«Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթը համալրել է իր աշխատակիցների կազմը Գաբրիելա Գեյջին նշանակելով խմբագրի օգնական: Այս մասին տեղեկացնում է թերթի նոյեմբերի 10-ի համարը:
«Գեյջը նոր հեռանկարներ է բացում մեր առաջ: Նա երիտասարդ է, ուշիմ եւ եռանդուն: Նա նաեւ պատրաստ է սովորելու: Ես սիրով աշխատելու եմ նրա հետ», ասել է այդ առթիվ թերթի գլխավոր խմբագիր Ալին Գրիգորյանը :
Բնիկ սոմերվիլցի (Մասաչուսեթս) Գեյջը հաճախել է նախ Հարվարդ համալսարանը (բակալավրի աստիճան) եւ ապա Մոնրեալի Մքգիլ համալսարանը, որտեղից ստացել է իր մագիստրոսի աստիճանը: Որպես ուսումնասիրող-խորհրդատու աշխատել է մի շարք գիտնականների եւ գրողների հետ: Աշխատակցում է «Սոմերվիլ Սքաուտ» պարբերականին: Հետաքրքրված է հայոց պատմությամբ եւ հայկական մշակույթով:
Հաջողություն մաղթենք մեր գործընկեր «Միրորի» խմբագրական կազմի նոր աշխատակցուհուն: Բարի երթ եւ բեղմնավոր գրիչ:
Հ. Ծ.