Կարեն Դեմիրճյանի կյանքն ու գործը
Այսօր, դեկտեմբերի 4-ին, Երեւանի Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը տեղի կունենա տիկին Ռիմա Դեմիրճյանի «Հիշատակ» գրքի շնորհանդեսը: Ստորեւ ներկայացնում ենք այդ գրքի մասին գրախոսական:
Օրերս Երեւանի «Էդիտ Պրինտ» հեղինակավոր տպարանը շքեղ հրատարակությամբ լույս է ընծայել ամենայն սիրո եւ հարգանքի արժանի մեծ տիկին Ռիմա Աղասիեւնա Դեմիրճյանի «Հիշատակ» խորագրով ստվարածավալ (567 էջ) հատորըՙ ռուսերեն, նաեւՙ հայերեն Լիլիկ Մարտիրոսյանի հաջող թարգմանությամբ: Հատորն օժտված է նաեւ պատմական հիշարժան տարաբնույթ լուսանկարներով:
Հեղինակը գիրքը ձոնել է իր արժանահիշատակ ամուսնուՙ «Թանկագին Կարենի լուսավոր հիշատակին»:
Իրո՛ք, լուսավոր մի կյանք, որը հեղինակը ներկայացնում է անկեղծորեն եւ ճշմարտացիությամբ, առանց գունազարդումներիՙ հավերժացնելով ոչ միայն իր կյանքի ընկերոջը, այլեւ պատմական մի բացառիկ անհատականության, հայ ժողովրդի սիրելի ղեկավար Կարեն Դեմիրճյանի կյանքի հանգրվանային իրադարձություններըՙ սկսած նրա հրաշքի նման անհավատալի ծննդից մինչեւ նրա նույնպես անհավատալի, բայց հրեշավոր նահատակությունը:
Այդ գիրքը լուսավոր կյանքն է մեծատառով մի Մարդու, որը գիտեր բնությունից իրեն պարգեւած կյանքի իմաստը, արժեքը եւ իր առաքելությունը:
Մարդ, որն ուներ պատասխանատվության բարձր գիտակցություն ինչպես իր ընտանիքի, նույնպես եւ իր Հայրենիքի ու իր ժողովրդի նկատմամբ:
Մարդ, որն ուներ երաժշտական նուրբ հոգի, ստեղծագործական միտք ու դինամիկ խելք, երեւակայելու կարողություն եւ իր մտահղացած նախաձեռնություններն իրականություն դարձնելու հզոր կամքի ուժ եւ անսպառ եռանդ:
Ովքեր ապրել ու տեսել են այդ տարիների օրեցօր ծաղկող ու բարգավաճող Հայաստանը, կվկայեն ազգային տիպար գործչի բազմաբովանդակ գործունեության մասշտաբները, քանի որ ոչ թե նա ինքն էր խոսում իր մասին, այլՙ իր գործերը, որոնց գնահատողը ժողովուրդն է:
Ժողովուրդը, որը դարեր շարունակ ավանդաբար սրբացրել է հանապազօրյա հացը, Կ. Դեմիրճյանի ղեկավարության տարիներին նոր թխվող ձվաձեւ փոքրիկ, համեղ հացերը սիրով անվանեց համակրելի երիտասարդ ղեկավարի անունովՙ «Կարենչիկ», իսկ խնձորի նորաստեղծ ամենալավ ու ամենահյութեղ տեսակներըՙ «Դեմիրճյանական»...
Այդ նույն ժողովուրդն է նրան օծել «Կարեն Շինարար» պատվանունով...
Եվ պատահական չէ, որ այդ տարիներին ծնված բազմաթիվ արու զավակներին ծնողները կոչում էին նրա անունովՙ հուսալով, որ ապագայում նրանք եւս իրենց լավ գործերով կնմանվեն Կարեն Դեմիրճյանին...
Այդ ժողովրդի գնահատականն էր, քանի որ Կարեն Դեմիրճյանի օրոք Հայաստանի փոքրիկ հանրապետությունը մեծաքայլ առաջադիմում էր:
Հեղինակըՙ Տիկին Ռիմա Դեմիրճյանը, իր գրքի շուրջ քառասուն բաժիններով ներկայացնում է Կարեն Դեմիրճյանի քաղաքական-դիվանագիտական, հասարակական, մշակութային գործունեության գրեթե բոլոր ոլորտները:
Ընթերցողի առաջ հառնում է երբեմնի Հայաստանն իր շինարարական վիթխարի նորակառույցներով, ծանր ու թեթեւ արդյունաբերական գործարանների հայրենական տարաբնույթ արտադրանքներով, գյուղատնտեսական նորանոր նվաճումներով, մշակութային հայաշունչ ձեռքբերումներով, համաժողովրդական անմոռաց տոնակատարություններովՙ ներառելով նաեւ հայ եկեղեցին, հայ սփյուռքը, հայերենը պետական լեզու դարձնելու նուրբ ու դժվարին հարցը, Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակըՙ Ապրիլի 24-ը պետականորեն Սգո օր հայտարարելու նրա ջանքերը, հետագայում նաեւՙ մինչեւ Ղարաբաղյան շարժման սկիզբը, արդեն իսկ առկա հայ-ադրբեջանական սրվող հարաբերությունների պայմաններում, Հայաստանում ապրող ադրբեջանցիներին լուռ ու մունջ, առանց աղմուկի իրենց երկիրը փոխադրելու փաստը եւ այլ համազգային, ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող հիմնախնդիրներ, որոնց հնարավոր եւ անհնար լուծումներին Կարեն Դեմիրճյանը հաճախ հասնում էր իր վարած ճկուն եւ հետեւողական քաղաքականությամբ, այն էլ միութենական ամենատես հսկող աչքերի ներքո: Ուստի հաճախ անհրաժեշտ էր գործել լուռ, առանց բարձրաձայնելու, կամՙ «վերեւներին» համոզելու դեմիրճյանական դիվանագիտական ճկուն հնարքներովՙ առերեւույթ պահելով պաշտոնականության հավասարակշռությունը եւ հայ ժողովրդի անվտանգությունը:
Հեղինակըՙ Ռիմա Աղասիեւնան, գիրքը գրելիս այդ կարգի «բացահայտումներ» հաճախ է կատարումՙ հենվելով Կարեն Դեմիրճյանի ձեռքով օրը օրին, ժամը ժամին գրված օրագրությունների վրա, որոնք նրա մենավոր զրույցներն են ինքն իր հետ, մանավանդ երբ նա պատմում է միութենական վերադաս պաշտոնյաների հետ իր ունեցած հաճախ նաեւ ոչ հաճելի անձնական զրույցների եւ ազգային շահերից բխող իր հանդուգն պատասխանների մասին, որոնք ի վերջո հարցականի տակ էին առնելու իր հեղինակությունն ու պաշտոնական դիրքը: Նրա կյանքի ու գործունեության այդ մութ ծալքերը մինչ օրս անհայտ էին մնացել, եւ այս գիրքը նոր լույս է սփռում Կարեն Դեմիրճյանի ազգանպաստ գործունեության վրա:
Գրքի հեղինակըՙ տիկին Ռիմա Դեմիրճյանը, լինելով վաստակաշատ քիմիկոս, Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի երկարամյա դասախոս, բուհական մի շատ արժեքավոր դասագրքերի հեղինակ, կարողացել է իր մեծ վիշտը ստեղծագործական վեհացում դարձնել եւ շարադրել այդ բոլորը ոչ միայն գեղագետի պարզ ու անպաճույճ գրելաոճով, որը համակում է ընթերցողին, այլեւՙ ժամանակագրի բացառիկ ճշմարտացիությամբ:
Նա իր կանացի նուրբ, բայց հզոր ներզգացողությամբ կարողացել է թափանցել Կարեն Դեմիրճյանի քաղաքական-հասարակական գործունեության գրեթե բոլոր ոլորտները, ի մի բերել իր տեսածն ու լսածըՙ մշտապես հնվելով Կ. Դեմիրճյանի գրառումների, հատկապեսՙ օրագրությունների, նաեւ ժամանակի հայ եւ օտար քաղաքական գործիչների, հայտնի ու անհայտ մարդկանց կարծիքների, գնահատականների, հուշերի, վկայությունների եւ, որ ամենից կարեւորն է, պատմական փաստաթղթերի վրաՙ ներկայացնելով դեմիրճյանական այդ ամբողջ դարաշրջանն իր հերոսական նվաճումներով, նաեւ որոշ տխուր ելեւէջներով...
