«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#213, 2012-11-29 | #214, 2012-11-30 | #215, 2012-12-01


Կ. ՊՈԼՍԻ ՍՈՒՐԲ ՓՐԿԻՉ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԸ 180 ՏԱՐԵԿԱՆ Է

Կոստանդնուպոլսի (ներկայումսՙ Ստամբուլ) արվարձանում 180 տարի առաջ հիմնված Սուրբ Փրկիչ հիվանդանոցը գրեթե ամբողջ աշխարհում հայտնի հաստատություն է եւ համազգային համբավ ունի: Սուրբ Փրկիչը Մարմարա ծովի մոտակայքում է, «Կազլիչեշմե» երկաթուղային կայարանից ոչ հեռու, ենթակա է Եդիկուլեի (Ստամբուլի արեւմտյան արվարձան) Զեյթինհուրնու համայնքին:

Հիվանդանոցի պարտեզում կարելի է տեսնել հայերեն թերթ ընթերցող հայ ծերունիների, տարեց կանանց, իսկ ջրավազանի կարմիր ձկներին նայելիս թվում է, թե ժամանակը կանգ է առել: Ինչպես հիվանդները, ծերունիները եւս բնակվում են հիվանդանոցի կողաշենքերից մեկում:

Թուրքիայում հայերի կենսունակության ապացույց Սուրբ Փրկիչը հրաշքներ է գործում: Հիվանդանոցն Օսմանյան կայսրության ժամանակների վկան է, սակայն միակը չէ կայսրության նախկին մայրաքաղաքում: Թաքսիմ հրապարակի մոտակայքում է գտնվում Սուրբ Հակոբ հիվանդանոցը, որը պատկանում է Հայ կաթոլիկ եկեղեցուն:

1832 թվականի հունվարի 5-ին Կոստանդնուպոլսի հայ երեւելիները համախմբվեցին ամիրաներ Գազազ Արթինի եւ Հարություն Պեզճյանի շուրջը: Համայնքի ժողովրդագրական աճի պայմաններում որոշվեց կառուցել մայրաքաղաքի հայության համար նախատեսված հիվանդանոց. Եդիկուլեի այգեստաններում արդեն գոյություն ուներ հայկական եկեղեցի:

Հիվանդանոցը կառուցվեց ճարտարապետներ Կարապետ ամիրա Բալյանի (1800-1866) եւ նրա աներոջՙ Հովհաննես ամիրա Սերվերյանի նախագծով, ինչպես նաեւ այն ժամանակվա Պոլսո պատրիարք Ստեփանոս Աղավնիի ջանքերով եւ ըստ օսմանյան սուլթան Մահմուդ Բ-ի հրովարտակի:

Մունիցիպալ հարստության դեր կատարող հիվանդանոցի չափերն են 194x94 մետր: Շենքի կառուցումն ավարտվել է 1834 թ. մարտի 31-ին, իսկ համանունՙ Սուրբ Փրկիչ եկեղեցին հիվանդանոցի տարածքում հիմնադրվել է 1833-ին: 1906 թվականին, Օրմանյան պատրիարքի օրոք, վերակառուցված եկեղեցին նորոգվել է 2005-ին Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության օգնությամբ: Այդ մեկենասությունը շարունակվում է մինչեւ օրս: 1832-ից սկսած «Պարոն 5 տոկոսի» գերդաստանն ակտիվորեն բարեգործություն է անում ի նպաստ հիվանդանոցի: Ի դեպ, Սուրբ Փրկչի տարածքում հանգչում են Գալուստի ծնողները եւ հորեղբայր Սարգիս Սերովբեն:

Բարձունքի վրա 18 շենքեր զբաղեցնում են 13 հազար քառակուսի մետր մակերես, իսկ ընդհանուր տարածքը 20 հազար քառակուսի մետր է. Սուրբ Փրկիչը հայկական ամենամեծ հիվանդանոցային համալիրն է Հայաստանից դուրս: Անցել են ժամանակները, երբ հիվանդանոցի տարածքում մոմ եւ լուցկի էին արտադրվում եկեղեցու համար, գործում էր կոշիկի արտադրամաս: 1900-1910 թվականներին Սուրբ Փրկչում հրատարակվում էր տարեգիրք, որը պատմում էր Կոստանդնուպոլսի եւ ամբողջ կայսրության հայերի կյանքի մասին: Այս ամենն արտացոլված է հիվանդանոցի պատվո տաղավարում գործող թանգարանում: Վերջինս 2004-ին մեծ շուքով բացվեց Թուրքիայի վարչապետ Էրդողանի եւ մշակույթի նախարարի ներկայությամբ:

Պոլսահայոց մեծ հիվանդանոցն ավելի շատ հայտնի է «Ազգային տուն» կամ «Գթության հարկ» անուններով եւ արժանանում է առանձնահատուկ ուշադրության: Հաստատությունն առաջատար է բարեգործության ասպարեզում, քանզի ամեն տարի քաղաքի հայկական ծխական համայնքները նրան ներկայացնում են կարիքավոր հայերի ցանկը: Հիվանդանոցից բացի, համալիրն ունի ծերանոց, զարկերակային հիվանդների խնամքի կենտրոն եւ հաշմանդամ երեխաների ընդունման կենտրոն:

