է «ՏԱՐՎԱ ՄԱՐԴ» ՄՐՑԱՆԱԿԻՆ

Աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկըՙ շախմատային օլիմպիադաների եռակի չեմպիոն, մի շարք խոշոր մրցաշարերի հաղթող Լեւոն Արոնյանն արժանացել է «Դե ֆակտո» ամսագրի «Տարվա մարդ» մրցանակին: «Peoplemeter» մամուլի ակումբում մրցանակը Լեւոն Արոնյանին է հանձնել ամսագրի գլխավոր խմբագիր Մենուա Հարությունյանը: Հիշեցնենք, որ անցյալ տարի նմանատիպ մրցանակի էր արժանացել ՀՀ հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

«Հպարտ եմ, որ նման հայրենակից ունեմ: Նա համեստության եւ զսպվածության օրինակ է: Լեւոնն այս տարի բազմաթիվ փայլուն հաղթանակներ է տոնել եւ արժանի է «Տարվա մարդ» մրցանակին», նշեց Մենուա Հարությունյանը :

Ստանալով մրցանակը, Արոնյանը նշեց, որ իր համար սովորական է դարձել մրցաշարերում հաղթելուց հետո տարբեր մրցանակների արժանանալը, իսկ «Տարվա մարդ» մրցանակաբաշխությունում հաղթելը պարտավորեցնող է. «Ինձ շատ պարտավորված եմ զգում այս մրցանակին արժանանալով: Սա նշանակում է, որ տարվա ընթացքում լավ եմ կատարել իմ աշխատանքը, իսկ մեր ժողովուրդը սիրում է շախմատը: Հուսով եմ, որ կկարողանամ մինչեւ տարեվերջ շարունակել հաջող մրցելույթներս ու արդարացնել բոլորի սպասելիքները»:

Շախմատասերներին տեղեկացնենք, որ մինչեւ տարեվերջ Լեւոն Արոնյանը հանդես կգա Լոնդոնի եւ Չինաստանի մրցաշարերում: Լոնդոնի մրցաշարը մեկնարկելու է դեկտեմբերի 1-ին: Առաջին տուրում Արոնյանը մրցելու է ճապոնացի գրոսմայստեր Հիկարու Նակամուրայի հետ: Արոնյանը նշեց, որ Հիկարուի հետ բազմաթիվ պարտիաներ է անցկացրել: Նրանց միջեւ կայացած վերջին պարտիայում հաջողության է հասել Արոնյանը, իսկ մինչ այդ պարտվողի դերում է եղել: Լեւոնը նշեց, որ կփորձի նույն մարտավարությունը կիրառել Նակամուրայի հետ մրցավեճում ու կրկին հաղթել: Չէ՞ որ հաջող մեկնարկը միշտ էլ կարեւոր ու ոգեւորիչ է: Լոնդոնում Արոնյանն իրեն գլխավոր մրցակից է համարում Մագնուս Կառլսենին: Նա հավաստիացրեց, որ ինչպես միշտ, կպայքարի մրցանակային տեղերի համար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4