«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#211, 2012-11-27 | #212, 2012-11-28 | #213, 2012-11-29


ՄԱՏՆԱՑՈՒՅՑ ԵՆ ԱՐՎՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐԸ, ԵԿԵՂԵՑԻՆԵՐՆ ՈՒ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԸ, ՈՐ ԴԱՌՆԱՆ ԽՈՒԺԱՆԻ ԹԻՐԱԽ

Հայատյացությունը անասնական բնազդ է դարձել մարդասպան թուրք հրոսակի համար: Զանազան են բնազդի դրսեւորման ձեւերը, հատկապես այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է «Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի» միության նախագահ Գոքսել Գյուլբեյին: 21-րդ դարում բռնությունը պաշտող, մարդասպանով հիացող այս մարդակերպ արարածը նոյեմբերի 24, 25, 26-ին Twitter-ի իր էջում տեղադրել է Թուրքիայում գործող հայկական բոլոր վարժարանների, եկեղեցիների եւ հիմնադրամների ինտերնետային հասցեներն ու հեռախոսահամարները:

Նշելով այդ մասինՙ նոյեմբերի 27-ի համարում «Ռադիկալ» թերթը գրում է, որ մինչ այդ «Ստամբուլի հայոց պատրիարքարանին առընթեր եկեղեցիներ եւ հիմնադրամներ» վերնագրով այս կառույցների մասին տեղեկությունները ինտերնետում հրապարակող Գյուլբեյը, դրանից առաջ էլ բողոքի նամակ էր ուղարկել ներքին գործերի նախարարին, թե ի՞նչ գործ ունի ներկայումս գործող 57 հայկական հիմնադրամը Թուրքիայում:

Ավելին, Գյուլբեյ կոչեցյալ այս թուրք տականքը «Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի» միության մյուս տականքների հետ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի ցուցապաստառների ֆոնին, ինչպես «Ռադիկալն» է նշում, «կախաղան» էր բարձրացրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի տիկնիկը:

Ինչո՞վ պայմանավորել Twitter-ի իր էջում Թուրքիայում գործող հայկական վարժարանների, եկեղեցիների, հիմնադրամների հասցեն հրապարակելու Գյուլբեյի արարքը: Հարցի պատասխանը միանշանակ էՙ մատնացույց անելու նկրտումով: Ինչո՞ւ, որպեսզի հարձակման թիրախ դարձնի բռնությունը պաշտող մարդասպանին փառաբանող մյուս թուրք հրոսակների համար:

Հատկանշական է, որ այն պահին, երբ Գյուլբեյը մատնացույց էր անում հայկական վարժարանները, եկեղեցիներն ու հիմնադրամները, թուրքական կառավարությունն էլ մատնացույց արեց Ստամբուլում հայկական վարժարան հաճախող հայ աշակերտներին: Ինչպե՞սՙ դպրոցներում ազատ հագուկապի մասին ընդունած օրենքով, որը չի տարածվում հայկական վարժարանների աշակերտների վրա միայն: Այսինքնՙ այսուհետեւ դպրոցական համազգեստ կրելու են բացառապես հայկական վարժարանների աշակերտները, որ նշմարելի դառնան նաեւ թուրք խուժանի համար:

Խուժանությունը թուրք տականքի էությունն է, այլապես այս տականքը նույնիսկ 21-րդ դարում չէր շարունակի պաշտել բռնությունը կամ հիանար ստոր մարդասպանով: Խնդիրը, սակայն, սոսկ թուրք խուժանը չէ, այլեւ Գյուլբեյի գլխավորած «Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի» միության ադրբեջանական ֆինանսավորումը:

Այլ կերպ, այդքան էլ արդարացի չէ Գյուլբեյին մեղադրելը: Օրինակ, ինչո՞ւ Էրդողանի կառավարությունը Ադրբեջանից ստացած գումարներով Խոջալուի «կոտորածի» այսպես կոչված ոգեկոչման հանրահավաք կազմակերպի Ստամբուլում, ավելին, ուղարկի իր ներքին գործերի նախարարին, որ ելույթ ունենա «Բոլորդ հայ եք, բոլորդ վիժվածք» մակագրությամբ ցուցապաստառներ կրող 100-հազարանոց ոհմակի առջեւ, սպառնալու համար հայերի հետ նաեւ Հայաստանին, իսկ ադրբեջանական ֆինանսավորում ունեցող Գյուլբեյ կոչեցյալ տականքը Թուրքիայում թիրախ չդարձնի՞ հայկական վարժարանները, եկեղեցիներն ու հիմնադրամները:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4