Նախորդ օրը մինչ «Փեթրիոթ» հակահրթիռային համակարգերի տեղակայման վայրը ճշտելու առաջադրանքով Թուրքիա ժամանած ՆԱՏՕ-ի պատվիրակությունը Անկարայից ուղեւորվում էր Մալաթիա, իր խմբակցության առջեւ Մեջլիսում ելույթ ունեցավ Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն:
Թուրքական հանրային հեռուստատեսությամբ նա ասաց. «Մալաթիայում տեղակայված ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգը Թուրքիա էր բերվել Իսրայելին Իրանի հնարավոր հարձակումից պահպանելու համար: «Փեթրիոթներն» էլ պաշտպանելու են այս համակարգը, այսինքնՙ նույնպես Իսրայելին»: Նա միաժամանակ քննադատեց Էրդողանի կառավարությանը, Թուրքիայի հարաբերությունները հարեւան երկրների հետ թշնամական դարձնելու համար, ընդ որումՙ արեւմտյան տերությունների հորդորներով:
2012-ի փետրվարին, երբ Մալաթիայում տեղակայվում էր ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգը, Թեհրանը հայտարարեց. «Իրանի դեմ որեւէ հարձակման դեպքում առաջինը հարվածելու ենք հենց Թուրքիային»: «Փեթրիոթների» առնչությամբ մոտավորապես նույն հայտարարությունն արվեց Թեհրանումՙ նախազգուշացնելով Թուրքիային, թե այս համակարգերի տեղակայումը սիրիական սահմանին, համազոր է Սիրիայի դեմ պատերազմ հայտարարելուն:
Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքին նոյեմբերի 23-ին երկրում քաղաքացիական պատերազմ հրահրելու համար արդեն դատապարտել էր Թուրքիայի վարչապետ Էրդողանին եւ մատնանշել. «Իրաքի կառավարությունը թույլ չի տալու նավթային պատերազմի բռնկմանը տարածաշրջանում, ինչի մասին Էրդողանն է կանխագուշակում»: Ինչ վերաբերում է Սիրիային, ապա նա ի սկզբանե սպառնում էր Թուրքիային, թե չի խուսափի վերջինիս դեմ քիմիական զենքի օգտագործումից:
«Փեթրիոթ» հակահրթիռային համակարգի տեղակայմանը բուռն հակազդեցությամբ արձագանքում են Ռուսաստանը, նրա օրինակին է հետեւում նաեւ Չինաստանը: Այդ ընթացքում գազամուղի վրա ձեռնարկված ահաբեկչական հարձակման պատրվակով Իրանը դադարեցնում է Թուրքիային տրամադրվող բնական գազի հոսքը:
Այլ կերպ, Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահը վարչապետ Էրդողանին քննադատելու հիմքեր ունի: Խնդիրը, սակայն, սոսկ «Փեթրիոթների» տեղակայումը չէ, այլեւ Թուրքիայում արտադրված եւ սիրիական ընդդիմությանը հատկացված 2,5 մլն փամփուշտը: Ընդ որումՙ այս փամփուշտները «Կալաշնիկովի» են: Ինչո՞ւ: Այն պարզ պատճառով, որ «Ազատ Սիրիայի բանակի» վարձկանների կատարած դաժան սպանություններն ակամա վերագրվեն նախագահ Բաշար Ասադի կառավարական զորքերին: Ավելին, այս փամփուշտներն արտադրելու համար Թուրքիան Ռումինիայից 1 մլն «Կալաշնիկովի» պարկուճ է գնել:
Այս ամենի մասին նոյեմբերի 22-ին տեղակացրել էր Odatv.com կայքէջը, միաժամանակ նշելով, որ փամփուշտների առնչությամբ Թուրքիայի Ազգային մեծ ժողովում հարցապնդում է արել Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր Ալի Իհսան Քորութուրքը, ակնկալելով վարչապետ Էրդողանի պատասխանը:
Հ. Չ.