Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում է բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որում ընթացող մենամարտերն աչքի են ընկնում համառ մրցապայքարով:
Բնականաբար, առաջին հերթին ուշադրության կենտրոնում հայ բռնցքամարտիկների մասնակցությամբ մենամարտերն են: Առաջին փուլի արգելքը հաջողությամբ հաղթահարեց նաեւ Հայրիկ Նազարյանը: Մինչեւ 46-49 կգ քաշային բռնցքամարտիկի մրցակիցն իտալացի Ջիանլուկա Կոնսելմոն էր: Առաջին ռաունդում հայ բռնցքամարտիկը հաղթեց 10-5 հաշվով: 2-րդ եւ 3-րդ ռաունդներում Նազարյանը եւս վստահ մենամարտեց ու հանդիպումը շահեց 21-12 հաշվով:
Գավառցի բռնցքամարտիկը մենամարտից հետո հետեւյալն ասաց. «Առաջին մենամարտս էր, ուստի լարվածությունը մեծ էր: Ուրախ եմ, որ հաղթեցի եւ հնարավորություն ստացա շարունակելու պայքարը: Կաշխատեմ մնացած 4 մենամարտերն էլ հաղթանակով ավարտել: Մրցակցիս հնարավորություններին ծանոթ չէի, բայց զգացի, որ նա տեխնիկապես թույլ է պատրաստված: Ինչ խոսք, երկրպագուների աջակցությունը ոգեւորում է մեզ: Դա նաեւ պարտավորեցնող է: 2-րդ անգամ եմ մասնակցում աշխարհի առաջնությանը: Ինձ այստեղ ավելի վստահ եմ զգում»:
Քիչ անց դահլիճում հավաքված մարզասերներն ուրախանալու եւս մեկ առիթ ունեցան: Իր առաջին մենամարտը հաղթանակով ավարտեց Գոռ Երիցյանըՙ 10-5 հաշվով պարտության մատնելով չինացի Լիու Յու Լինին: 64 կգ քաշային կարգում հանդես եկող հայ բռնցքամարտիկն առաջին անգամ է մասնակցում աշխարհի երիտասարդական առաջնությանը, սակայն նա մրցակցային զգալի փորձ ունի: Եվրոպայի երիտասարդական առաջնություններում նա բրոնզե մեդալներ է նվաճել: Գոռը բռնցքամարտով զբաղվում է 7 տարի:
Իսկ ահա մինչեւ 60 կգ քաշային կարգում Արման Դարչինյանը չկարողացավ հաղթահարել առաջին փուլի արգելքն ու դուրս մնաց հետագա պայքարից: Նա 7-15 հաշվով պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Հուսեյն Բայսանգուրովին:
Մինչեւ 91 կգ քաշայինների մրցավեճում վստահ հանդես եկավ Ռաֆայել Սիմոնյանըՙ 19-8 հաշվով պարտության մատնելով վրացի Դաթա Կվիրկվելիային: