Պետություն-մասնավոր համագործակցության ճանապարհին
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Թե ի՞նչ է արտահանման վրա հիմնված արդյունաբերության զարգացման ռազմավարությունը, մեր թերթում հաճախ ենք ներկայացրել, ուստի սահմանափակվենք համառոտ հիշեցումով:
Ռազմավարությամբ ընտրվել է արդյունաբերության 11 ճյուղ, որոնց զարգացման ուղղությունները ու պահանջվող ներդրումներ են մշակվել, ինչպես նաեւ այն միջոցառումները, որ պետություն-մասնավոր համագործակցության կօգնեն կյանքի կոչել այս ռազմավարությունը: Ընտրված ճյուղերն ենՙ կոնյակագործությունը, գինեգործությունը, պահածոների, հյութերի, ջրերի արտադրությունները, ադամանդագործությունը, ոսկերչությունը, ժամացույցների արտադրությունը, ճշգրիտ ճարտարագիտությունը, դեղարտադրությունը, տեքստիլ արտադրությունը: Ծրագրվում է, որ այս ռազմավարության իրագործումից հետո, 2015-ին վերոնշյալ ճյուղերի ապրանքների արտահանումը պետք է կազմի 700-900 մլն դոլարՙ ներկայիս 385 մլն դոլարի փոխարեն: Առաջին փուլի համար ընտրվել է 3 ոլորտՙ կոնյակագործություն, դեղարտադրություն եւ ճշգրիտ ճարտարագիտություն:
Այժմ անդրադառնանք, թե ի՞նչ գործնական քայլեր են կատարվել արտահանման վրա հիմնված արդյունաբերության զարգացման ռազմավարության իրականացման ուղղությամբ:
Էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության քաղաքականության վարչության պետ Հայկ Միրզոյանի տեղեկացմամբ, այս ընթացքում աշխատանքներ են իրականացվել ինչպես ոլորտային ռազմավարությունների, այնպես էլ ինստիտուցիոնալ կառույցների ձեւավորման ուղղությամբ: Մասնավորապես, ստեղծվել է վարչապետին կից արդյունաբերական խորհուրդը, ինչպես նաեւ կոնյակագործության, գինեգործության, դեղագործության, ճշգրիտ ճարտարագիտության, ոսկերչության, ադամանդագործության, ժամագործության, թեթեւ արդյունաբերության ոլորտային խորհուրդները: Վերջիններս գործում են էկոնոմիկայի նախարարության եւ արտացոլում են պետական-մասնավոր համագործակցության կառուցվածքը: Այսինքն, ճյուղային կամ ոլորտային խորհուրդներում ներգրաված են տվյալ ճյուղի մասնավոր ընկերությունների, գիտական եւ ուսումնական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների եւ պետական համակարգի ներկայացուցիչները: Սկզբունքն այնպիսին է, որ, ինչպես վարչապետին կից արդյունաբերական զարգացման խորհրդում` այդ խորհուրդներում խորհուրդներում կազմում են մասնավոր հատվածի ներկայացուցիչները: Ինչը նշանակում է, որ մասնավորի խոսքը որոշիչ նշանակություն է ունենում:
Ճյուղային խորհուրդները մշակում են տվյալ ոլորտի ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը: Դեղագործության եւ կոնյակագործության ռազմավարությունները մշակվել եւ արդեն հաստատվել են վարչապետին կից արդյունաբերական խորհրդում: Խորհրդի նոյեմբերի 27-ին տեղի ունեցած նիստում հաստատվեցին եւս երկու ճյուղի` ճշգրիտ ճարտարագիտության գործողությունների ծրագիրը եւ գինեգործության ոլորտի ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը, կնքվեցին համագործակցության հուշագրեր այդ ոլորտների ներկայացուցիչների հետ: Պետության կողմից հուշագրերը ստորագրեցին էկոնոմիկայի եւ գյուղատնտեսության նախարարները:
