«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#213, 2012-11-29 | #214, 2012-11-30 | #215, 2012-12-01


«ՋԱԶԻ ՍՐԲԱԶԱՆ ՀՐԵՇԸ»

«Ջազի սրբազան հրեշ» մականունը կրող Ռիշար Գալիանոն, որի երեւանյան առաջին համերգը տեղի կունենա այսօր, ծնվել է 1950-ին հայտնի ակորդեոնահար Լուսիեն Գալիանոյի ընտանիքում եւ, ինչպես Ռիշար Գալիանոն է ասում, նա հոր օրինակով է ընտրել այդ գործիքը: Նիցցայի կոնսերվատորիայում ուսանել է ակորդեոն, հարմոնիա եւ տրոմբոն: 3 տարի նա որպես դիրիժոր եւ կոմպոզիտոր հանդես է եկել իր իսկ հիմնած խմբում: Գալիանոն մի շարք CD-ներ է ձայնագրել հայտնի ֆրանսիացի երաժիշտներ Բարբարայի, Սերժ Ռեգիանի, Շառլ Ազնավուրի եւ Ջուլիետ Գրեկոյի հետ: Ելույթ է ունեցել ջազային երաժիշտներ` Չեթ Բեքերի, Սթիվ Փոթսի, Ջիմմի Գորլիի, Թութս Թիլեմանսի հետ: Թավջութակահար Ժան Շառլ Կապոնի հետ ձայնագրել է իր առաջին սկավառակը, իսկ Ռոն Քարտերի հետ համատեղ` 1990-ական թվականններին թողարկել է իր առաջին ալբոմը: Ֆրանսիայում Ռիշար Գալիանոն հիմնադրում է Festival des Nuits de Nacre փառատոնը, որի գեղ. ղեկավարն էր մինչեւ 1992թ.-ը:

Հանդիպումը Աստոր Պիացոլայի հետ վերադարձնում է Գալյանոյին իր արմատներին եւ ավանդական Valses-Musette-ի, Javas-ի, Complaintes-ի and Tangos-ի երգանցանկին, որը երկար ժամանակ չէր ընդունում: Ոգեշնչվելով Գաս Վիսուրից եւ Տոնի Մուրենայից, նա ձերբազատվում է ակորդեոնի մասին կարծրատիպերից եւ ներկայացնում ամբողջապես նոր ռիթմիկ կոնցեպտ եւ ջազին առավել մոտ հարմոնիկ ոճ: Իր նոր մոտեցումը նա արտահայտում է Ալդո Ռոմանոյի, Պիեռ Միշելոտի եւ Ֆիլիպ Կատերի հետ ձայնագրած New Musette CD-ում, որի համար 1993թ.-ին արժանանում է «Տարվա ֆրանսիացի երաժիշտ» մրցանակին Academie du Jazz՛s Django Reinhardt Prize-ում: Իսկ նրա Gallianissimo ալբոմը, ճանաչվում է բոլոր տարիների Dreyfus Jazz ալբոմ: 1996-ին Ջորջ Մրազի, Էլ Ֆոսթերի եւ Բիրելի Լագրենի հետ ձայնագրել է «New York Tango» ձայնասկվառակը, որի համար ստացել է «Victoire de la Musique» մրցանակը:

Հայր եւ որդի Գալիանոների մշակած ակորդեոնի ուսումնական մեթոդը 2009թ.-ին ստացել է SACEM մրցանակը` որպես լավագույն կրթական գործ: Արդեն դասական համարվող Գալինոյի տեսաձայնագրությունների հիման վրա ստեղծվել են 100-ավոր տեսադասընթացներ: 2010թ.-ից Գալիանոն էքսքլյուզիվ պայմանագիր ունի Deutsche Grammophon (Universal)-ի հետ, որի համար արված նրա առաջին` Յո. Ս. Բախին նվիրված սկավառակը դարձավ տարվա լավագույն դասական սկավառակը եւ վաճառվեց 40.000 օրինակով:

- Պրն Գալիանո, Ձեզ հետ ստեղծագործական կատարողական համագործակցություն են ունեցել երաժշտական տարբեր ժանրեր եւ ուղղություններ ներկայացնող աշխարհահռչակ բազմաթիվ երաժիշտներ, այնուամենայնիվ ի՞նչ տեղ է գրավում Ձեր ստեղծագործություններում ֆոլկ երաժշտությունը:

- Ֆոլկ երաժշտությունը շատ առանձնահատուկ տեղ է գրավում, ինչպես ակորդեոնը, որը պատկանում է բոլոր երկրներին: Ես հորինել եմ երեւակայական ֆոլկլոր իմ «Կոնցերտո» ստեղծագործության մեջ` ներշնչվելով ե՛ւ ֆրանսիական, ե՛ւ արգենտինական ոճի երաժշտությունից: Վստահ եմ, որ այս ստեղծագործությունը հայաստանյան համերգին հետաքրքրական կստացվի` Ֆրանսիայում ճանաչված Վահան Մարտիրոսյանի գլխավորությամբ, որն ինձ համար շատ լավ երաժիշտ եւ ղեկավար է:

- Ձեր տպավորությունները շանսոնի մեծ վարպետ Շառլ Ազնավուրի հետ համագործակցությունից:

- Շառլ Ազնավուրի մի շարք ձայնագրություններին եմ մասնակցել, որտեղ նվագել եմ ակորդեոն, բանդոլեոն: Ազնավուրը շատ հայտնի մի երգ ունի` «Ապրել քեզ հետ», որի գործիքավորումը երբ անում էի, նրա հետ ավելի մտերիմ համագործակցություն ունեցա: Ազնավուրի հետ մոտիկից շփվելով հասկացա, որ նա մեծ երգիչ լինելուց բացի պրոֆեսիոնալ մակարդակի երաժիշտ է նաեւ:

- Ձեր ստեղծագործական կենսագրության պայծառ էջերից է Բախին նվիրված սկավառակը, դուք պատրաստվո՞ւմ եք նորից անդրադառնալ այլ դասականներին եւս:

- Մյուսը Վիվալդին է լինելու, որը հաջորդ գարուն է լույս տեսնելու Deutsche Grammophon-ի կողմից: Ջազից անցումը Վիվալդիին ինձ մեծ ազատություն է տալիս: Ըստ իս, արդյունքը հետաքրքրական է ստացվել:

- Ո՞րն է որպես երաժիշտ Ձեր յուրօրինակությունը:

- Իմ գլխավոր յուրօրինակությունը միջերկրածովյան ֆոլկ երաժշտության ինտեգրումն է ջազին: Ինչպես Աստոր Պիացոլան էր նշում, երաժիշտը պետք է նվագի իր ժողովրդի երաժշտությունը, որը մի փոքր ազգային մոտեցում է: Ես ծնվել եմ Կաննում եւ ծովի ռիթմը ինձ ոգեշնչում է, ահա թե ինչու ես շատ մոտ եմ լատինական երաժշտությանը: Նույնիսկ տանգո նվագելու իմ մոտեցումը միջերկրականյան է, ոչ թե արգենտինական: Իմ նվագած երաժշտության մեջ միշտ կա ծովի շարժումը, որն ինձ համար շատ կարեւոր է:

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4