«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#213, 2012-11-29 | #214, 2012-11-30 | #215, 2012-12-01


ԷԴՈՒԱՐԴ ԷԼԲԱԿՅԱՆԻ ԱՎԱՆԴԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹՈՒՄ

Հայաստանի վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Էդուարդ Էլբակյանը իր 85-ամյակի եւ Հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 90-ամյակի կապակցությամբ օրերս պարգեւատրվեց Հայաստանի վարչապետի շնորհակալագրով:

2003 թվականին Էդուարդ Էլբակյանը պարգեւատրվել էր նաեւ հանրապետության նախագահի շնորհակալագրով կրթության ու գիտության բնագավառներում ունեցած վաստակի համար:

Էդուարդ Էլբակյանը, որն իր ներդրումն ունի հայ ժողովրդի երգարվեստի զարգացման ու տարածման մեջ, ծնվել է 1927 թվականին Գյումրիում: Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում, այնուհետեւ մասնագիտական կրթությունը ստացել է Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան կոնսերվատորիային կից երաժշտական ուսումնարանում, ապա եւ նույն կոնսերվատորիայում: Ուսումնառությանը զուգահեռ Մոսկվայում աշխատել է ինքնագործ խմբերի հետ եւ մանկական երգչախմբային ստուդիաներում: 1963 թվականից պրոֆեսոր Էլբակյանն ուսումը շարունակել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Իսկ 1967 թվականից դասախոսում է Մանկավարժական համալսարանի գեղարվեստական դաստիարակության ֆակուլտետի խմբավարության ամբիոնում, 1977-84 թվականներին եղել է նույն ամբիոնի վարիչը: Իր մասնագիտական կարողությունների միջոցով Էդուարդ Էլբակյանն ուսանողներին փոխանցել է այնպիսի գիտելիքներ, որոնց շնորհիվ նրա ուսանողները եւս իրենց մասնագիության մեջ դարձել են պրոֆեսիոնալներ, մրցույթների դափնեկիրներ, եւ նրանցից շատերը հիմա հաջողությամբ աշխատում են հանրապետության տարբեր քաղաքներում:

Մանկավարժական աշխատանքին զուգընթաց Էդուարդ Էլբակյանը ծավալել է նաեւ կատարողական գործունեություն ու մասնակցելով հանրապետական մրցույթների` մի քանի անգամ արժանացել է առաջին մրցանակին: Համատեղ աշխատել է նաեւ Հայաստանի երաժշտական ընկերությունում որպես մանկական երգչախմբային ստուդիայի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր: Նույնիսկ այդ ժամանակ կային դասընթացներ, որոնք Մանկավարժական ինստիտուտի երաժշտամանկավարժական ֆակուլտետի ուսանողներն անցկացնում էին մանկական երգչախմբային ստուդիայում, որտեղից ստեղծագործություններն անմիջական ուղիով փոխանցվում էին Մանկավարժական ինստիտուտ եւ համալրում ուսումնական երգացանկը նոր խմբերգերով: Իսկ 1982-ին, երբ Մոսկվայի Մեծ թատրոնը հյուրախաղերով Երեւանում էր, Էդուարդ Էլբակյանին առաջարկեցին, որ Երաժշտական ընկերության ստուդիայի երգչախումբը մասնակցի Մուսորգսկու «Բորիս Գոդունով» եւ Վերդիի «Դիմակահանդես-պարահանդես» օպերաների ներկայացումներին: Հյուրախաղերի ավարտին Հայաստանի երաժշտական ընկերությունը ստացավ շնորհակալագիր նախկին Խորհրդային Միության մշակույթի նախարարությունից ու Մեծ թատրոնի ղեկավարությունից ներկայացումներին իր գեղարվեստական ու կատարողական բարձր դրսեւորման համար:

Է. Էլբակյյանը նաեւ հեղիանակել է մի շարք գիտամեթոդական աշխատանքներ, հոդվածներ ու խմբերգային ստեղծագործություններ ու կազմել հայ կոմպոզիտորների խմբերգերի ժողովածուները:

1986 թվականին Է. Էլբակյանին շնորհվել է դոցենտի, իսկ 1990-ին` պրոֆեսորի գիտական կոչում:

Ներկայումս, չնայած իր տարիքին, Էդուարդ Էլբակյանը եռանդուն շարունակում է աշխատել ու դասավանդել Պետական մանկավարժական համալսարանում: Իր հմտությունների, նաեւ ստեղծագործական հաճելի մթնոլորտ ստեղծելու ունակության շնորհիվ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր պրոֆեսորը վայելում է կոլեկտիվի եւ ուսանողության սերն ու հարգանքը:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4