«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#211, 2012-11-27 | #212, 2012-11-28 | #213, 2012-11-29


ՖԼՈՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏԸ ԿԿԱԶՄԱԿԵՐՊՎԻ ՆԱԵՎ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ

Ժողովրդական երգի անուրանալի վարպետ Ֆլորա Մարտիրոսյանի հոգեհանգստյան արարողությունը կկազմակերպվի նաեւ Լոս Անջելեսում, եւ սփյուռքի ամենամեծ համայնքն այստեղ եւս սիրված արվեստագետին հրաժեշտ տալու հնարավորություն կստանա: Այս մասին «Ազգը» տեղեկացավ ՀՀ գլխավոր հյուպատոս Գ. Հովհաննիսյանից: Այն հարցին, թե հայ համայնքը եւ ՀՀ գլխավոր հյուպատոսությունը արդյոք մասնակից են հիվանդանոցի, դիակի տեղափոխման եւ հուղարկավորության ծախսերը հոգալու հարցերին, ինչ նախաձեռնվել է նաեւ Հայաստանում, Գրիգոր Հովհաննիսյանը պատասխանեց.

- Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն առաջին իսկ օրից կապի մեջ է Ֆլորա Մարտիրոսյանի հարազատների եւ մտերիմների հետ: Մենք նաեւ մշտական կապի մեջ ենք Երեւանում ստեղծված պետական հանձնաժողովի հետ, որը զբաղվում է երգչուհու հուղարկավորության հարցերով: ՀՀ կառավարությունն է հոգալու նաեւ դին Երեւան տեղափոխելու ծախսը: Արվելու է հնարավորը` ընտանիքի հոգսը թեթեւացնելու համար:

Այս պահին դեռեւս ԼԱ-ի գլխավոր դատական բժիշկը հետաքննություն է իրականացնում` մահվան ճշգրիտ պատճառը որոշելու համար, որից հետո հայտնի կլինի Երեւան տեղափոխելու ժամկետը:

Դատաբժշկի գրասենյակից մեզ տեղեկացրին, որ փորձաքննությունն ավարտելու համար անհրաժեշտ է առնվազն եւս երկու աշխատանքային օր: Ըստ ամենայնի, Ֆլորա Մարտիրոսյանի դին Հայաստան կտեղափոխվի հաջորդ շաբաթվա սկզբին:

ԴԻԱՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4