Ռեպորտաժ Պանկիսի կիրճից
«Ես շահիդ կին եմ եւ պատրաստ եմ անձս պայթեցնել, որտեղ որ ասեն եւ երբ էլ ասեն», այս խոսքերի հեղինակ երիտասարդ կինը բնակվում է Պանկիսում: Եթե հանձնարարեին` նա պատրաստ էր իր անձը պայթեցնել Սահակաշվիլու, Մերաբիշվիլու, Ախալայայի մոտ եւ դրանով վրեժխնդիր լինել Լոպոտի կիրճում քիստ երիտասարդների սպանության համար: Նա չունի ամուսին, երեխաներ եւ երազում է մահվան մասին:
Պանկիսի կիրճում վահաբիզմի հետեւորդների թիվը օրեցօր աճում է` 16-30 տարեկան երիտասարդներն ազատ զրուցում են մահվան, դրախտում հանդիպելու, ջիհադի մասին: Արաբերեն լեզուն նախ տեղի մզկիթում են սովորում, այնուհետեւ ուսումը շարունակելու համար նրանց Եգիպտոս են տանում: Այս երիտասարդների համար վահաբիզմը հոգեւորի հետ մեկտեղ կապված է բարեկեցության հետ: Նրանք տեսնում են, որ Պանկիսի վահաբիները չեն աշխատում, սակայն ապրում են բարեկեցիկ, ունեն թանկարժեք մեքենաներ, գեղեցիկ կանայք, ունեն բնակարաններ Թբիլիսիում եւ Թելավում, զավակները սովորում են մայրաքաղաքի պատվաբեր դպրոցներում, գյուղում նրանց հարգում են, միաժամանակ վախենում են նրանցից:
Կիրճում, որտեղ չկան սպորտային մարզադահլիճ, ակումբ, որտեղ արգելված է երաժշտության բարձրաձայն ունկնդրում եւ անգամ նկարչություն, երիտասարդներին պարզապես այլ բան չի մնում: Մզկիթում արաբերեն սովորելու գնում են նաեւ աղջիկները եւ երազում են վահաբիներին կնության գնալու մասին: Երիտասարդ սերնդի կանանց դուր է գալիս եւ հպարտանում են, որ իրենց ամուսինները ջիհադում են:
Պանկիսցի քիստ Ռուսլան Մարգոշվիլին սպանվեց Սիրիայում: Նրա գլխահատ դին հայրենի գյուղ տեղափոխել չկարողացան եւ թաղեցին Թուրքիայում: Սպանվածից մնացին կինն ու երեք անչափահաս երեխաները:
«Նրա կինն ու զավակները մյուսներից լավ կապրեն: Զոհված մոջահեդի ընտանիքին կպահեն ձեռքի ափի մեջ: Կինն էլ երջանիկ կլինի, կամուսնանա այլ տղամարդու հետ»,- ասում է 23-ամյա Ասմաթը, որը շուտով դառնալու է տեղացի վահաբիի կինը:
Զոհված մոջահեդի կնոջ հետ ամուսնանալը եւ նրա որբերին տիրություն անելը հավասարեցվում է ջիհադին: Նման մարդուն մահմեդականները շատ են հարգում: Այդ պատճառով այրի կինը այստեղ միշտ էլ ունի երկրորդ անգամ ամուսնանալու հնարավորություն:
Երիտասարդները թողնում են Պանկիսի կիրճը. նրանք Սիրիայում կռվում են ապստամբների կողմից:
«17-20 տարեկան երեխաներ են, մզկիթ են գնում, ասում են` արաբերեն ենք սովորում եւ աղոթում, հետո հանկարծ անհետանում են ընտանիքներից: Հին ավանդույթը խախտվել է, երիտասարդները ծնողներին բանի տեղ չեն դնում, ոչինչ չեն հարցնում, սակայն չէ՞ որ ջիհադ գնացող երիտասարդին մայրը պիտի ճանապարհի, օրհնի, այլապես ջիհադ չի լինի: Նոր կարգ են մտցնում, ոչինչ չեմ հասկանում,- հայտնում է դուիսցի 67-ամյա Թամազը «Գուրիա Նյուսի» հետ զրույցի ժամանակ:
Երկու օր առաջ 20-ամյա Ադլանը գնաց մզկիթ աղոթելու եւ այլեւս չի վերադարձել: Ադլանն ընտանիքի միակ զավակն է, մայրը շատ վշտացավ նրա գնալու համար: Հայրը վահաբի է, եւ ենթադրվում է, որ նա ողջունել է որդու որոշումը: Պանկիսում ասում են, որ ամեն ընտանիքում մեկ վահաբի կա: Դրա համար էլ վահաբիզմի հզորացման մասին ոչ ոք բարձրաձայն չի խոսում, բոլորը խուսափում են սեփական զավակների հետ ընդհարվելուց:
«Իմ տղաներն ապրում են Ավստրիայում` փախստականի կարգավիճակով: Ընտանիքներ ունեն, փոքրիկ երեխաներ են մեծացնում: Մեկ շաբաթ առաջ նրանցից մեկը զանգեց, թե Սիրիա եմ գնում` կռվելու: Երբ աղաչանք-պաղատանքս չօգնեց, սպառնացի, որ ինքնասպան կլինեմ: Չգիտեմ, չեմ կարծում, որ ինձ լսի,- «Գուրիա Նյուսի» հետ զրույցի ժամանակ ասաց Ջողոլո գյուղի բնակչուհի Լեյլան:
Ավստրիայում եւ Եվրոպայի այն երկրներում, որտեղ չեչեն եւ քիստ փախստականների խիտ բնակություն կա, կազմակերպվում են Սիրիա մեկնող խմբեր: Ծագումով քիստ փախստականները Սիրիա մեկնելուց առաջ նախ գալիս են Պանկիս եւ այստեղ մնում են մի քանի օր: Հաճախ նրանք այնպես են գյուղը թողնում, որ տարիներով չտեսած ծնողների մոտ էլ չեն գնում:
Կազմակերպիչներ
Պանկիսում ասում են, որ վահաբիզմի հզորացմանը կիրճում աջակցում էր «Ազգային շարժումը»: Տարիներ շարունակ իշխանությունն այստեղ ընտրություններում հենց վահաբիների օգնությամբ էր հաղթում: Բնակչության մի մասը նրանց հարգում է, իսկ մյուս մասը` վախենում է:
Ամենից շատ վահաբիներ ապրում են Դուիսում: Նրանց հավաքատեղին Դուիսի կենտրոնում նորակառույց մզկիթն է: Մզկիթում երեխաներին եւ երիտասարդներին սովորեցնում են արաբերեն: Արաբերեն են սովորեցնում նաեւ ռուսական դպրոցում, որտեղ ուսուցիչ է աշխատում վահաբիների նախկին իմամ խիզիր Բաղակաշվիլին:
Ինչպես պատմում են, վահաբիզմի տարածումով եւ տեղի երիտասարդներին իրենց կողմ քաշելով են զբաղված Մուրադ Քավթարաշվիլին, որը փայտի վերամշակման հիմնարկ ունի Դուիսում, Օմար Մարգոշվիլին, որը մթերային խանութ է աշխատեցնում, ինչպես նաեւ Զելիմխան (Զելո) Խանգոշվիլին, ում անունը վերջերս հնչեց կապված Լափանղուրիի հատուկ գործողության իրականացման հետ: Պանկիսում պատմում են, որ Խանգոշվիլին, ՆԳ նախարարության հակաահաբեկչական կենտրոնի աշխատակից Սանդրո Ամիրիձեն եւ Ախմետայի անվտանգության ղեկավար Էմզար Մաչալիկաշվիլին համակարգում էին Լոպոտայի խմբի հավաքը եւ կիրճ տեղափոխումը: Ինչպես պատմում են պանկիսցիները, առանց Մաչալիկաշվիլու թույլտվության ծիտն էլ չի կարող կիրճ ներթափանցել: Այսօր այս խումբը զբաղված է տեղացի եւ արտասահմանում գտնվող քիստերին Սիրիա ուղարկումով:
Զելիմխան Խանգոշվիլին խմբում առավել փորձված առաջնորդն է: 2008 թվականի մայիսին Զելիմխան Խանգոշվիլուն ռուսական հատուկ ծառայությունները մեղադրեցին անօրինական զինված խումբ ստեղծելու մեջ:
Այն ժամանակ ռուսական հատուկ ծառայությունները պանկիսցի Ռամզան Թուրքոշվիլուն բանտարկեցին եւ մեղադրեցին Վրաստանի օգտին լրտեսության մեջ: «Թուրքոշվիլու հավաքագրումը կատարվեց ՆԳ նախարարության անվտանգության սպա Զուրաբ Օտիաշվիլու եւ ինչ-որ Գիորգիի կողմից: Նրանք կապված էին Պանկիսիում բնակվող Զելիմխան Խանգոշվիլու հետ: Խանգոշվիլին ահաբեկչական այն խմբի ղեկավարն է, որին թաքցնում են Պանկիսում:
2004 թվականի ամռանը Զելիմխան Խանգոշվիլու խումբը ահաբեկչական բազմաթիվ գործողություններ է իրականացրել Ինգուշիայում»,- այս տեղեկությունը 2008 թվականի մայիսին տարածել է Ինտերֆաքս գործակալությունը: Շոթա Ուտիաշվիլին ներքին գործերի նախարարության անունից հայտարարություն արեց եւ հերքեց Ռուսաստանի մեղադրանքը:
Ականատեսների ասելով` Զելիմխան Խանգոշվիլուն, Սանդրո Ամիրիձեին եւ Մուրադ Քավթարաշվիլուն վերջին անգամ ընտրություններից 2 օր հետո տեսել են Օմալոյում: «Ազգային շարժում»-ի պարտությունից հետո նրանք հեռացան կիրճից եւ մի քանի երիտասարդների հետ մեկնեցին Սիրիա:
«Ընտրություններից հետո մոտ տասը տղաներ են տեղափոխել Սիրիա: Մեծ մասը Մուրադ Քավթարաշվիլու փայտի վերամշակման հիմնարկում էր աշխատում: Հենց Մուրադն է տղաներին հավաքագրում: Մահմեդական տարբեր կազմակերպություններից խոշոր գումարներ են գալիս կիրճ: Գումարը կիսում են վահաբիներն ու իրավապահները: Մեր զավակների հաշվին հարստանում են, իսկ տղաներին առաջարկում են միայն դրախտ ընկնելը,- ասում է դուիսեցի մի բնակիչ «Գուրիա Նյուսի» հետ զրուցելիս:
Տեղացիներն ասում են, որ վերջերս նկատել են Պանկիսում Լոպոտի կիրճից տեղափոխված լեկերի: Կիրճում աճել է այսպես կոչված արաբ զբոսաշրջիկների թիվը, որոնք տուրիստներին ոչ հատուկ հաճախականությամբ գնում են մզկիթ եւ հանդիպում տեղի իմամին: Պանկիսցիների ասելով` տարբեր երկրներից եկած վահաբիներն երբեմն քողարկվում են «արաբ գործարարների» անվան տակ եւ բնակվում են «Ազգային շարժման» կողմնակիցների ընտանիքներում:
«Կիրճում հսկայական գումարներ էին պտտվում: Այստեղ ներբերված երեք միլիոնի երկու միլիոնից ավելին անվտանգության ծառայությունն էր տանում: Իմիջիայլոց, Լոպոտի կիրճում մեր տղաները փողերը պարկերով էին տանում: Երբ կռահեցին, որ մատնություն է տեղի ունեցել եւ շրջապատված են, պարկերը կրակի տվեցին, թե ինչու պիտի փողը մնա նրանց: Անվտանգությունը գիտեր փողի մասին, հենց որ ծուխը տեսան, հասկացան, թե ինչ է կատարվում, եւ անմիջապես սկսեցին տղաներին ռմբակոծել: Մի քանի պարկ փրկվեց այրվելուց, եւ այդ դրամը մնաց վրաց իրավապահներին»,- ասում է Բահաուդինը «Գուրիա Նյուսի» հետ զրույցի ժամանակ:
Պանկիսցիները կարծում են, որ Սիրիա գնացող տղաների հավաքագրումը գումարի խոստումով չի կատարվում: «Նրանք փոքր տղաներ են, մեկ-երկու անգամ մեքենա են տալիս վարելու, հետո հեռախոսի հաշիվն են լիցքավորում, կարող է ոչխար էլ մորթեն եւ խնջույք կազմակերպեն: Այս երեխաների ուղեղներն այնպես են շրջված, որ էլ ոչինչ չեն ուզում, արդեն այդպես էլ կռիվ կգնան եւ կզոհվեն ուրախությամբ: Չգիտեմՙ չիպեր են դնում ուղեղի մեջ, թե էլ ինչպես են այդ հաջողեցնում: Ոչինչ այլեւս չի հետաքրքրում մեր երիտասարդներին, ո՛չ երաժշտություն, ո՛չ զվարճանք, ո՛չ խմիչք են օգտագործում, ո՛չ էլ ծխում, եւ շրջում են մորուք թողած,- ասում է վահաբի տղաներից մեկի հայրը:
Ինչպես «Գուրիա Նյուսին» հայտնի դարձավ, Սիրիա միայն պանկիսցի վահաբիները չեն գնում: Խմբեր են կազմակերպվում նաեւ Աջարիայում եւ Գուրիայում, որտեղ նույնպես բնակվում են վահաբիզմի հետեւորդ ընտանիքներ: Նրանցից ոմանք թողեցին Գուրիան եւ տեղափոխվեցին բնակության Պանկիսում: Ինչպես պատմում են տեղացիները, Դուիսիում է բնակվում Օզուրգեթից տեղափոխված Վաշակմաձեների ընտանիքը` մայրը երեք զավակի հետ: Ամուսինը պայթեցվել է Չեչնիայում, իսկ վահաբի մայրը երեխաներին մահմեդական կարգով դաստիարակելու համար գերադասել է Պանկիսը: Ութերորդ դասարանցի նրա դուստրը իր հասակակիցների նման դպրոց է գնում կրկնակի գլխաշորով եւ ոտնաթաթերին հասնող շրջազգեստով, ինչի հնարավորություն Օզուրգեթում նա չէր ունենա:
Պանկիսի երեք գյուղերից մոտ 20-30 երիտասարդ է գնացել Սիրիա ` Ասլան Դ.-ն Սիրիա գնալուց առաջ աշխատում էր Մուրադ Քավթարաշվիլու փայտի վերամշակման արտադրամասում: Ռամազ Խ.` Պետրե Ցիսկարիշվիլու միջամտությամբ հինգ այլ երիտասարդների հետ ժամկետից շուտ ազատվել է բանտից: Նա էլ ուրիշների նման 50 ձայն պիտի ապահովեր ազգայնականների օգտին: Ինչպես ասում են Դուիսում` ընտրություններից հետո Ռամազը գնաց Սիրիա կռվելու:
Օրերս Սիրիայից 10-հոգանոց խումբ էր վերադարձել Պանկիս: Արբին պատմում է, որ Սիրիայում անհրաժեշտ քանակության զենք չգտնվեց, եւ խումբը հետ ուղարկեցին դժգոհելով` «ձեր զենքով պիտի եկած լինեիք»: Մի քանի օրից նրանք մտադիր են հետ գնալ:
Մեր տեղեկության համաձայն` պանկիսցի երիտասարդներին Թուրքիա ավտոբուսներով են տեղափոխում: Այնտեղ նրանց դիմավորում է մեկ այլ խումբ, որը պատասխանատու է կռվողներին Սիրիա տեղափոխելու համար:
Ընտանիքներից անհետացած տղաները զանգում են տուն եւ ծնողներին հավատացնում, թե Թուրքիա են գնացել աշխատելու:
Պանկիսիում տիրող իրավիճակի գնահատման համար «Գուրիա Նյուսը» խնդրեց Կովկասի ժողովուրդների կոնֆեդերացիայի նախագահ Զաալ Կասրելիշվիլուն: Կասրելիշվիլին հայտարարում է, որ կրոնական հակամարտությունների տեսքով երկրին լուրջ վտանգ է սպառնում:
«Պանկիսի կիրճում այնքան երիտասարդ չի բնակվում, որ կիրճից նրանց արտահոսքը աղետալի երեւույթ լինի: Սա բավականին անձնական խնդիր է. վահաբի է եւ գնում է, ի՞նչ անել` բռնե՞լ, կրո՞նն արգելել, ճնշո՞ւմ գործադրել, թե ի՞նչ կարող ես անել:
Կասրելիշվիլին կարծում է, որ Պանկիսի եւ ընդհանրապես կրոնական ու էթնիկական փոքրամասնությունների նկատմամբ անհրաժեշտ է փոխել պետական քաղաքականությունը: Նրա կարծիքով` որքան շատ երիտասարդ գործի անցնի մեր երկրում եւ որքան շատ մարդ ունենա եկամտի անկախ աղբյուր, այնքան ավելի դրսից կռվողներ որսացողների համար կդժվարանա երիտասարդների հավաքագրումը:
«Ենթատեքստն այն է, որ նրանք վարձու կռվողներ են, որոնց լավ են վարձատրում: Տնտեսական բարեկեցության հետ մեկտեղ նրանք իրենց արարքը հիմնավորում են նրանով, որ ծառայում են աստծուն: Այդ պատճառով էլ, կարծում եմ, չափազանց դժվար է կասեցնել այդ գործընթացը: Ժամանակին նախ Շեւարդնաձեի եւ այնուհետեւ Սաակաշվիլու իշխանությունները պետք է մտածեին այս խնդիրների մասին, լավ կլիներ հզորացնեին հատուկ ծառայությունները եւ ներս չթողնեին այսպես կոչված «պակուպատելներին», որոնք փողով եւ հրապուրիչ պատմություններով գժվեցնում են երիտասարդներին: Երիտասարդներին հրապուրում են փողը, արկածները, աստծուն ծառայելը,- ասում է Զաալ Կասրելիշվիլին «Գուրիա Նյուսի» հետ զրույցում:
Կասրելիշվիլին կարծում է, որ այս գործընթացը գլոբալ քաղաքականության մասնիկն է, քանի որ Սիրիայում պայքարն ընթանում է Ասադի ռեժիմի դեմ եւ սալաֆիներին կամ վահաբիներին օգտագործում են նրանց դեմ:
Նրա ասելով` գործընթացի ավարտից անմիջապես հետո վահաբիներին կհեռացնեն, թեեւ ոչ ոք չգիտի, թե դա ե՞րբ կլինի եւ այդ ընթացքում ի՞նչ վտանգ է սպառնում մեր երկրին: Ոչ ոք չգիտի` մոտակա 2 տարվա հեռանկարով եմ ասում, լա՛վ հիշեցեք իմ ասածը, չափազանց ծանր պատկեր է, շատ վահաբիներ են Վրաստանի տարածքում բնակվող ադրբեջանցիների մեջ, նմանապես` շատերն են ապրում Թբիլիսիում եւ նրա շուրջը: Ողղակի, նրանք ավելի լավ են քողարկված-դիմակավորված: Պանկիսցիներն ազնիվ են եւ չեն թաքցնում: Սալաֆիներից բացի` Վրաստանում 200 հազարից ավելի շիա է բնակվում: Նրանց անմիջականորեն ղեկավարվում են Իրանի շիական կազմակերպությունների կողմից: Հենց որ Իրանում բարդանա իրավիճակն, իսկ դա տեղի կունենա 2013 թվականին, Վրաստանը շատ ծանր իրականության առջեւ կհայտնվի: Գուցե դա նրանց գլխում չծագի, բայց շեյխերից` դրսից որ հրաման գա, կմասնակցեն ահաբեկչությանը, եւ ինչ ուղղությամբ թելադրեն, կպայքարեն այդ ուղղությամբ:
- Այդ պատճառով էլ, խնդրում եմ, կոչ արեք ձեր գործընկերներին, որ ուշադրություն դարձնեն այս թեմաներին, այլապես դժբախտությունը դռան մոտ է կանգնած: Դժբախտությունը դուռ թակել չգիտի, անմիջապես ներխուժում է ընտանիք, - ասում է Կովկասի ժողովուրդների կոնֆեդերացիայի նախագահը:
ԷԿԱ ԱԼՓԱԻՁԵ, http://www.gurianews.com/index.php?option=com–content&view=article&id=6223, Վրացերենից թարգմանեց ՌՈՒԶԱՆՆԱ ՅՈԼՉՅԱՆԸ