Տիկին Էմմա Թապիպյան-Սողոյանը, որը Սաութֆիլդ, ՄԻ-ի Հովհաննես Մկրտիչ եկեղեցու երկարամյա անդամն ու մեկենասն է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի, նոյեմբերի 11-ին Սաութֆիլդի եկեղեցու սրահում ճաշկերույթի ընթացքում պարգեւատրվել է «Ս. Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով ու հայրապետական կոնդակով: Նրան այս պարգեւը շնորհել է Գարեգին Երկրորդ կաթողիկոսը:
Տիկին Թապիպյան-Սողոյանը եւ նրա հանգուցյալ ամուսինը` Գալուստ Քարլ Սողոյանը, Ս. Էջմիածնի մի շարք ծրագրերի մեկենասներն են եղել: Ծրագրերից հատկապես կարեւոր է 2007-ին Մայր աթոռին 18 հայերեն գրչագիր մատյաններ նվիրելու որոշումը: Տիկին Թապիպյան-Սողոյանը նշել է, որ գրչագիր մատյաններ հավաքելու գործը ինքն ու ամուսինը նախաձեռնել էին 40 տարի առաջ` ներշնչված լինելով Փառեն եպիսկոպոս Ավետիքյանից այն ժամանակ, երբ վերջինս նրանց ծանոթացրել է Էջմիածնի ձեռագրաց հավաքածուին:
Ի. Պ.