Անցյալ հոկտեմբերի 20-ին Մոնրեալի (Կանադա) «Կլոդ Շամպայն» համերգասրահում տեղի է ունեցել ստամբուլահայ երգչուհի Սիպիլի համերգըՙ ի նպաստ «Ապագայ» ազգային, մշակութային եւ հասարակական շաբաթաթերթիՙ նվագախմբի ղեկավարությամբ երգահան Մաժակ Թոշիկյանի, ընկերակցությամբ դաշնակահար Պուրակ Պետիկյանի եւ մասնակցությամբ «Գառնի» պարախմբի:
«Կարծեմ լաւագոյնն է ըսել, որ մէկը միւսին լրացնելով, բոլորն ալ հաւասարապէս իրենց տաղանդը ցոյց տուին», գրում է այդ առթիվ տիկին Քրիստինե Տրդատյան-Գույումճյանը շաբաթաթերթի նոյեմբերի 5-ի համարում:
Սիպիլը ներկայացրել է հմուտ երգչուհու վարպետությամբ «Նամակը» (խոսք Հ. Շիրազի, երաժշտությունըՙ Թոշիկյանի), «Կիլիկիան», «Ամպեց կորավը», «Բարի արագիլը» եւ այլ երգեր իր անուշ ձայնով:
Պոլսից հրավիրված դաշնակահար Պուրակ Պետիկյանը ցույց է տվել «մատնաշարին իր զգայուն հպումը, երգին պատկերացուցած կարօտը, ցաւն ու գեղեցկութիւնը»:
Իսկ «Գառնի» պարախումբը խանդավառել է ներկաներին իր խորապես ազգային պարատեսակներով:
Նախորդ օրը «Ապագայի» 37-րդ տարեդարձի առթիվ ԹՄՄ-ի կենտրոնում տեղի է ունեցել ընկերական ջերմ հանդիպում Սիպիլի, Մաժակի, Պուրակի եւ Նյու Յորքից ու Տորոնտոյից ժամանած հյուրերի ու վարչականների հետ: Բարի գալուստի խոսքերով հանդես են եկել ԹՄՄ-ի վարչության ատենապետ Արթո Մանուկյանն ու միության նախագահ դոկտ. Արշավիր Գյոնճյանը: Ելույթ է ունեցել նաեւ Նյու Յորքից Istanbul Armenia Relief Society-ի խմբի կողմից Պերճ Արազը: Վերջում Սիպիլը խոսել է հայ երգի ու երաժշտության հանդեպ ունեցած իր սիրո մասին:
Հ. Ծ.