Նույն նիստի ժամանակ արդյունարական խորհրդի անդամներին ներկայացվել են մյուս ոլորտներից ոսկերչության, ադամանդագործության եւ ժամագործության ռազմավարությունը, որը գտնվում է քննարկման փուլում: Ըստ Հայկ Միրզոյանի, գինեգործութան ռազմավարությունը քննարկվել եւ դրական գնահատականների է արժանացել «Ֆրուտֆուլ Արմեինա» համաժողովի շրջականերում Հայաստան եկած ոլորտի միջազգային հայտնի փորձագետների կողմից: Ոսկերչության «Երեւան շոու» համաժողովի շրջանակներում ոսկերչության, ադամանդագործության եւ ժամագործության ռազմավարությունն է ներկայացվել Հայ ոսկերիչների ասոցիացիայի անդամներին ու հյուրերին եւ նույնպես արժանացել նրանց հավանությանը:
Արդյունաբերության քաղաքականության վարչության պետը հայտնեց, որ մասնավոր հատվածի ներկայացուցիչները կներգրավվեն նաեւ կառավարության որոշմամբ ձեւավորվող արդյունաբերության զարգացման հիմնադրամի խորհրդի աշխատանքներում: Ըստ Հայկ Միրզոյանիՙ 2013-ի պետբյուջեով նախատեսվում է հիմնադրամին հատկացնել 300 մլն դրամ ռազմավարության իրականացման համար: «Նկատի ունենալով, որ խոսքը պետություն-մասնավոր համագործակցության մասին է, ակնկալում ենք, որ մասնավոր հատվածից կարող են ներդնումներ իրականացվել այս ռազմավարության իրագործման նպատակով: Այդ նպատակով պետությունը ստեղծեց արդյունաբերության զարգացման հիմնադրամ, բյուջեից հատկացված միջոցներով, միջազգային կազմակերպությունների գումարներով եւ մասնավոր ներդնումներով», ասաց մեր զրուցակիցը, ավելացնելով, որ հստակ ամրագրված է, թե որ մասը պետք է ֆինանսավորի պետությունը, որը` մասնավորը, որը` միջազգային դոնորները: «Այսինքն, այդ համագործակցությունն իրականացնում ենք համամասնորեն` պետության եւ մասնավորի կողմից», նշեց նա:
Խորհուրդներից բացիՙ յուրաքանչյուր ոլորտի համար զարգացման հայկական գործակալությունում ստեղծվել են քարտուղարություններ, որոնք հիմնական պատասխանատուներն են յուրաքանչյուր ոլորտի միջոցառումների իրականացման համար: Քարտուղարությունները պետք է միջոցառումների մոնիտորինգ իրականացնեն, ծագած խնդիրների մասին տեղեկացնեն խորհուրդներին եւ պետական մարմիններին, հետեւեն աշխատանքների կատարման ընթացքին եւ զեկուցեն այդ մասին ոլորտային խորհուրդներին:
Մեր հարցին, թե արդեն հաստատված ծրագրերը ինչպե՞ս են իրականացվում, հետ չե՞ն մնում ժամանակացույցից, Հայկ Միրզոյանը պատասխանեց, որՙ օրինակ, դեղագործության եւ կոնյակագործության ծրագրերը ժամանակացույցից առաջ են ընկել: «Ճկուն ենք գործում եւ ամեն տարի հնարավորություն ունենք մասնավորի հետ միջոցառումները վերանայելու, եթե նոր իրավիճակ եւ անհրաժեշտություն է ստեղծվում: Շատ կարեւոր է, որ ոլորտի ներկայացուցիչները տեսնում են իրենց մասնակցությունը միջոցառումներին: Կարծում եմ, որ նրանք էլ կարող են վկայել, որ պետություն-մասնավոր այս համագործակցությունը հաջողված է», հավաստիացրեց էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության վարչության պետը: