«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#213, 2012-11-29 | #214, 2012-11-30 | #215, 2012-12-01


«ԵՂԱՆԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ» ԿԱՐԾԵՍ ԹԵ ԼԱՎ ԵՆ ԼՂՀ-ՈՒՄ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Տարածաշրջանային վերջին այցելությունը ԵԱՀԿ Մինսկի խումբը սկսեց Ստեփանակերտից, մինչդեռ նախքան այցելության մեկնարկը Մինսկի խումբը հայտարարություն էր տարածել, թե «համանախագահները կայցելեն Հայաստան ու Ադրբեջան, ու, եթե եղանակային պայմանները թույլ տան` նաեւ Լեռնային Ղարաբաղ»: Հետեւաբար, եթե Ստեփանակերտ այցելությունը պայմանավորվում է եղանակային պայմաններով, մինչդեռ հակամարտության կարգավորման համար համանախագահները այցելում են միայն Հայաստան ու Ադրբեջան, ուրեմն, Ստեփանակերտը որոշակիորեն ստորադասվում է որպես հակամարտության կողմ: Սակայն վերջին պահին, փաստորեն, որոշում կայացվեց, որ դեսպաններ Ֆորը (Ֆրանսիա), Պոպովը (Ռուսաստան) եւ Բրադկեն (ԱՄՆ) պետք է այցելությունը սկսեն հենց Ստեփանակերտից:

Այս հանգամանքը խիստ կարեւոր է հատկապես այն համապատկերում, որ Փարիզում հոկտեմբերի 27-ին կայացած Մինսկի խմբի համանախագահության եւ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների առանձին-առանձին հանդիպումներից հետո տարածվեց հայտարարություն, թե միջնորդները կողմերին ներկայացրել են «նոր առաջարկներ», որոնք կքննարկեն իրենց (միջնորդների)` մոտ ժամանակներս տարածաշրջան այցելելու ժամանակ: Ու ամենեւին էլ պատահական չէ, որ միջնորդները անտեսեցին «եղանակային պայմանները»ՙ այդ «նոր առաջարկները» առաջինը Ստեփանակերտի հետ քննարկելու համար:

Ի՞նչ կարող են լինել այդ «նոր առաջարկները», ընդ որում առաջարկներ, որոնց առկայությունը ադրբեջանական մեդիա դաշտը այդքան էլ մեծ հաճույքով չի հիշատակում:

Նախ, ելնելով այցելությունից հետո Մինսկի խմբի համանախագահության տարածած հայտարարությունից` «կողմերը համաձայնել են շարունակել աշխատանքը ԱԳ նախարարների մակարդակով», սա նշանակում է ղարաբաղյան բանակցություններում կողմերի մասնակցության աստիճանի որոշակի նվազեցում` նախագահների հանդիպումներից ԱԳ նախարարների հանդիպումներին անցնելով:

Սա ինքնին արդեն «նոր առաջարկ» լինելովՙ իր հերթին նշանակում է, որ բանակցությունների սեղանին այնպիսի առաջարկներ են եւս հայտնվել, որոնց վրա դեռ երկարատեւ աշխատանք է պահանջվում` նախքան նախագահների ուշադրությանն արժանացնելը, ու հենց այդ աշխատանքն իրականացնելու համար «կողմերը համաձայնել են շարունակել աշխատանքը ԱԳ նախարարների մակարդակով»: Ընդ որում, դատելով հանգամանքից, որ Մինսկի խմբի համանախագահները ամենեւին էլ չեն ակնարկում մադրիդյան սկզբունքներից հրաժարվելու մասին, հարկ է նկատել, որ նրանց բերած «նոր առաջարկները» ամենեւին էլ չեն փոխարինում մադրիդյան սկզբունքներին: Ուրեմն խոսքն այստեղ բանակցությունների ձեւաչափում որոշակի նորություն մտցնելու մասին է, ու կրկնենք, այս լուրը համանախագահությունը հարկ համարեց առաջինը իրազեկել Ստեփանակերտին: Եթե «նոր առաջարկները» չեն վերաբերում սեղանին դրված սկզբունքներին, ու եթե ակնհայտորեն չեն վերաբերում նաեւ Մինսկի խմբի համանախագահության կազմի փոփոխությանը, ընդ որում նաեւ մանդատի, քանի որ հակառակ պարագայում համանախագահությունն ուղղակի կակնարկեր այդ մասին, ուրեմն կարելի է եզրակացնել, որ Մինսկի խումբը «նոր առաջարկներ» ասելով նկատի ունի բանակացությունների սեղանի կազմի վերանայումը, մասնավորաբար Ստեփանակերտին ընդգրկելը: Այս համապատկերում ամենեւին պատահական չի թվում, որ տարածաշրջանային վերջին այցը միջնորդները սկսեցին հենց Ստեփանակերտից` հատկապես, կարեւորելով Ղարաբաղի «դե ֆակտո» իշխանություններին իրազեկելը «նոր առաջարկների» մասին, բացի սրանից, նախօրեին Երեւանում մեկնարկած «Տարածաշրջանային անվտանգության դինամիկան Հարավային Կովկասում» միջազգային գիտաժողովում ՀՀ նախագահն ընդգծեց. «...հույժ կարեւոր է ԼՂՀ-ի վերադարձը հակամարտության կարգավորման գործընթաց»: Հարկ է նկատել, որ միջնորդներից «նոր առաջարկներ» ստանալուց հետո Իլհամ Ալիեւը որոշակի վերաձեւումներ է կատարել սեփական աշխատակազմում, մասնավորաբար աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովին նշանակելով նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ինչը կարող է նշանակել, որ Իլհամ Ալիեւը ավելի է մոտեցնում սեփական աշխատակազմն ու երկրի արտաքին քաղաքականությունն իրականացնող ԱԳՆ-ն` կարծես որոշակի վերահսկելով վերջինիս հավատարիմ Նովրուզ Մամեդովի միջոցով:

Եզրակացնենք ուրեմն, որ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները պետք է աշխատեն ոչ այնքան մադրիդյան սկզբունքների առանջին կետերի փոխհամաձայնեցման կամ լրացման վրա, ոչ թե Մինսկի խմբի համանախագահության կազմը վերանայելու ուղղությամբ, քանի որ «կողմերը համաձայնել են շարունակել աշխատանքը», տրամաբանարեն` հենց Մինսկի խմբի միջնորդությամբ, այլ պետք է աշխատեն Մինսկի խմբի ներկայացրած «նոր առաջարկներ»-ի շուրջը, որոնք, բացառման սկզբունքով, վերաբերում են միայն բանակցությունների սեղանի կազմը վերանայելուն, քանի որ, ինչպես Մինսկի խումբն ինքն է բազմիցս ընդգծել. «Վաղ թե ուշ Ստեփանակերտը միանալու է բանակցություններին»: Մնում է միայն ընդգծել, որ Ստեփանակերտի վաղ թե ուշ միանալը բանակցություններին կախված է Բաքվի` հակամարտությունը կարգավորված տեսնելու պատրաստակամությունից:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4