«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#211, 2012-11-27 | #212, 2012-11-28 | #213, 2012-11-29


ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ` ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՆԹԻ ԵՎ ԱՆԿԱԶՄԱԿԵՐՊ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Արդեն մեկ ամսից ավելի սարսափելի հերթեր են ոստիկանության անձնագրային բաժանմունքներում

Կառավարության ինչ-որ որոշում ընդունելիս, գոնե վերջին 5 տարվա ընթացքում այդ որոշումը մինչ նիստի օրակարգում ընդգրկվելը, քննարկվում է նախարարական կոմիտեներում, բոլոր շահագրգիռ կառույցների ղեկավարների մասնակցությամբ: Էլեկտրոնային ստորագրության, նույնականացման քարտերի անհրաժեշտության, թողարկման եւ տրամադրման ժամկետների եւ այլ հարցերը ենթադրաբար նույնպես նախապես քննարկվել են նախարարական կոմիտեում: Այնուհետեւ կառավարությունն էլ որոշել էր, որ տնտեսվարող կազմակերպություններ ներկայացնող այն անձանց, որոնք կհասցնեն դիմել պետեկամուտների կոմիտե մինչեւ նոյեմբերի 30-ը էլեկտրոնային ստորագրություն ստանալու համար, պետությունը կփոխհատուցի 3000 դրամ տարեկան սպասարկման գումարը: Այս մասին խոսեցին ֆինանսների, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարները, պետեկամուտների կոմիտեի տեղակալն ու փոխոստիկանապետը, գովազդեցին կառավարության այս որոշումը որպես գործարարներին ընդառաջ քայլ, մենք էլ գրեցինք այդ մասին, բայց ...

Այն, ինչ կատարվում է այժմ անձնագրերին փոխարինող նույնականացման (ID) քարտերի ստացման համար ոստիկանության անձնագրային բաժանմունքներում, մեղմ ասած, գործարարներին ընդառաջ քայլ չես անվանի: Հերթական անգամ, ինչպես սովորաբար լինում է նմանատիպ միջոցառումների ժամանակ, հսկայական հերթեր են գոյացել, որտեղ մարդիկ, առանց չափազանցության, սպասում են ժամերով, ցուցակներ են կազմում, ինչպես 90-ականներին հացի հերթերի ժամանակ, դժգոհում ու բողոքում իշխանություններից, ոստիկանության աշխատակիցներից եւ այն ամենից, ինչ կապ ունի այս գործընթացի հետ:

Կանխելու համար ոստիկանության կամ այլ կառույցի չինովնիկներին բնորոշ արդարացումը, թե բոլորը վերջին պահին են դիմում, դրա համար են հերթեր լինում, ասեմ, որ դա բացարձակապես այդպես չէ: Նույն հերթերին ականատես ենք եղել նույնականացման քարտը տրամադրելու եւ դրան հաջորդող էլեկտրոնային ստորագրություն ստանալու գործընթացը սկսելու հենց առաջին ամսին` հոկտեմբերին: Պետական համակարգի այս հերթական փնթի եւ մարդկանց արդարացի դժգոհությունն առաջացնող աշխատանքը սրանով, սակայն, չի ավարտվում:

Բավական չէ, ոչ նույնականացման քարտերը պատրաստվում են անհասկանալի երկար` մոտ 25 օր ժամկետում, դեռ այդ ժամկետում էլ պատրաստ չեն լինում: Եթե դիմել ես քարտ ստանալու համար, օրինակ` հոկտեմբերի 31-ին, եւ եւ քեզ տրված թերթիկում նշված է, որ պետք է ստանաս նոյեմբերի 23-ին, բայց ներկայանալով ոստիկանության անձնագրային բաժանմունք, դարձյալ հերթ կանգնելով եւ ժամանակ ու նյարդեր վատնելով, ի վերջո քեզ ասում են, որ ձեր քարտը դեռ պատրաստ չէ: Նույնը նոյեմբերի 26-ին, 27-ին եւ այսպես` մինչեւ օրերից մի օր գուցե եւ քարտը պատրաստ լինի: Իսկ թե ինչքա՞ն ժամանակ է կորցնում քաղաքացին քարտը ստանալու համար, քանի՞ անգամ է նա գնում ու գալիս, դա այս գործընթացի համար պատասխանատու ոստիկանության ղեկավարներին եւ մասնավորապես գլխավոր «բարեփոխիչ» Արթուր Օսիկյանին երեւի չի հուզում: Մարդիկ, ի վերջո, զզվում են այս ամենից, եւ նրանք այլեւս թքած ունեն պետության փոխհատուցած 3 հազար դրամի վրա` քանի որ մեկ ամիս առաջ դիմելով այս փոխհատուցումից օգտվելու համար, նրանք գործնականում այլեւս չեն հասցնում դա անել, եւ որ առավել կարեւոր է, այդ կառավարության լավ նպատակ հետապնդող այդ քայլը նրանց աչքին ուղղակի արժեզրկվում եւ վարկաբեկվում է: Միակ ցանկությունը մնում է ստանալ քարտը եւ էլեկտրոնային ստորագրության համար գնալ պետեկամուտների կոմիտեի ստորաբաժանում, որտեղ նրանց սպասելու են նույն հերթերն ու նույն ստորացումներն ու ժամանակի կորուստը:

Հիմա հարցեր են ծագում, որոնց պատասխանները ակնկալում ենք ստանալ կառավարությունից: Ինչպե՞ս է պատահում, որ սկսելով ինչ-որ մի գործընթաց, սովորաբար դրա իրականացման նախապես սահմանված ժամկետները չեն պահպանվում: Վարչապետը պատասխան չի՞ պահանջում այն կառույցի ղեկավարից, որը կառավարությունում զեկուցել է, թե տվյալ հարցը ինչպես եւ ինչ ժամկետներում է լինելու: Կամ ինչո՞ւ երբեք նախապես քայլեր չեն անում, որ բնակչության որոշակի հատված ընդգրկող նման միջոցառումների ժամանակ այնպես կազմակերպվի աշխատանքը, որ չլինեն նման սարսափելի հերթեր: Բնական է, որ հերթեր բացառելը նման դեպքերում հնարավոր չէ, բայց դրանք չպետք է ձգվեն մեկ կամ մի քանի ժամ: Տվյալ դեպքի առնչությամբ տպավորություն է ստեղծվում, թե ոստիկանությունն ու պետեկամուտների կոմիտեն միմյանցից անտեղյակ են, քանի որ առաջինն այնպես պետք է աներ, որ մարդը գործընթացի վերջնաժամկետից` նոյեմբերի 30-ից մեկ ամիս առաջ իրեն դիմելուց հետո, առնվազն ժամանակ ունենար երկրորդին դիմելու համար: Ու նորից մնում է անլուծելի հարցը, թե ո՞վ եւ ո՞ր հատվածում է սխալ աշխատում, ինչի պատճառով է ամեն ինչ արվում նույն վատթար ձեւով, ինչպես նախկինում: Ժամանակին վարչապետը խոսում էր այն մասին, որ բնակչությանը մատուցվող պետական ծառայությունները պետք է հասնեն մասնավորի կողմից մատուցվող ծառայությունների մակարդակին: Համեմատենք` նույնականացման քարտը ոստիկանությունը տրամադրում է գրեթե մեկ ամսում, իսկ բանկը պլաստիկ քարտը` մեկ-երկու օրում: Եզրակացություն` պետական ծառայություների որակը դեռ անգամներով հեռու է մասնավորից:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4