Երեկ կայացավ ֆուտբոլի Հայաստանի 2013-ի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումը Մարտունու «Ալաշկերտի» եւ Երեւանի «Բանանցի» միջեւ: Առաջին խաղում «Բանանցի» մարզադաշտում դարպասները մնացել էին անառիկ: Հաշիվը չբացվեց նաեւ «Նաիրի» մարզադաշտում կայացած մրցակիցների պատասխան խաղում:
Գավաթային մրցավեճը գոլային պահերով հարուստ չէր: Երկու թիմերն էլ ունեցան գոլ խփելու ընդամենը մի քանի պահեր, սակայն չօգտագործեցին: Լրացուցիչ ժամանակում էլ կողմերին չհաջողվեց գրավել դարպասը: Այնպես որ քառորդ եզրափակիչի ուղեգրի հարցը վճռվեց հետխաղյա 11 մ հարվածաշարով:
Առաջին հարվածը դիպուկ իրացրեց «Բանանցի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանը, որին «Ալաշկերտը» պատասխանեց Սերգեյ Էրզրումյանի գոլով: Իսկ ահա «Բանանցի» կիսապաշտպան Արտակ Դաշյանի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին ու դուրս եկավ դաշտի սահմաններից: Այդ վրիպումը ճակատագրական եղավ «Բանանցի» համար: Հետագայում 2 թիմերն էլ անվրեպ իրացրին 11 մ հարվածները: «Բանանցից» աչքի ընկան Նաիրի Մինասյանը, Սարգիս Կարապետյանը եւ Արարատ Առաքելյանը: Իսկ «Ալաշկերտից» դիպուկ հարվածներ կատարեցին Ցոլակ Բեգլարյանը, Արա Հովհաննիսյանը, Գարեգին Մաշումյանն ու Խորեն Մանուչարյանը:
Այսպիսով, «Ալաշկերտը» մտավ քառորդ եզրափակիչ, որտեղ հաջորդ տարի ուժերը կչափի «Գանձասարի» հետ: