«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#213, 2012-11-29 | #214, 2012-11-30 | #215, 2012-12-01


ՄԱՐԴԱՍՊԱՆ ՍԱՖԱՐՈՎԻ ՆԵՐՈՒՄԸ` ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆԸ ՆՊԱՍՏՈՂ ՔԱՅԼ

ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հայտարարությունը անդադարձել է Սաֆարովին, Արցախին, հայ-թուրքական հարաբերություններին

«Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի կարող լինել», ասվում է Միլան Կաբրնոխի եւ Սամվել Ֆարմանյանի համանախագահությամբ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 13-րդ բրյուսելան հանդիպմանն ընդունված հայտարարությամբ:

Նոյեմբերի 28-29-ին տեղի ունեցած հանդիպման փաստաթղթի` տարածաշրջանի կայունության հարցերի առնչությամբ ենթաբաժնում նաեւ ափսոսանք է հայտնվում բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության առնչությամբ` շեշտելով «ստատուս քվոյից դեպի անվտանգ ու բարգավաճ ապագա առաջ շարժվելու կարեւորությունը»:

Հանձնաժողովն իր աջակցությունն է վերահաստատել Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին ու մադրիդյան սկզբունքներին «առանց բացառության», ընդգծելով հակամարտության կարգավորման հասնելու կարեւորությունը` Հիմնարար սկզբունքների հիման վրա «որպես կարեւոր քայլ համապարփակ խաղաղ համաձայնագրի ուղղությամբ ապահովելու տեւական ու կայուն խաղաղություն»:

«Հանձնաժողովն ընդգծում է վստահության հաստատման միջոցների արժեքը` ներառյալ դիպուկահարների հեռացումը շփման գծից` ԵԱՀԿ հանձնարարականներին համապատասխան», ասվում է հայտարարության մեջ:

Փաստաթղթում կոչ է արվում շփման գծում միջադեպերի կանխման մեխանիզմ հիմնել, ինչպես նաեւ անկախ հետաքննություն իրականացնել: «Հանձնաժողովը շեշտում է, որ ԵՄ-ը պետք է ավելի ակտիվ դերակատարություն ունենա վստահության միջոցների հիմնման հետագա աջակցության հարցում` ղարաբաղյան հակամարտութան բոլոր կողմերի միջեւ խաղաղության, հաշտեցման ու վստահության գաղափարները տարածելու համար, չլինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ», ասված է հայտարարության մեջ` ընդգծելով «այդ համատեքստում ԵՄ ներկայացուցիչների, ներառյալ Եվրոպական խորհրդարանի անդամների համար տարածաշրջանի անվերապահ մատչելիության կարեւորությունը»:

Հայտարարությունն անդրադառնում է մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանում հերոսացնելու հանգամանքին, ափսոսանք հայտնելով Ալիեւ կրտսերի` Սաֆարովին ներում շնորհելու որոշման կապակցությամբ, ընդ որում, Ադրբեջանին նրա արտահանձնումից հետո հերոսացումը դիտարկում է ոչ միայն «որպես միջազգային իրավունքի ոգուն հակադիր, այլեւ տարածաշրջանում լարվածությանը նպաստող քայլ, որ սրում է անարդարության զգացումը»:

Ավելին, մտահոգություն է արտահայտվում, որ նման փաստերը կարող են վտանգել հաշտեցման փորձերը ու մարդկային շփումների առումով ապագայի ձախողումը:

Խորհրդարանական հանձնաժողովի հայտարարության մեջ նշվում է նաեւ հայ-թուրքական արձանագրությունների առնչությամբ ափսոսանք, շեշտելով ստորագրված արձանագրությունների վավերացման կարեւորությունը` «միակողմանի փակված սահմանի հետագա բացմամբ»: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման գործընթացն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունները չպետք է կապվեն իրար... նաեւ պետք է վերջ տրվի տարածաշրջանում որեւէ երկրի տնտեսական մեկուսացման քաղաքականությանը»:

Վ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4