ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցավ «Խորհրդարանական ուղղվածությունը եւ համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ հանուն եվրոպական ինտեգրման. արժեքներ եւ փորձ» համաժողովը` Արեւելյան գործընկերության առաջնորդների երեւանյան գագաթաժողովի շրջանակում: Երիտասարդական խորհրդարանի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներով հագեցած ԱԺ դահլիճում համաժողովը ողջունեցին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ու Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրեդ Մարթենսը:
«Հայաստանն իր վարած հավասարակշիռ եւ կառուցողական քաղաքականությամբ տարածաշրջանային կայունության կարեւոր գործոն է»,- ասաց ԱԺ նախագահը: Իսկ Մարթենսը խոսեց եվրոպացիների սիրած բնորոշումներով, թե` պառլամենտը բոլոր քաղաքացիների տունն է, այլ ոչ թե միայն ընտրված պատգամավորների: Պառլամենտի դուռը բաց պետք է լինի բոլորի, այդ թվումՙ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար, որոնք կամուրջ են քաղաքական գործիչների եւ ժողովրդի միջեւ: Քաղաքացիական հասարակությունը, որ պետք է պայքարի ժողովրդավարության, ռեֆորմների շարունակականության եւ այլ բաների համար, այնուամենայնիվ, ըստ պարոն Մարթենսի, պետք է իմանա, որ փոփոխություններն իրականացնելը շատ դժվար է. «Շատ մի մեղադրեք քաղաքական գործիչներին, որ ամեն ինչ միանգամից ու շատ արագ տեղի չի ունենում, բայց ճնշումը շարունակեք», դիմեց նա քաղաքացիական սեկտորին:
Համաժողովում, որը նախագահում էր «Եվրոնեսթում» հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, տեղի ունեցավ հեռուստակամուրջ Ստոկհոլմի հետ, ինչպես նաեւ հնչեցին մի շարք հետաքրքրական ելույթներ: Օրինակ` ԵԺԿ փոխնախագահ Յացեկ Սարյուզ Վոլսկին, որ նաեւ «Եվրոնեսթ» խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահն է ու իր զեկույցը հենց կառուցել էր քաղաքացիական հասարակության համագործակցության վրա, կտրուկ էր մի շարք հարցերի պատասխանելիս:
Երբ նրան հարց տվեցին, թե թշնամի երկրներով շրջապատված` այնքան էլ չի ստացվում քաղաքացիական հասարակություն զարգացնելը, Յացեկ Վոլսկին հարցը տարավ իր հասկացած ուղղությամբ` նշելով, որ եթե ԼՂՀ հակամարտությունն է հարցի տակ, ապա այն «Եվրոնեսթի» կամ Արեւելյան գործընկերության ձեւաչափով բարձրացվելիք կամ լուծելիք հարց չէ: Ու «Եվրոնեսթի» վեհաժողովներում էլ պայմանավորվել են, որ «Եվրոնեսթը» չծանրաբեռնեն բախումների վերաբերյալ հարցերով: Պետք է առաջ գնալ այս մտայնություններից եւ փոխադարձ ընկերություններ ու համագործակցություններ ստեղծել: Անընդհատ պետք չէ խոսել ԼՂՀ հարցից, որի համար այլ ձեւաչափեր կան, պետք է զարգացնել քաղաքացիական հասարակությունը, առաջ նայել, գործընկերային հարաբերություններ զարգացնել գոնե հասարակությունների մակարդակով:
Նա բերեց իր երկրի ` Լեհաստանի օրինակը, որի տարածքներից ե՛ւ Գերմանիան, ե՛ւ Ռուսաստանը ժամանակին գրավել են, բայց ժողովուրդները միմյանց հետ շփվում եւ ընկերություն են անում: Հարց հնչեց, թե «Եվրոնեսթում» ԼՂՀ-ին դիտորդի կարգավիճակ տալը միգուցե զսպաշապիկ լիներ Ադրբեջանի ռազմաշունչ պահվածքի համար: Վոլսկին դա միանգամից անհնար համարեց, քանի որ եթե ԼՂՀ-ն մասնակցի «Եվրոնեսթին»` «Եվրոնեսթը» կփլվի, Ադրբեջանը դուրս կգա այդ կազմակերպությունից: «Մեր նավը չծանրաբեռնենք, այն կխորտակվի, այդ հարցի համար ուրիշ ֆորմատներ կան», ասաց:
Ի դեպ, նա այն կարծիքին էր, որ եվրոինտեգրման գործընթացները Հայաստանում շատ արագ են կատարվում, ավելի արագ, քան իր երկրում` Լեհաստանում, անգամ նա բարի նախանձով է նայում Հայաստանին այդ առումով: Դահլիճից հնչած հարցերից մեկով փորձ արվեց պարզել Եվրասիական միության վերաբերյալ եվրոպաշտոնյայի տեսակետը. երիտասարդ խորհրդարանականներից մեկը հետաքրքրվեց, թե Եվրոպան Հայաստանին առաջարկում է ինտեգրում, այդ թվումՙ տնտեսական, նաեւ կա եվրասիական հեռանկարը, ինչպես պետք է վարվի Հայաստանը: Յացեկ Վոլսկին պատկերավորեց, թե Ռուսաստանում չգիտեն, որ Եվրոմիությունը կայսրություն չէ` գաղութատիրական երկրների (Անգլիայի, Ֆրանսիայի) նման, այլ կամավորների միություն, որտեղ ուզում են միասնական լինել միասնական արժեքների շուրջը: Ընտրությունն էլ երկրինն է, ոչ ոք ոչինչ չի ստիպում: Ոչ մի հակասություն չկա այն բանի մեջ, որ հավասարապես կարելի է ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ ԵՄ-ի հետ լավ հարաբերություններ ունենալ: Ո՛չ ԵՄ-ն է ստիպում, ո՛չ Ռուսաստանը, այլ առաջարկում են, պետք է տեսնել, թե ո՞րն է սրտամոտ, եվրոպական պատասխան տվեց եվրոպաշտոնյան:
Հետաքրքրական էր նաեւ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Դարչինաշվիլու տեսակետն այն հարցին ի պատասխան, թե հայերի հետ այնքան լավ հարաբերություններ չունի Վրաստանը, որքան Ադրբեջանի: Դարչինաշվիլու պատասխանի ենթատեքստը, կարելի է ասել, ուսուցողական էր, թե կան շահեր, օրինակՙ էներգետիկ անվտանգության, ու լավ կամ վատ լինելը դրա հետ կապ չունի: Իսկ եթե էներգետիկ այլընտրանք լինի, այդ թվումՙ Հայաստանից, ապա դա միգուցե ավելի հեշտացնի փոխադարձ հարաբերությունները:
Նկար 1. Վիլֆրեդ Մարթենս
Նկար 2. Յացեկ Սարյուզ Վոլսկի