Հափշտակությամբ ընթերցելով այդ ստվարածավալ հատորի իրարհաջորդ բաժիններըՙ ակամա մտածում եսՙ երեւի ոչ ոք չպիտի կարողանար այդքան հանգամանորեն, այդքան ճշմարտապատում, այդքան փաստագրական ընդգրկումով ներկայացնել պատմական-քաղաքական այդ խոշոր անհատականությանՙ Կարեն Դեմիրճյանի կյանքն ու գործը, ինչպես որ այդ հաջողվել է նրա կյանքի ընկերոջըՙ Ռիմա Աղասիեւնային: Նա, որ գրեթե միշտ, որպես տնային մուսա, լուռ ու անձայն հետեւել է նրա ամեն մի խոսքին, ամեն մի ժեստին, նույնիսկ նրա խորիմաստ լռությանը, եւ այդ բոլորը վերլուծել, ի մի բերել ու ամենայն ճշգրտությամբ հանձնել պատմության դատին:
Այնպես որ սա միայն հուշերի, հիշատակի գիրք չէ, ինչպես որ համեստորեն վերնագրել է հեղինակը: Այս գիրքն իր ծավալային եւ բովանդակային լայն ընդգրկումով, իր զուսպ գրելաոճով, պատմական փաստերի եւ փաստաթղթերի տեղին օգտագործումով, մեջբերումների պատշաճ հղումներով, դուրս է գալիս հուշագրության շրջանակներիցՙ դառնալով եզակի անհատականությանՙ Կարեն Դեմիրճյանի բազմաշառավիղ գործունեության եւ նրա ժամանակաշրջանի պատմաքաղաքական վավերագիրը:
Մնում է զարմանալ, թե ինչքան հեռատես է եղել երբեմնի երիտասարդ Կարենըՙ ընտրելով ոչ միայն գեղեցիկ, այլեւՙ խելացի ու կազմակերպված աղջնակին, որը դարձավ ոչ միայն իր կյանքի հավատարիմ ուղեկիցը, այլեւՙ իր առաջին կենսագիրը:
Տեղին է մեջբերել երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն հայոց կաթողիկոսի բնութագրական խոսքն ուղված Կարեն Դեմիրճյանին. «Դուք Ձեր հայրենասիրությունը ապացուցեցիք Ձեր հայրենաշինությամբ» (էջ 221):
Հետագայում շատ տարբեր մասնագետներ կանդրադառնան Կարեն Դեմիրճյանի կյանքին ու գործին, կգրվեն գրքեր, պատմագիտական ուսումնասիրություններ, կնկարահանվեն ֆիլմեր, որոնց համար Ռիմա Աղասիեւնա Դեմիրճյանի կոթողային սույն աշխատությունը կդառնա ելակետային սկզբնաղբյուր:
ՎԵՐԺԻՆԵ ՍՎԱԶԼՅԱՆ, Բանասիրական գիտությունների դոկտոր
Նկար 1. Եսենտուկի, 1974թ.
Նկար 3. ՀՀ Ազգային ժողովում, Միրոյանի եւ սպարապետ Սարգսյանի հետ, երեքն էլ զոհ հոկտեմբերի 27-ի ոճրագործության...
Նկար 4. Զրույց Շիրազի հետ
Նկար 5. Ուսանողական տարիներ, մայիսմեկյան շքերթի ժամանակ, 1953 թ.