«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#214, 2012-11-30 | #215, 2012-12-01 | #216, 2012-12-04


ՏԻԳՐԱՆ Բ ՄԵԾԸ` ԱՐԱԲ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ

«Տիգրան Մեծն իր արժանավայել տեղը պետք է զբաղեցնի Արեւելքում երբեւէ իշխած տիրակալների շարքում: Նա արժանացել է «Մեծ» տիտղոսինՙ պատվավոր մի կոչման, որը պատմությունը հազվադեպ է շնորհում իր ընտրյալ դերակատարներին... Տիգրանն իրեն դրսեւորեց որպես աշխարհակալ եւ լուսավորիչ»... Այսպիսի գնահատական է տվել հայոց մեծ տիրակալին նոր ժամանակների նշանավոր պատմաբաններից Նիկողայոս Ադոնցը:

Հիրավի, մեծերը մեծ են ոչ միայն իրենց դարաշրջաններում, այլեւ դառնում են խորհրդանիշ-կերպարներ հետագա սերունդների համար: Այս միտքն առավել քան տեղին է հնչում Տիգրան II Մեծի (Ք.ա. 95-55 թթ.) պարագայում, որը ոչ միայն դարձավ մեր պատմության խոշորագույն դեմքերից մեկը, այլեւ հետագա սերունդների հիշողության մեջ մարմնավորեց մեծ հաղթանակների եւ աշխարհակալության գաղափարն ու ոգին:

Տիգրան Մեծի կերպարն իր հետքն է թողել նաեւ օտարների հիշողության մեջ: Նրա մասին գրել են տասնյակ օտարազգի պատմիչներ եւ նոր ժամանակների բազմաթիվ ուսումնասիրողներ: Նրա կերպարին նվիրվել են բազում գեղարվեստական գործեր, որոնց մեջ` ավելի քան երեք տասնյակ օպերաներ:

Նրա ժամանակակից, Հռոմի ամենաականավոր դեմքերից մեկը` Ցիցերոնը, սենատում արտասանած իր ճառերում Տիգրան Մեծին բնորոշում է «vehemens» կոչելով, որը Հռոմում քաղաքական գործչին տրվող բարձրագույն գնահատականն էր: Նրանից քիչ ուշ ապրած նույնպես հռոմեացի մատենագիր Վելլեոս Պատերկուլոսը Տիգրան Մեծին համարում է «իր ժամանակի հզորագույն թագավորը» եւ «թագավորներից մեծագույնը»... Մեկ այլ պատմիչ` Եվտրոպիոսը գրում է, որ Տիգրան Մեծը «տիրակալում էր մեծ փառքով», իսկ Պոմպեոս Տրոգոսը տեղեկացնում է, որ նրան մեծարում էին` կոչելով «Աստված»...

Տիգրան Մեծը շատ բարձր գնահատականների է արժանացել նաեւ նոր ժամանակների պատմագիտության մեջ: Պետք է խոստովանել, սակայն, որ հայագիտությանն ավելի շատ ծանոթ են արեւմտյան հեղինակների ուսումնասիրությունները, իսկ արեւելյան երկրների պատմագրության գնահատականները մեզանում մնացել են գրեթե անծանոթ: Այդ կարեւոր բացը լրացնելու նպատակով էլ օրեր առաջ լույս տեսավ վաստակաշատ արեւելագետ-պատմաբան Նիկոլայ Հովհաննիսյանի «Արքայից արքա Տիգրան Մեծը եւ Հայկական կայսրությունը արաբական արդի պատմագիտության գնահատմամբ» («Զանգակ» հրատ., Երեւան, 2012) խիստ ուշագրավ գրքույկը:

Չնայած փոքր ծավալին (84 էջ), այն մեծ արժեք ունի հայագիտության համար, քանզի առաջին անգամ դրանով փորձ է արվում ամփոփ եւ ամբողջական կերպով ներկայացնելու հայ ականավոր տիրակալի գործունեության գնահատականը արաբական պատմագրության մեջ:

Հեղինակը նախ կանգ է առնում Հայաստանի պատմության նկատմամբ արաբ պատմաբանների հետաքրքրության դրդապատճառների վրա` նշելով, որ նրանց աշխատություններում հատկապես շոշափվում են մեր պատմության չորս հիմական դրվագ-դարաշրջաններ: Առաջինը Ք.ա. II Ք.հ. III դդ. գոյություն ունեցած Եդեսիայի (Ուռհայի, Ուրֆայի) թագավորությունն է, որն արաբ պատմաբան Ֆուադ Հասան Հաֆիզը բնորոշում է իբրեւ «Ուրֆայի հայ-արաբական էմիրություն»: Երկրորդը, որի վրա անպայմանորեն կանգ են առնում Հայաստանի պատմությանն անդրադարձած բոլոր արաբ հեղինակները, Տիգրան Բ Մեծի աշխարհակալությունն է: Երրորդն արաբական խալիֆաթի եւ հայ իրականության առնչությունների դարաշրջանն է: Եվ, վերջապես, չորրորդը մեր պատմության ամենաողբերգական էջը` Հայոց ցեղասպանությունը, որի ընթացքում արաբ եղբայր ժողովրդի օգնությունն անգերագնահատելի է:

Հայ ընթերցողի համար, անշուշտ, շատ հետաքրքրական, միաժամանակ խիստ տպավորիչ կլինեն այն արաբ հեղինակների աշխատությունները, որոնց հիման վրա էլ գրվել է ներկայացվող գրքույկը (բոլոր գրքերն արաբերեն են).

Ֆուադ Հասան Հաֆիզ. Հայ ժողովրդի պատմությունը սկզբից մինչեւ մեր օրերը, Կահիրե, 1986,

Մարվան ալ Մուդավար, Հայերը պատմության ընթացքում, Բեյրութ, 1982,

Ուսման ալ Թուրք, Էջեր հայ ազգի պատմությունից, Հալեպ, 1960,

Սամիր Արբաշ, Հայաստան. հող եւ ժողովուրդ, Բեյրութ, 1999,

Սալիհ Ջահր ալ Դին, Հայաստան. ժողովուրդ եւ պրոբլեմ, Բեյրութ, 1988,

Ումար ալ Դակակ, Հայաստանի պատմությունը. Հայերն Իսլամական հանրագիտարանում, IV, Կահիրե, 1992:

Ն. Հովհաննիսյանը նշում է, որ «արդի արաբ հեղինակներն իրենց ուսումնասիրություններում անդրադարձել են Տիգրան Մեծի գործունեության համարյա բոլոր կողմերին: Չկա շատ թե քիչ կարեւոր հարց, կապված հայոց արքայի ներքին եւ արտաքին քաղաքականության հետ, որը դուրս մնացած լինի նրանց տեսադաշտից» (էջ 63): Հեղինակը հանգամանորեն կանգ է առնում արաբական պատմագրության մեջ հայոց տիրակալին տրված գնահատականներին, որոնք ընդծված դրական ուղղվածություն ունեն: Ուշագրավ է, որ արաբ հեղինակները նույնիսկ «արաբական երկրները Հայկական կայսրության մեջ ընդգրկելը դիտում են որպես ինքնապաշտպանական քայլ եւ անհրաժեշտ միջոց Հայաստանի անվտանգությունն ապահովելու տեսանկյունից» (էջ 72):

Ն. Հովհաննիսյանը հատուկ բաժնով անդրադառնում է նաեւ Տիգրան Մեծի տիտղոսաշարի խնդրին: Արաբ պատմաբանները հայոց տիրակալին հիշատակում են «Հայաստանի թագավոր», «Արքայից արքա» եւ «Ասիայի մեծ թագավոր» տիտղոսներով:

Գրքույկի վերջին բաժինը հեղինակը նվիրել է Տիգրանյան աշխարհակալության անկման գնահատականին: Չափազանց ուշագրավ է, որ այն արաբական պատմագրության մեջ գնահատվում է իբրեւ Հայաստանի վերադարձն իր բնական սահմաններին: Այդ առումով շատ դիպուկ է Տիգրան Մեծի իշխանության վերջին շրջանին տված Մարվան ալ Մուդավարի բնորոշումը. «Կայսրության թուլացման եւ անկման ու թագավորության` իր բնական սահմաններին վերադարձի դարաշրջան, որն ընդգրկում է 69-55 թթ. մ. թ. ա.»:

Կարծում ենք, գրքույկը կարող է շատ լավ օրինակ դառնալ Հայաստանի պատմության` օտար հեղինակների կողմից լուսաբանման ուղղությամբ տարվող աշխատանքների համար: Կողքից հայացքը մեր պատմությանը, ճանաչողական նշանակությունից բացի, կարող է բազմաթիվ նոր ու օգտակար մտորումների պատճառ դառնալ...

Վերջում նշենք, որ Նիկոլայ Հովհաննիսյանի «Արքայից արքա Տիգրան Մեծը եւ Հայկական կայսրությունը արաբական արդի պատմագիտության գնահատմամբ» գրքույկի կարեւոր արժանիքներից մեկն էլ եռալեզու լինելն է, ինչը հնարավորություն է տալիս արաբական պատմագրության գնահատականներին ծանոթանալու նաեւ ռուսալեզու եւ անգլիալեզու ընթերցողներին:

ԱՐՏԱԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ, Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4