Խանտի Մանսիյսկում ավարտին է մոտենում շախմատի աշխարհի կանանց առաջնությունը: Արդեն հայտնի են այն 2 երջանիկ շախմատիստուհիները, որոնք 4 պարտիայից բաղկացած մրցախաղում կվիճարկեն աշխարհի չեմպիոնուհու տիտղոսը: Շախմատային թագին հավակնում են բուլղարուհի Անտուանետա Ստեֆանովան եւ ուկրաինուհի Աննա Ուշենինան: Ստեֆանովան 1,5-0,5 հաշվով պարտության մատնեց հնդիկ շախմատիստուհի Հարիկա Դրոնավալիին: Ուշենինային չինացի Ցզյույ Վենցզյանի նկատմամբ առավելության հասնելու համար պահանջվեց լրացուցիչ մրցախաղ: Դասական շախմատի 2 պարտիաներում հաշիվը հավասար էր: Լրացուցիչ մրցախաղից հետո Ուշենինան մրցակցուհուն հաղթեց 2,5-1,5 հաշվով:
Կիսաեզրափակիչում պարտված շախմատիստուհիները պարգեւատրվեցին բրոնզե մեդալներով: Իսկ Ուշենինան եւ Ստեֆանովան այսօր կանցկացնեն եզրափակիչի 1-ին պարտիան: