Հայկական պետական մանկավարժական համալսարանը հիմնադրման 90-ամյակի շրջանակում շարունակում է հյուրընկալել բուհի բարեկամներին: Այս անգամ համալսարանում էր Լրագրողական միությունների միջազգային կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղար, պրոդյուսեր, սցենարիստ, բազմաթիվ հաղորդումների եւ գեղարվեստական ֆիլմերի հեղինակ, ռուսաստանաբնակ Աշոտ Ջազոյանը :
Վերջինիս Մանկավարժականի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը շնորհեց բուհի 90-ամյակը խորհրդանշող մեդալ: «Աշոտ Ջազոյանը Հայաստանում է «Արարատի ստորոտին» մեդիաֆորումի շրջանակում: Ռուսական հայտնի լրատվամիջոցների ղեկավարներն ու առաջատար լրագրողները վարպետության դասեր են անցկացնում հայ լրագրողների համար: Ես հպարտ եմ, որ Ձեր անմիջական միջամտությամբ նրանք հնարավորություն ունեն ճանաչելու մեր երկիրն ու ժողովրդին»:
Ռուբեն Միրզախանյանը շնորհակալություն հայտնեց Աշոտ Ջազոյանին` հեռուստառադիոլրագրության բաժնում օրերս անցկացրած վարպետության դասի համար:
Անվանի մեդիագիտակը նկատեց, որ հիացած է Մանկավարժականի ուսանողների ուսում ստանալու անհագ ձգտմամբ. «Ես պատրաստ եմ համագործակցել բուհի հետ, եւ դրա շրջանակում կարող ենք կազմակերպել առաջատար մասնագետների բաց-դասախոսություններն ու մասնագիտական կուրսերի ուսանողների մեկշաբաթյա պրակտիկան Ռուսաստանում»,- հավելեց Աշոտ Ջազոյանը:
Նա շրջեց համալսարանում, եղավ նորաբաց թանգարանում եւ ցանկություն հայտնեց Տարտուի համալսարանից Մանկավարժական տեղափոխել իր պապի` Նիկոլայ Նիկողոսյանի քանդակած Աբովյանի կիսանդրին: