«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#213, 2012-11-29 | #214, 2012-11-30 | #215, 2012-12-01


ԱՎԱՆԴՈՒՅԹԸՙ ՀԵՌԱՎՈՐ ՄԻ ՄԵՂԵԴԻ

Այս խորագրի ներքո իսրայելական «Հաարեց» թերթը մի ամբողջ էջ է նվիրել Արամ Ղարաբեկյանի եւ Աննա Մայիլյանի կատարողական արվեստին, գտնելով, որ հմայիչ ու հիպնոսացնող է այն:

«Ինչպե՞ս կարելի է 21-րդ դարում դահլիճ բերել միջինից ցածր տարիքի երիտասարդներին» հարցին հոդվածի սկզբում լրագրող Նոամ Բեն Զեեւը պատասխանում է, որ գաղտնիքը «երաժշտության բովանդակության, ճաշակի եւ երեւակայության մեջ է, նաեւ երգացանկի ճիշտ ընտրության»:

Խմբավար Արամ Ղարաբեկյանի ղեկավարությամբ Երուսաղեմի իսրայելական կամերային նվագախմբի «Կովկասի եւ Արարատի միջեւ» հիպնոսացնող կատարումը ապացուցում է, որ համերգը դեռեւս մնում է դասական երաժշտության գլխավոր նվաճումը, գրում է նա:

Անցյալ տարի նվագախումբը Ջոզեֆ Բարդանաշվիլիի ղեկավարությամբ համերգներով հանդես է եկել Վրաստանում եւ Հայաստանում, եւ այդ ժամանակ էլ ծրագրվել է ներկա համերգը: Ներկայացվել են Ալեքսանդր Հարությունյանի, Էդուարդ Միրզոյանի, Տիգրան Մանսուրյանի եւ անշուշտ Մեծն Կոմիտասի ստեղծագործությունները:

«Երկուսուկես ժամ տեւած համերգը, որը սովորականից մի փոքր ավելի երկար է, մեծ հաճույք պատճառեց: Բեմի կենտրոնում կանգնած էին ապշեցուցիչ երկու երաժիշտներՙ խմբավար Արամ Ղարաբեկյանը, ծնված Թեհրանում, որը Հայաստան է վերադարձել երկրի անկախություն ձեռք բերելուց հետո, եւ որը ձեռքի եւ մարմնի շարժումների թեթեւ, նուրբ, բայց նաեւ ճշգրիտ համադրումով օժտված առաջնակարգ երաժիշտ է, եւ նրա կողքինՙ Երեւանի Կոմիտասի անվան երաժշտանոցի վոկալի պրոֆեսոր, մեցոսոպրանո Աննա Մայիլյանը, որ հրեշտակի նման երգեց եւ անսահման թովչանք պարգեւեց», խոստովանում է լրագրողը, հատկապես շեշտելով երգացանկից դուրս, որպես «encore» նրա անթերի արտասանությամբ կատարած «Eli, Eli» եբրայերեն հայտնի երգը:

«Կովկասի եւ Արարատի միջեւ» համերգը գերազանց դաս էր երաժշտական մշակույթի առումով, եզրակացնում է «Հաարեցի» հոդվածագիրը:

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4