«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#211, 2012-11-27 | #212, 2012-11-28 | #213, 2012-11-29


ՀԱՅ ՔԱՀԱՆԱՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ

«Հայկական հացը» ֆիլմի ոդիսականը

«Հայկական հացը» ֆիլմն արգելվել է ցուցադրել Պետերբուրգի քրիստոնեական ֆիլմերի «Невский Благвесть» կինոփառատոնում: Ֆիլմի ռեժիսոր Արման Գասպարյանի ներկայացմամբՙ նկարահանմանն աջակցել է մոսկվաբնակ բարերար Վարդգես Արծրունին:

«Հայկական հացը» եկեղեցաշինության, հայոց լեզվի եւ հայ ինքնության պահպանման հարցերին է նվիրված:

«Ֆիլմի գլխավոր հերոսուհին Արուսյակ տատիկն է, որը եղել է Մուշի սուրբ Կարապետ վանքի քահանայի աղջիկներից մեկը: Ֆիլմն այն քարի ճանապարհորդության մասին է, որը Հայաստանից Վրաստանով հասցվում է Մոսկվաՙ եկեղեցի կառուցելու համար: Քարն այստեղ խորհրդանշում է հացը», ասում է ռեժիսորըՙ հավելելով, որ նկարահանումներն իրականացվել են Սուրբ Հռիփսիմե, Մայր աթոռ Սուրբ Էջմիածին եկեղեցիներում եւ Օշականում:

Պետերբուրգի Սբ Կատարինե եկեղեցու հոգեւոր հովիվ Սարգիս քահանա Չոփուրյանը դիմել է պետերբուրգյան փառատոնի կազմակերպիչներն, եւ ֆիլմը չի մասնակցել փառատոնին: Ռեժիսորին նամակ է եկել, որ փառատոնի ժյուրիի կազմում է Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ հայր Սարգիսը, ու նա դժգոհություն է հայտնել ֆիլմի վերաբերյալ:

«Պատճառը միջանձնային հարաբերություններն էին, որի հետեւանքով ֆիլմը չցուցադրվեց փառատոնում», ասում է Գասպարյանըՙ հավելելով, որ ֆիլմի համար շքանշան է ստացել Համայն ռուսիո պատրիարք Կիրիլից:

Այժմ ֆիլմը հրավեր է ստացել մասնակցելու Իտալիայի էթնիկ ֆիլմերի փառատոնին: Քանի որ ֆիլմը չի մասնակցել Պետերբուրգի կինոփառատոնին, ռեժիսորը դիմել է մշակույթի նախարարությանը, որպեսզի այդ միջոցները տրամադրվեն Իտալիայի փառատոնին մասնակցելու համար: Սակայն մշակույթի նախարարությունից պարզաբանում են պահանջում, թե ինչու ֆիլմը պետերբուրգյան կինոփառատոնին չի մասնակցել, իսկ Մայր աթոռն այդ պարզաբանումը չի տալիս, ինչն էլ խոչընդոտում է Իտալիա մեկնելուն:

Սա միակ դեպքը չէ, երբ «Հայկական հացի» ցուցադրությունը խոչընդոտվում է: «Կուլտուրա» հեռուստաալիքը որոշել էր ֆիլմը ցուցադրել, սակայն Ադրբեջանի դեսպանատունը բողոքել էրՙ նշելով, որ ֆիլմում Արցախի համար աղոթք է հնչում, ցուցադրվում է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Հեռուստաալքի աշխատակիցներն առաջարկել են կրճատել այդ հատվածը, սակայն մենք չհամաձայնեցինք», ասում է ռեժիսորըՙ հավելելով, որ չի ցանկանում հավասարության նշան դնել հայ քահանայի եւ ադրբեջանցի դիվանագետի վարաքգծերի միջեւ:

Հիշեցնենք, որ «Հայկական հացը» մասնակցել է միջազգային 2 կինոփառատոնի եւ արժանացել 3 մրցանակի: Նախորդ տարի ֆիլմը մասնակցել է Բելառուսում կայացած Քրիստոնեական վավերագրական եւ հեռուստատեսային ծրագրերի «Մագնիֆիկատ» 7-րդ միջազգային կինոփառատոնին եւ արժանացել ժյուրիի մրցանակինՙ «Ազգային պատմության ցավոտ խնդիրների բացահայտման պրոֆեսիոնալիզմի համար»: Բելառուսահունական կաթոլիկ եկեղեցու առաքելական առաջնորդարանի հատուկ մրցանակինՙ «Եղեռնի ժամանակ հայ քրիստոնյաների արիասիրտ հավատքի մասին խոր կինովկայության համար», իսկ Մոսկվայում կայացած «Лучезарный ангел» միջազգային 8-րդ բարեգործական կինոփառատոնում ֆիլմն ընդգրկվել է կինոյի եւ հեռուստածրագրերի «Радонеж» միջազգային փառատոնի մրցութային ծրագրում եւ արժանացել «Լավագույն օպերատորական աշխատանք» մրցանակին:

«Ազգի» հետ հեռախոսազրույցում Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանն ասաց, որ իրենք արդեն պատասխանել են ռեժիսորի նամակին: «Մայր աթոռը որեւէ առնչություն չունի ֆիլմի հետ: Ռեժիսորը պայմանավորվածություն ուներ ռուսաստանյան թեմի հետ, հետեւաբար պետք է դիմի ռուսաստանյան թեմին: Մեր դիտարկմանը, թե թեմը պատկանում է Մայր աթոռին, տեր Վահրամն ասաց, որ հարցը վերաբերում է թեմին, եւ Մայր աթոռն այլ մեկնաբանություն չունի:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4