«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#214, 2012-11-30 | #215, 2012-12-01 | #216, 2012-12-04


ԿՈՆԳՈՅՈՒՄ ԶՈՀՎԱԾ ՀԱՅ ՕԴԱՉՈՒՆԵՐԻ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶՎԵԼ Է

Վարազդատ Բալասանյան, Արա Թովմասյան, Թադեոս Հովհաննիսյան, Անդրանիկ Գեւորգյան, Էդգար Ավետյան:

Նրանք Կոնգոյում տեղի ունեցած ինքնաթիռի վթարից զոհված անձնակազմի հինգ հայ անդամներն են: ՀՀ արտաքին գործերի նախարարության հաղորդմամբՙ նրանց մարմինների ճանաչումը տեղի կունենա մոտակա օրերին: Այժմ ԱԳՆ-ն աշխատանքներ է տանում զոհերի մարմինների տեղափոխման փաստաթղթային խնդիրների լուծման ուղղությամբ:

Կոնգոյի Հանրապետության Բրազավիլ մայրաքաղաքի «Մայա-մայա» օդանավակայանից 500 մ հեռավորության վրա վթարի էր ենթարկվել հայկական «Ռիջ Էյրուեյզ» ընկերության ԻԼ-86 ինքնաթիռը, որն իրականացնում էր տեղական ընկերության բեռների տեղափոխումը:

Վթարի հետեւանքները պարզելու նպատակով Կոնգոյի իշխանությունները սկսել են քննություն: Նախնական վարկածի համաձայնՙ ինքնաթիռը վթարի է ենթարկվել ուժեղ կայծակի հետեւանքով: Նախնական տեղեկություններովՙ վթարի պատճառով զոհվել է 30 մարդ, տուժելՙ 20-ը: Զոհվել են նաեւ անձնակազմի բոլոր անդամները:

Աղետից հետո օդանավակայանը փակվել է, այնտեղ շուրջօրյա ռեժիմով աշխատում են հրշեջներ, փրկարարներն ու ոստիկանությունը:

Վթարից հետո ՀՀ նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կոնգոյի Հանրապետության նախագահ Դենիս Սասու Նգուեսոյին եւ զոհված հայ օդաչուների հարազատներին:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4