«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#214, 2012-11-30 | #215, 2012-12-01 | #216, 2012-12-04


ԳԱԼԱԿՏԻԿԱՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ 2013 ԹՎԻՆ ԿՀԱՎԱՔՎԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ինչպես հաղորդվել է, 2013թ. հոկտեմբերի 7-11-ին Հայաստանում տեղի կունենա Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ, International Astronomical Union-IAU) «Ակտիվ գալակտիկական միջուկների բազմալիքային շրջահայություններ եւ ուսումնասիրություններ» թեմայով պաշտոնական գիտաժողովը` նվիրված հայ մեծ աստղագետ Բենիամին Մարգարյանի 100-ամյակին: Այդ կապակցությամբ դեկտեմբերի 1-ին արդեն տարածվել է գիտաժողովի առաջին ազդագիրը, որի արդյունքում ապագա մասնակիցները գրանցվելու եւ ներկայացնելու են իրենց աշխատանքերը` գիտաժողովի կազմկոմիտեի կողմից քննարկվելու եւ ընդունվելու համար: Սպասվում է շուրջ 200 մասնակից աշխարհի տարբեր ծայրերից: Գիտական կազմկոմիտեում ընդգրկված են ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Իռլանդիայի, Ավստրալիայի, Արգենտինայի եւ Հայաստանի 18 աստղագետներ: Հրավիրված զեկուցողներից 38-ն արդեն հաստատել են իրենց մասնակցությունը:

ՄԱՄ-ի գիտաժողովներն աստղագիտական աշխարհի ամենահեղինակավոր միջոցառումներն են, որոնցում քննարկվում են կարեւորագույն աստղագիտական խնդիրները, եւ որոնց որպես կանոն մասնակցում են ոլորտի լավագույն մասնագետները: Մասնավորապես, Հայաստանում կայանալիք թիվ 304 գիտաժողովին քննարկվելու են ակտիվ գալակտիկական միջուկների (ԱԳՄ) բազմալիքային (գամմա, ռենտգենյան, գերմանուշակագույն, օպտիկական, ենթակարմիր եւ ռադիո) շրջահայությունները` կատարված ցամաքային եւ տիեզերական դիտակներով, ԱԳՄ կառուցվածքը եւ տեսական մոդելները, առանձին ԱԳՄ եւ դրանց փոփոխականության հարցերը, ակտիվության երեւույթը, ԱԳՄ պարունակող գալակտիկաների, դրանց շրջապատի, գալակտիկաների համակարգերում (բազմակի գալակտիկաներ, խմբեր եւ կույտեր) դիտվող ԱԳՄ-ների փոխազդեցությունները եւ ապագայի ծավալուն նախագծերը:

Հայաստանում նման գիտաժողովներ են անցկացվել 1966, 1986, 1989 եւ 1998 թթ. (ինչպես նաեւ ՄԱՄ-ի մեկ կոլոքվիում 2001թ., որը գիտաժողովներից տարբերվում է մասնակիցների փոքր-ինչ պակաս քանակով), եւ 2013-ին անցկացվելիք գիտաժողովը կլինի 5-րդը: Համեմատության համար նշենք, որ նախկին Խորհրդային Միության տարածքում կազմակերպվել է ընդամենը ՄԱՄ-ի 16 գիտաժողով, որից Ռուսաստանում` 8, Հայաստանում` 4, Ուկրաինայում` 3 եւ Էստոնիայում` 1:

Հայկական աստղագիտական ընկերություն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4