«ՍԱՍ գրուպը» երեկ հանդես եկավ յուրահատուկ առաջարկովՙ թողարկելով արտարժութային պարտատրոմսեր: Այդ կապակցությամբ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի տնօրեն Ստեփան Սահակյանը տեղեկացրեց, որ նախատեսվում է թողարկել 700 հազար հատ արտարժույթով պարտատոմսեր` 7 մլն դոլար ծավալով, 24 ամիս շրջանառությամբ, 10,1 տոկոս տարեկան եկամտաբերությամբ, որը կվճարվի տարին երկու անգամ` անվանական արժեքի 5,05 տոկոսի չափով: 1 պարտատոմսի անվանական արժեքն է 10 դոլար: Պարտատոմսերը կթողարկվեն դեկտեմբերի 6-ից մինչեւ 2013-ի հունվարի 10: Վճարումները կատարվելու են 2013-ի հունիսի 6-ին եւ դեկտեմբերի 6-ին, 2014-ի հունիսի 6-ին եւ դեկտեմբերի 6-ին: Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացնելու է «Ամերիաբանկը»: Դրանք կշրջանառվեն «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ» ֆոնդային բորսայում:
«Ամերիաբանկի» ներդրումային բանկային գործառնությունների գծով տնօրեն Առնո Մոսիկյանն իր հերթին աննախադեպ քայլ համարեց «ՍԱՍ գրուպի» այս քայլը, նշելով, որ պարտատոմսերը մատչելի են յուրաքանչյուր ներդնողի համար: Նրա տեղեկացմամբՙ պարտատոմսերը կարող են ձեռք բերել նվազագույնը 10 դոլարով, իսկ առավելագույնը` 5 մլն դոլարով: «Այս նախաձեռնությունը Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկայում աննախադեպ է, քանի որ թույլատրելու է թողարկել արտարժութային պարտատոմսեր, եւ պատմական է այն առումով, որ հնարավորություն կունենանք արտասահմանից ներգրավելու կապիտալի ներհոսք Հայաստանի կապիտալի շուկա», նշեց Առնո Մոսիկյանը, ավելացնելով, որ արդեն կան հետաքրքվողներ Ռուսաստանից եւ Շվեյցարիայից:
Ա. Մ.