Քաղաքի ծայրամասում գտնվելը չի խանգարում, որ Սուրբ Փրկիչը մնա ազգային կյանքի կենտրոնատեղիներից մեկը: Բարեգործական նպատակներով զանազան մշակութային միջոցառումներ եւ ցուցահանդեսներ են անցկացվում «Բիլեկ» շենքում, որի կենվորները հայ համայնքի նախկին գործիչներ են, այդ թվումՙ մտավորականներ, դպրոցների տնօրեններ եւ այլն:

Այդ շենքում ընթացիկ տարվա հունիսի 4-ին Սուրբ Փրկչի 180-ամյակի միջոցառումների շրջանակում անցկացվեց Օսմանյան կայսրությունում հայերի պատմությանը նվիրված ցուցահանդես, որի կազմակերպիչը պատմաբան, Սուրբ Փրկչի վարչական խորհրդի անդամ, 1949-ին հիմնված «Սուրբ Փրկիչ» երկլեզու ամսագրի գլխավոր խմբագիր Արսեն Յարմանն էր: Նա հեղինակն է թուրքերեն հրատարակված մի ծավալուն ակադեմիական աշխատության:

1961-ին հիվանդանոց է այցելել Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ն, 1964-ինՙ աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանը:

170 մահճակալ ունեցող հիվանդանոցը ամեն օր ընդունում է 700-900 հիվանդների (մեծ մասամբ թուրքեր), մատուցում է օրական 1800 ճաշ, օթեւան է ծառայում 450 անձանց համար, որոնք հիմնականում հայ համայնքի տարեցներ են: Նորագույն տեխնոլոգիաներով հանդերձավորված հիվանդանոցը Թուրքիայում լավագույն բժշկական կենտրոնն է հոգեբուժության, ուռուցքաբանության եւ մանկաբարձության ոլորտներում: Հայ եւ թուրք մասնագետներից կազմված բուժանձնակազմը մեծ հարգանք է վայելում երկրում: Ի դեպ, մտային խանգարումներ ունեցող հինգ տասնյակ երեխաներ օթեւանել են հիվանդանոցի հատուկ կողաշենքում, որտեղ նրանք կարող են ցմահ բնակվել որբանալու դեպքում: 2008 թվականին հիվանդանոցը նոր սարքավորումներ ստացավ Լիսաբոնի Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի միջոցներով: Ներկայումս ձեւավորվում է քաղցկեղաբուժության հատուկ բաժանմունք:

Սուրբ Փրկիչ հիվանդանոցի կառավարիչը անկախ վարչական խորհուրդն է, որը կազմված է տասներկու հայ երեւելիներից եւ որի նախագահն է Պետրոս Սիրինօղլուն: Այդ մեծահարուստ գործարարը Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հետ հայ համայնքի ներկայացուցչի դեր է կատարում թուրքական իշխանությունների մոտ, քանզի համայնքը գլխատված է (Հրանտ Դինքի սպանությունը եւ Մեսրոպ Բ պատրիարքի տկարամտությունը):

Թեեւ Սուրբ Փրկչի տնօրենությունը ընդհանուր լեզու է գտնում Թուրքիայում կառավարող չափավոր իսլամիստների հետ, բայց կալվածքների հարցում զերծ չի մնում տհաճություններից: Այսպես, վարչապետ Էրդողանը 2004-ին Սուրբ Փրկիչ կատարած այցելության ժամանակ խոսեց Թուրքիայում խաղաղ գոյակցության արժանիքների մասին, պաշտպանեց հայերի լիարժեք քաղաքացիության իրավունքը, բայց շրջանցեց 1985-ին պետության կողմից Սուրբ Փրկչին կից հողատարածքի առգրավման հարցը: 43160 քառակուսի մետր մակերեսով այդ տեղանքը Զեյթինբուռնուի մունիցիպալիտետին էր փոխանցվել մարզահրապարակի կառուցման ակնկալիքով: Վարչապետի հրահանգին հակառակՙ Ստամբուլի դատարաններից մեկը վերջերս վճիռ կայացրեց այդ հողատարածքը իր օրինական տիրոջը վերադարձնելու մասին:

Հենց այդ տարածքի վրա Սուրբ Փրկիչը նախատեսում է կառուցել հիվանդանոցային նոր կենտրոն: Բացի այդ կալվածքից, Սուրբ Փրկչի վարչական խորհուրդը Ստամբուլում ունի անշարժ կայք, որի մի մասը կառուցվել է անձամբ սուլթանի նվիրատվություններով: Ավանդույթն ու արդիականությունը միախառնելովՙ հաստատությունը զարգանում է, հպարտություն պատճառելով աշխարհի հայերին եւ իր այցելուներին:

Ըստ France-Arme՛nie-ում ՏԻԳՐԱՆ ԵԿԱՎՅԱՆԻ հոդվածի պատրաստեց ՊԵՏՐՈՍ ՔԵՇԻՇՅԱՆԸ

Նկար 1. Հիվանդանոցի միջանցքը

Նկար 2. Սուրբ Փրկիչ եկեղեցին հիվանդանոցի տարածքում

Նկար 3. Սուրբ Փրկիչ հիվանդանոցի ընդհանուր տեսքը


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4