Նոյեմբերի 29-ին Ֆրանսիայի Սենատում կազմակերպվել է կլոր սեղան` «Լեռնային Ղարաբաղ. խաղաղություն եւ երկխոսություն» խորագրով: ԱԳՆ հաղորդագրության համաձայն, հանդիպմանը մասնակցել են Ֆրանսիայի Սենատի բարեկամական խմբի նախագահ Ֆիլիպ Կալտենբախի նախաձեռնությամբ պաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի ԱԺ հայ-ֆրանսիական պատգամավորական բարեկամության խմբի անդամները, ֆրանսիացի սենատորներ, Սենատի պաշտոնյաներ, փորձագետներ եւ լրագրողներ:
Միջոցառումը բացել է բուլղար լրագրողուհի Ցվետանա Պասկալեւան, որն, իբրեւ ականատես, խոսել է պատերազմական իրադարձությունների մասին, որից հետո ցուցադրվել է նրա «Կբացվի՞ արդյոք առավոտը Ղարաբաղում» ֆիլմը: Այնուհետեւ ծավալված քննարկումներում ներկայացվել են ԼՂ հիմնախնդրի պատմական եւ աշխարհաքաղաքական ասպեկտները, առանձին խոսքերով հանդես են եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Բեռնար Ֆասիեն, ֆրանսիացի սենատորներ եւ հայ պատգամավորներ, ինչպես նաեւ պատմաբաններ ու փորձագետներ:
Կլոր սեղանի մասնակիցները կարեւորել են Արցախի ժողովրդի անվտանգությունը, խստորեն դատապարտել ռազմատենչ հայտարարությունները, ընդգծել Սաֆարովի զարհուրելի դեպքի անընդունելիությունը` ինչպես զուտ մարդկային արժեքների, այնպես էլ տարածաշրջանում փոխվստահության հաստատման տեսանկյունից:
Բանախոսներն առանձնակի շեշտել են, որ այլընտրանք չի կարող լինել խաղաղությանը, եւ որ ներկայիս հրամայականն է նախապատրաստել հասարակություններին ոչ թե պատերազմի, այլ` խաղաղության:
Վ. Պ.