Դեկտեմբերի 3-ը հաշմանդամների միջազգային օրն է: Այդ կապակցությամբ երեկ Հայաստանում կազմակերպվել էին հանդիպումներ ու միջոցառումներ, որոնց առաջնային նպատակը հաշմանդամություն ունեցող մարդկանց կարիքների ու խնդիրների վրա հանրության ուշադրությունը հրավիրելն էր:
Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընդգծեց, որ մեր հասարակությունում խնդիր ունենք արմատավորելու, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ եւս մեր հանրության անդամներն են, ու պետք է այնպես անենք, որ նրանք իրենց զգան լիարժեք անդամներ:
Նախարարի փոխանցմամբ` առաջիկայում օրենսդրությունում կընդգրկվի հաշմանդամություն ունեցող անձանց ներառման մասին օրենք, որը միտված է նպաստելու սոցիալական ծրագրերի իրականացմանը եւ հաշմանդամների կենսակերպը բարելավող միջավայր ստեղծելուն:
Հաշմանդամները համարվում են հասարակության խոցելի խումբ, որի միայն ութ հազարը, ըստ պաշտոնական տվյալների, երեխաներն են: Հաշմանդամություն ունեցող երեխաներին ուղղված ծրագրեր եւս իրականացվում են: Աշխատանքի ու սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանի խոսքով` այս հարցում կառավարության մոտեցումը հետեւյալն է` իրականացնել սոցիալական ներառման մոտեցում, ինչի համար խթանող գործոն է, օրինակ` ներառական կրթության տարածումը: Փոխնախարարը կարծում է, որ հնարավորության դեպքում յուրաքանչյուր երեխա, լինի հաշմանդամ, թե ոչ, պետք է սովորի իր հասակակիցների հետ:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը, սակայն, նշում է, որ Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաները հանրակրթության հասանելիության հարցում բազմաթիվ խնդիրների առաջ են կանգնած: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մեր երկրում հաշմադամություն ունեցող հինգ երեխաներից մեկը կամ հաշմանդամ երեխաների 18 տոկոսը ընդհանրապես դպրոց չի հաճախում, հատկապես դպրոց չգնացողների թիվն ավելի շատ է գյուղական վայրերում: Հայաստանում ներառական կրթությանը միացել են դեռեւս հանրակրթական 98 դպրոցներ, որտեղ սովորում է հաշմանդամություն ունեցող շուրջ 2400 երեխա:
Ի. Պ.