Միաժամանակ հնարավորություն է տալիս, որ նա հանցագործությունների համար ՄԱԿ-ի միջազգային դատարանում դատապարտի Իսրայելին
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Գազայի հատվածի վրա նոյեմբերի 14-ին ձեռնարկած հարձակման 8-րդ օրըՙ նոյեմբերի 21-ին, Իսրայելը հրադադար էր հաստատել Պաղեստինի իսլամական դիմադրության շարժմանՙ «Համասի» հետ: Նոյեմբերի 23-ին «Ազգում» այդ հարցին անդրադառնալիս զինադադարը համարել էինք Իսրայելի նկատմամբ «Համասի» հաղթանակը:
Քանի որ խաղաղ պաղեստինցիների անխնա սպանությունն արդարացնելու համար ԱՄՆ-ն ու Եվրոմիության առաջատար երկրները հարձակումներում անվերապահորեն պաշտպանում էին Իսրայելին, ուստի Գազայում զինադադարի հաստատումը միջազգային այս ուժերի նկատմամբ եւս հաղթանակ դարձավ, որը «Համասը» ձեռք բերեց տարածաշրջանի երկրներիՙ մասնավորապես Եգիպտոսի եւ Իրանի անմիջական աջակցությամբ:
Նոյեմբերի լույս 30-ի գիշերը պաղեստինցիները ՄԱԿ-ում տոնեցին 2-րդ հաղթանակը ե՛ւ Իսրայելի, ե՛ւ ԱՄՆ-ի նկատմամբ: Պաղեստինը առանց անդամակցության ստացավ ՄԱԿ-ի դիտորդ պետության կարգավիճակը: Մինչ այդ դիտորդի կարգավիճակն ուներ Պաղեստինի ազատագրության կազմակերպությունը: Նոր հաղթանակը ձեռք բերվեց ձայների 138 կողմ, 9 դեմ հարաբերակցությամբ: Ընդ որումՙ հակառակ Վաշինգտոնի ջանքերի, որի կամքին, ի դեպ, ենթարկվելու պատրաստակամություն ցույց տվող Պաղեստինի Ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը հակված էր հրաժարվելու ՄԱԿ-ում իր երկրի դիտորդ պետության կարգավիճակից, սակայն ստիպված տեղի տվեց պաղեստինյան կազմակերպությունների ճնշումներին:
Այլ կերպ, Աբբասին ուղղորդեցին ոչ թե պաշտոնական Վաշինգտոնը, այլՙ պաղեստինյան կազմակերպությունները, իսկ դա խոսում է ամերիկյանի համեմատ այս կազմակերպությունների ճնշումների արդյունավետության մասին: Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում անցկացված քվեարկության արդյունքներին, որի ընթացքում ձեռնպահ մնաց 41 երկիր, ապա դրանք էլ դարձան քաղաքական առաջադրանքի կատարումը դիվանագիտական ճնշումներով ապահովելու ԱՄՆ-ի անզորության վկայությունը:
Կասկածից վեր է, որ ՄԱԿ-ում Պաղեստինի դիտորդ պետության կարգավիճակին կտրականապես հակադրվող ԱՄՆ-ն, դիվանագիտական ձեռնարկումներից զատ քաղաքական ճնշում է գործադրել մյուս երկրների վրա: Չնայած տնտեսական, քաղաքական եւ ռազմական կախվածությունից, ամերիկյան ճնշումներին ընդամենը ենթարկվել է 9 երկիր, 138-ըՙ հակադրվել, իսկ 41-ըՙ ի լուր աշխարհի ակնհայտորեն չհակադրվելու համար նախընտրել է մնալ ձեռնպահ:
ՄԱԿ-ի անդամ երկրների վրա գործադրված ճնշումները, ինչ խոսք, ինքնանպատակ չեն, այլ պայմանավորված են դիտորդ պետության կարգավիճակի Պաղեստինին ընձեռած առավելություններով: Որո՞նք են դրանք: Մինչ հարցին պատասխանելը նշենք, որ նոյեմբերի լույս 30-ի գիշերն անցկացված քվեարկությամբ Վատիկանից հետո Պաղեստինը դարձավ ՄԱԿ-ում դիտորդ պետության կարգավիճակ ունեցող երկրորդ պետությունը:
Ժամանակին դիտորդ պետության կարգավիճակ են ունեցել Ավստրիան, Ֆինլանդիան, Իտալիան, Ճապոնիան, որոնք այնուհետեւ ընտրվել են ՄԱԿ-ի լիարժեք անդամ: Ավելին, 2002-ին ՄԱԿ-ին անդամակցած Շվեյցարիան դիտորդ պետության կարգավիճակը պահպանել է շուրջ 50 տարի:
Այլ կերպ, դիտորդ պետության կարգավիճակը Պաղեստինի առջեւ բացում է ՄԱԿ-ի լիարժեք անդամ դառնալու հեռանկարներ, տալով նրան անդամակցության դիմում ներկայացնելու հնարավորություն: Նոր կարգավիճակով Պաղեստինը ստանում է նաեւ ՄԱԿ-ի առընթեր գործող կառույցներին դիմելու իրավունք:
Այդ կառույցներից թերեւս ամենակարեւորը Հաագայի միջազգային քրեական դատարանն է, որի վարույթում են պատերազմի եւ ցեղասպանության հանցանքներին, կոտորածներին եւ օկուպացված տարածքներին առնչվող գործեր: Այս ամենը նշանակում է, որ դիտորդ պետության կարգավիճակով Պաղեստինը ոչ միայն անդամակցության դիմում կներկայացնի ՄԱԿ-ին, այլեւ օկուպացված տարածքների եւ Պաղեստինի խաղաղ բնակչության դեմ հանցագործություն իրականացնելու մեղադրանքով կդիմի Հաագայի միջազգային դատարան, որ պատասխանատվության ենթարկի Իսրայելին:
Եթե նույնիսկ այդ դիմումը նպատակին չծառայի, Պաղեստինը դրանով կսահմանափակի պաղեստինցիների դեմ պատժիչ գործողություններ իրականացնելու, պաղեստինյան բնակավայրերն ավերելու եւ Գազայի հատվածը ցամաքից, օդից, ծովից դաժան շրջափակման ենթարկելու Իսրայելի ոտնձգությունները: