ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «BirthLink» ՀԿ համատեղ իրականացվող նորածնային խնամքի նախագծի շրջանակներում Սպիտակի ծննդատունը համալրվեց նորածնային խնամքի անհրաժեշտ սարքավորումներով
ՎիվաՍել-ՄՏՍ. Ուրախ ենք տեղեկացնել, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «BirthLink» ՀԿ համատեղ իրականացվող նորածնային խնամքի նախագծի շրջանակներում Սպիտակի ծննդատունը համալրվեց նորածնային խնամքի անհրաժեշտ սարքավորումներով:
Նորածնային խնամքի նախագծի շրջանակներում այս հիվանդանոցին տրամադրվել են հետեւյալ սարքավորումները. վերակենդանացման սեղանիկՙ ջերմահաղորդիչով, պուլսօքսիմետր, շարժական թթվածնային բալոն, պայուսակՙ հրատապ իրավիճակների համար, տաքացվող ներքնակ, արտածծիչ (սարքավորում արտածծման համար):
Այս սարքավորումները թույլ կտան պահպանել նորածնի մարմնի ջերմաստիճանը եւ կայունացնել կամ ապահովել օրգանիզմի կենսագործունեությունն այնքան ժամանակ, մինչեւ նա տեղափոխվի մարզկենտրոնի կամ Երեւանի համապատասխան բուժհաստատություն: Կյանքի համար պոտենցիալ վտանգ ներկայացնող խնդիրներով տառապող երեխաները, որոնք ծնվելուց անմիջապես հետո համապատասխան խնամք կստանան, հետագայում կարող են այլեւս չենթարկվել միջամտությունների: Եվ հենց այս սարքավորումներն են, որ երաշխավորում են նրանց առողջ ապագան:
«Սպիտակը Լոռու մարզի երկրորդ քաղաքն է, որն ընդգրկվել է նորածնային խնամքի ծրագրում: ՎիվաՍել-ՄՏՍ-ը միշտ առաջնորդվում է այն համոզմունքով, որ երկիրը դիտարկելիս, չպետք է սահմանափակվել մայրաքաղաքի հոգսերով, եւ որ կյանքի որակի հավասար հնարավորություններ ապահովելու համար` պետք է զարգանան նաեւ մարզերը: Այս նախագիծը ձեռնարկելու առաջին իսկ պահից գիտակցում էինք, որ մեզ մարտահրավերներով լի ճանապարh է սպասվում, սակայն վճռական էինք, եւ մենք շարունակելու ենք նախագիծն իրականացնել այնքան ժամանակ, մինչեւ վստահ լինենք, որ հատուկ հոգածության կարիք ունեցող յուրաքանչյուր նորածին ապահով է` հիվանդանոցներում տեղադրված անհրաժեշտ սարքավորումների շնորհիվ»,-նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :
ՎիվաՍել-ՄՏՍ-ն արդեն հինգ տարի շարունակ համագործակցում է «BirthLink» ՀԿ-ի հետ` նպաստելով Հայաստանում մանկական մահացության մակարդակի նվազեցմանն ուղղված ծրագրերի իրականացմանը: Այս ժամանակահատվածում, Երեւանի եւ մարզերի ավելի քան 30 բժշկական կենտրոններում տեղադրվել է մոտ 360 մլն դրամ ընդհանուր արժողության սարքավորում: Մասնագետների հավաստմամբ` դրական արդյունքներն ակնհայտ են:
Ամեն տարի, կյանքի առաջին տարվա ընթացքում աշխարհում մահանում է ավելի քան 4 միլիոն մանուկ: Դեպքերի 98 տոկոսն արձանագրվում է զարգացող երկրներում: Մահացու ելքերի 65 տոկոսը գրանցվում է կյանքի առաջին ամսվա ընթացքում, որի երկու երրորդն` առաջին շաբաթվա, իսկ կեսից ավելին` առաջին 24 ժամվա ընթացքում: