«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#213, 2012-11-29 | #214, 2012-11-30 | #215, 2012-12-01


ՌՈՒՍ ԻՐԱՎԱԲԱՆ. ՉՀԱՍԿԱՑԱ, ԹԵ ՕՍԿԱՆՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ՏՈՒԺՈՂՆ ՈՎ Է

Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիայի պրոֆեսոր, ՌԴ արդարադատության նախարարության եւ ՌԴ բարաձրագույն դպրոցի պատվավոր աշխատակից, պրոֆեսոր Սամվել Կոչոյիին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը ներկայացրել է Վարդան Օսկանյանի գործով բոլոր փաստաթղթերըՙ ցանկանալով ստանալ չեզոք եւ օբյեկտիվ տեսակետ: Աթանեսյանի ներկայացմամբՙ դա ընդունված պրակտիկա է արտասահմանում, երբ դատավորը կամ տուժողը ցանկություն են հայտնում չեզոք անձի տեսակետ, իրավական կարծիք լսել եւ հիմնականում դիմում են հեղինակավոր գիտնականների: Որ Կոչոյին հեղինակավոր մասնագետ է, փաստում է այն հանգամանքը, որ նա ՌԴ-ի քրեական իրավունքի առաջատար մասնագետն է եւ Ռուսաստանի քրեական օրենսգրքի մեկնաբանությունների հեղինակը: Թե ինչու են դիմել հենց ռուս փորձագետիՙ Աթանեսյանն ու Կոչոյին ասում են, որ երկու երկրների քրեական օրենսգրքերը միմյանց շատ նման են եւ գրեթե նույն մոդելի հիման վրա են գրված:

Երեկ «Պոստ սկրիպտում» ակումբում ռուս փորձագետն ասաց, որ փորձել է օբյեկտիվ լինել եւ զուտ իրավական տեսանկյունից ուսումնասիրելով հարցը հանգել է եզրակացության, որ այնտեղ չկան հանցագործության նշաններ, թե Վարդան Օսկանյանը յուրացրել է բարեգործական նպատակներով հիմնադրամին տրամադրված եւ իրեն վստահված առանձնապես խոշոր չափեի դրամական նիջոցներն ու հանցավոր ճանապարհով ձեռք բերված այդ միջոցներն օրինականացրել: «Ինչպե՞ս է հնարավոր նման մեղադրանք առաջադրել, երբ չկա մեկը, ում վնաս է հասցվել», հարցնում է Կոչոյինՙ հավելելով, թե իր համար անհասականալի է, թե ում է վնաս հասցրել Օսկանյանըՙ «Սիվիլիթասի՞ն», Հանթսմանի՞ն, հոգաբարձուների խորհրդի ներկայացուցիչ Կարապետյանի՞ն: «Ես այդպես էլ չգտա տուժող: Անհիմն է փողերի լվացման վերաբերյալ առաջադրված մեղադրանքը, քանի որ չկան փաստեր, որ այդ փողերը հասել են հիմնադրամին հանցագործ ճանապարհով: Պետք է փաստ լինի, որ այդ գումարներն անօրեն ճանապարհով են Հանթսմանից հասել», ասաց ռուս փորձագետըՙ հավելելով, որ չի ցանկանում պատասխանելՙ գործը քաղաքական ենթատեքստ պարունակում է, թե՞ ոչ: Կոչոյին որպես իրավաբան է հարցը վերլուծել ու փաստել, որ այնտեղ չկան մեղադրանքի հիմնավորումներ:

Օսկանյանի փաստաբանի ներկայացմամբՙ գործն այս պահին գտնվում է նախաքննության փուլում: Մեկ շաբաթ առաջ Օսկանյանին կրկին հրավիրել են ԱԱԾ եւ ստուգել նրա 2001 եւ 2003 թթ. բանկային հաշիվները: «Մենք հանգում ենք այն եզրակացության, որ հիմա փորձում են Վարդան Օսկանյանի վրա էլի մի բան գտնել, ասենք, 1992-ին ո՞ւմ է ծեծել կամ ում հետեւից ի՞նչ է ասել, սա արդեն ծիծաղելի է», ասաց Աթանեսյանըՙ հավելելով, թե համոզված է, որ փորձագիտական եզրակացությունները որեւէ օգուտ չեն տա, քանի որ «իրավապահ մարմինները սահմանադրությամբ չեն առաջնորդվում, ուր մնաց իրավագետների տեսակետը լսեն»:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4