Միավորված ազգերի կազմակերպության «Ազգային կամ էթնիկ, կրոնական եւ լեզվական փոքրամասնությունների իրավունքների մասին» հռչակագրի 20-ամյակի առթիվ Ժնեւում գումարված նստաշրջանին ներկա է գտնվել ադրբեջանական պատվիրակությունը` Իլհամ Ալիեւի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի վարիչ Ալի Հասանովի գլխավորությամբ: Ադրբեջանցի պաշտոնյան, իհարկե, առիթը բաց չի թողել իր երկիրը ներկայացնելու որպես «մուլտիկուլտուրիզմի օրինակ, որտեղ պետական մակարդակով հարգվում են էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունների իրավունքները»:
Պաշտոնական Բաքվի եւս մեկ ներկայացուցիչ` Էլնուր Ասլանովը, որ իլհամալիեւյան աշխատակազմում զբաղվում է քարոզչության եւ տեղեկատվական ապահովության հարցերով, վերջերս հնչեցրել էր Ադրբեջանում բնակվող ազգությամբ հայերի 30 000 թիվը: Խոսքը վերաբերում է Բաքվում բնակվող ազգությամբ հայ կանանց, որոնք ժամանակին ամուսնացել են ադրբեջանցիների հետ: Թե որքանո՞վ են «պաշտպանված» նրանց իրավունքները, կարելի է դատել ադրբեջանական մամուլի մի հրապարակման խորագրով` «Ադրբեջանում սկսվել է ազգությամբ հայերին անձը հաստատող փաստաթղթի տրամադրումը»:
Ի՞նչ է նշանակում այս ձեւակերպումը: Միայն մի բան` առ այս պահը Բաքվում բնակվող ազգությամբ հայ կանայք, լինելով ադրբեջանական ընտանիքի կին, մայր, տատիկ, զրկված են անձը հաստատող փաստաթուղթ, այն է` անձնագիր ունենալու իրավունքից: Իսկ սկսվել է նրանց անձնագիր տրամադրելու գործընթաց, թե ասվածը զուտ քարոզչություն է, այդ մասին հնարավոր է դատել «Ժաննա Խուրշուդյանն ընդդեմ Ադրբեջանի ՆԳՆ անձնագրերի եւ վիզաների վարչության» դատական գործով:
Ադրբեջանական կողմն այն ներկայացրել է որպես «հանդուրժողականության օրինակ»: Մինչդեռ խոսքն այն մասին է, որ Բաքվում ծնված, ադրբեջանցու հետ ամուսնացած «Ժաննա Խուրշուդյանը», որի մայրը ներկայումս ՌԴ քաղաքացի է, դիմել է դատարան` պահանջելով իրեն տրամադրել անձնագիր: Հայցվորի անունը մենք չակերտների մեջ առանք, քանի որ չի բացառված, որ պաշտոնական Բաքուն պարզապես «օրինական երկիր լինելու» ներկայացում է բեմադրել: Իշխանությունների համար խնդիր չէ վարձահրավիրել մեկին, որ դատարանում հանդես գա իբրեւ «Ժաննա Խուրշուդյան»:
Ըստ մամուլի, դատարանը ՆԳՆ անձնագրերի եւ վիզաների վարչությանը «պարտավորեցրել է տրամադրել Ժաննա Խուրշուդյանին Ադրբեջանի քաղաքացու անձնագիր»: Հարցին, թե ո՞րն է լինելու անձնագիր ստանալուց հետո առաջին քայլը, «Ժաննա Խուրշուդյանը» պատասխանել է` «մեկնել ՌԴ եւ հանդիպել մորս»: Սա, ըստ էության, նշանակում է, որ «Ժաննա Խուրշուդյանին» Ադրբեջանի քաղաքացու անձնագիր պետք է, որպեսզի ՌԴ մեկնելու, այսինքն` փաստացի բնակության երկրից հեռանալու, հնարավորություն ունենա:
Էլնուր Ասլանովի հիշատակած 30 000 հայից յուրաքանչյուրը պետք է առանձին հայցով դիմի՞ դատարան, որպեսզի Ադրբեջանի քաղաքացու անձնագիր ստանա` Ժնեւի խորհրդաժողովում այս հարցով ոչ ոք Իլհամ Ալիեւի ներկայացուցիչ Ալի Հասանովին, ամենայն հավանականությամբ, չի դիմել: Քանի որ այնտեղ ոչ ոք երեւի չգիտի «Ժաննա Խուրշուդյանի» գործի մասին: Եվրոպացիները բավարարվում են պաշտոնական Բաքվի «հավաստիացումներով»:
Մինչդեռ իրականությունն այն է, որ առնվազը 30 000 մարդ Ադրբեջանում ազգային պատկանելության, այն է` հայ լինելու, հանգամանքով զրկված է քաղաքացիությունից, չի մասնակցում ընտրությունների, չի կարող իրավա-քաղաքացիական հարաբերությունների մեջ մտնել: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ նրանք կատարյալ իրավազուրկ են:
Ահա այս խայտառակությունը պետք է դառնար ՄԱԿ-ի Հռչակագրի 20-ամյակին նվիրված խորհրդաժողովի քննարկման թեմա, այն, որ 21-րդ դարում ՄԱԿ-ի անդամ պետությունում 30 000 կին ապրում է որպես... ստրկուհի: Կամ` հարճ: Մնացածը, ինչ որ Ալի Հասանովն է ասել Ադրբեջանում հրեական սինագոգների, կաթոլիկ եւ ուղղափառ եկեղեցիների «ազատ գործունեության» մասին, ընդամենը «արեւելյան խանութի ցուցափեղկի եվրոպական աքսեսուարներ» են: Մանավանդ եթե ընդհանրացնենք, որ Իլհամ Ալիեւը, Ադրբեջանի կրոնական փոքրամասնություններին շնորհավորելիս մշտապես «մոռանում է» Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներին:
Ցուցափեղկային «մուլտիկուլտուրիզմի» քողի տակ Ադրբեջանում ծաղկում է մոնոէթնիկ ագրեսիան: 1news.az-ի գլխավոր խմբագիրը, որ «իլհամպրոպ»-ի կարկառուն դեմքերից է, օրերս «ադրբեջանական ֆենոմենը» բնութագրել էր այսպես` «նախ` ադրբեջանիզմ, ապա` էթնո-կուլտուրական եւ կրոնական պատկանելություն»: Մի փոքր ձեւափոխելով ռուս դասականի միտքը, կարող ենք ամփոփել, որ Բաքվում իշխող վարչախումբը մուլտիկուլտուրիզմի եւ էթնիկ ու կրոնական «հանդուրժողականության» իր պատկերացումն ունի. «Ազգային կամ կրոնական փոքրամասնություն ինքնագիտակցվել դու պարտավոր չես, բայց պարտավոր ես ինքնագիտակցվել որպես ադրբեջանցի»: Իսկ դա ռասիզմ է:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