Նյու Յորքում կայացած տնօրենների խորհրդի նիստում «Գուլաբի Գյուլբենկյան հիմնադրամի» նախագահ Էդուարդ Գյուլբենկյան կրտսերը հայտարարել է, որ իր ընտանիքի կողմից 1935 թվին Նոր Գյուղում կառուցված «Վերժինե Գյուլբենկյան» ծննդատունը, որ մինչեւ վերջերս գործում էր, ժամանակավորապես ապաստան է ծառայելու նաեւ հալեպահայ տարեց քաղաքացիների, որոնք տուժել են ռմբակոծությունների հետեւանքով: Այս մասին հաղորդում է Հակոբ Վարդիվառյանը «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթի նոյեմբերի 17-ի համարում:
Էդուարդ Գյուլբենկյանը նաեւ տեղեկացրել է, որ Նյու Յորքում հիմնադրված «Գուլաբի Գյուլբենկյան հիմնադրամը» ընդհանուր առմամբ նեցուկ է կանգնել սիրիահայերի ուսումնական եւ առողջապահական կարիքներին, իսկ այժմ, երբ տագնապալի օրեր են ապրում սիրիահայերը, կարող է նաեւ այլ ծառայություններ մատուցել եւ միանալ համահայկական օգնության ծրագրերին:
Ծննդատան տնօրեն է նշանակվել Հալեպից Հովհաննես Հովհաննիսյանը: Հենց որ խաղաղությունը վերահաստատվի, Սիրիայում ծննդատունը իր սկզբնական առաքելությանն է վերադառնալու:
Հ. Ծ.