«Հաարեց» իսրայելական պարբերականից արտատպելով լուրըՙ «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթը տեղեկացնում է, որ Իսրայելի ավիաարդյունաբերության «Էլտա» մասնաճյուղը համաձայնել է վերականգնել Թուրքիայի համար հետախուզական ինքնաթիռներ մատակարարելու ծրագիրը: Սա նշանակում է, որ «Մավի Մարմարայի» միջադեպից հետո (2010, մայիս) վատթարացած հարաբերությունները Թուրքիայի հետ հարթեցվում են ելնելով քաղաքական նոր իրավիճակներից:
Ըստ «Հուրիեթի» հաղորդագրությանՙ ծրագիրը նախատեսում է ավարտել չորս «Բոինգ 737 AWACS» տիպի ինքնաթիռների արտադրությունը, որ երկար ժամանակ ընդհատվել էր: Ծրագրի (որը պետք է հաստատվի Իսրայելի պաշտպանության նախարարության կողմից) ընդհանուր արժեքն է 1,6 միլիարդ դոլար:
Այդ ինքնաթիռները Թուրքիան պատվիրել էր «Բոինգ» ընկերությանը դեռ 2002 թվին, եւ «Էլտան» պարտավորվել էր դրանք մատակարարել 2006-ին, բայց դրանցում նախազգուշական եւ վերահսկողության համակարգերի տեղադրումը ավելի երկար ժամանակ էր պահանջել, եւ միայն երկու ինքնաթիռ էր հանձնվել Թուրքիային նախքան հարաբերությունների վատթարացումը, որի հետեւանքով Իսրայելի պաշտպանության նախարարությունը արգելել է ինքնաթիռների արտահանումը Թուրքիա:
Ծրագրի վերականգնումը իրականություն է դարձել «Բոինգի» ջանքերով: Հատուկ սարքերով հագեցած այդ ինքնաթիռներն ի վիճակի են ոչ միայն «որսալ» երկար հեռավորությունների վրա գտնվող այլ ինքնաթիռներ, նավեր եւ շարժական մեքենաներ, այլեւ «տարբերակել» հազարավոր կիլոմետր հեռավորությունից, թե այդ ինքնաթիռներն ու նավերը բարեկամակա՞ն են, թե՞ թշնամականՙ ըստ այդմ գործողություններ իրականացնելու համար:
Հ. Ծ.