Ամիսներ անց կրկին «Ազգի» հյուրն էր Բուենոս Այրեսի (Արգենտինա) «Հայկական կինո» կազմակերպության հիմնադիր նախագահ Ժակ Պողոսյանը: Հիշեցնեմ, որ մոտ 10 տարվա պատմություն ունեցող այդ կազմակերպությունը Բուենոս Այրեսի ՀԲԸՄ-ի աջակցությամբ ամիսը մեկ անգամ ցուցադրում է հայկական ֆիլմեր, կազմակերպում կինոլեկտորիումներ, դասախոսություններ եւ հանդիպումներ հայ անվանի արվեստագետների հետ: Ուշագրավ է նաեւ, որ այդ ծրագրի շրջանակներում մշտապես տեղ են գտնում աշխարհի տարբեր կինոփառատոներում ներկայացված հայկական ֆիլմերը:
Ինչպես «Ազգի» հետ զրույցում ասաց Ժակ Պողոսյանը. «Հայաստանում հավատարմագրված Արգենտինայի դեսպանության հետ դեկտեմբերի 4-13-ը Թումանյան 42 հասցեում գտնվող «Ակումբում» կանցկացվի արգենտինական կինոյի լավագույն ֆիլմերի փառատոնը: Փառատոնում ընդգրկված ֆիլմերը գեղարվեստական ենՙ ոճական առումով տարբեր: Հետաքրքրական ու գեղեցիկ է նկարված «Անիսետո» ֆիլմը, որը ներկայացնում է արգենտինյան կրքոտ պարերի պատմությունը: Կան նաեւ ժամանակակից, պատմական եւ դրամատիկ սյուժեներով նկարված ֆիլմեր, որոնք կցուցադրվեն անգլերեն լեզվով»: Պրն Պողոսյանը նշեց, որ «Հայկական կինո» կազմակերպությանը մշտապես աջակցում է Արգենտինայում Հայաստանի դեսպան Վահագն Մելիքյանը: Եվ այս փառատոնի կազմակերպմանը նաեւ աջակցել է դեսպանությունը:
Ժակ Պողոսյանը ընտրվել է «Կին» միջազգային 9-րդ փառատոնի ժյուրիի անդամ, որը անցկացվելու է դեկտեմբերի 3-7-ը, Երեւանում:
Նշեմ նաեւ, որ պրն Պողոսյանը հայ կինոյի եւ կինոգործիչների մասին հաճախակի վերլուծական հոդվածներ է տպագրում իսպանական մամուլում եւ այժմ էլ աշխատում է 2013 թվականին կազմակերպվող «Ոսկե ծիրան» կինոփառատոնի եւ «Հայկական կինո» կազմակերպության 10-ամյակների հոբելյանական ծրագրերի շուրջը:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