Ադրբեջանական «քարոզչապատեֆոնի խզված ձայնասկավառակներից» մեկն էլ «հայերի եւ ադրբեջանցիների միջեւ երկխոսության փորձերը պաշտոնական Երեւանի կողմից տապալելու» թեման է: Ընդ որում, ամենատարբեր ամբիոններից հնչեցվում է, որ «հայերին ատելություն այն ամենի հանդեպ, ինչ ադրբեջանական-թուրքական է, ներարկում են մայրական կաթի հետ»: Իրականությունը, բարեբախտաբար, ամեն քայլափոխի հերքում է «իլհամպրոպի» այդ եւ մյուս զառանցանքները:
Հերթական առիթը տվեց Ռուսաստանում ադրբեջանական ազգային-մշակութային ինքնավարության («ԱզերՌոս») այժմ արդեն նախկին փոխնախագահ Միրաշրաֆ Ֆաթիեւը: Ադրբեջանական մամուլի համար արված պարզաբանմամբ Ֆաթիեւը հրաժարականի պատճառ նշել է «ԱզերՌոս»-ի եւ Ռուսաստանի հայերի միության միջեւ փաստաթղթի ստորագրումը:
Ինչո՞ւ է նա դիմել այդ քայլին: Ֆաթիեւի մեկնաբանությամբ` Սադիխովն «առաջարկում է մոռանալ Ղարաբաղը եւ Խոջալուն ու հայերի հետ միասին տոլմա փաթաթել»: Վերջին ակնարկն այն մասին է, որ Ռուսաստանի հայ եւ ադրբեջանական համայնքների ղեկավարությունները պայմանավորվել են կազմակերպել «տոլմայի փառատոն», ինչպես նաեւ` «մշակութային միջոցառումներ»: Ֆաթիեւը կարծում է, որ «օկուպացնելով Լեռնային Ղարաբաղը եւ հարակից յոթ շրջանները, հայերը փորձում են խաղաղասիրություն ներկայացնել», իսկ ադրբեջանցիներն, ընդհակառակը, «ոչ մի երկխոսության չպետք է գնան, քանի դեռ ոչինչ չի փոխվել»:
Ակնհայտ է, որ Ֆաթիեւը կատարել է պաշտոնական Բաքվի հրահանգը: Այն է` մթնոլորտը լարելու միջոցով հասնել նրան, որ «ԱզերՌոս»-ի եւ Ռուսաստանի հայերի միության պայմանավորվածությունները չաշխատեն: Սա կարող է լինել նաեւ արտաքին պատվեր` ուղղված Ռուսաստանի միջնորդական ջանքերի դեմ առհասարակ: Բայց այն դեպքում, երբ Իլհամ Ալիեւը Ադրբեջանի «թիվ մեկ թշնամի» է հռչակել «հայկական լոբբիին» կամ «համաշխարհային հայությանը», առաջին տպավորությունն այն է, որ հատկապես նրան չէ ձեռնտու, որ Ռուսաստանի հայերի եւ ադրբեջանցիների միջեւ ձեւավորվեն բնականոն հարաբերություններ:
Բաքվում իշխող վարչախմբի գլխավոր «հաղթաթուղթը» դա է` ամենուր սադրել հայ-ադրբեջանական լարվածություն, խոչընդոտել անգամ պարզ մարդկային հարաբերություններին: Քանի որ հակառակ դեպքում իրականությունը կկանգնի, ինչպես ասում են, «ողջ հասակով», եւ ակնհայտ կդառնա, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը շարքային ադրբեջանցիների համար ամենեւին էլ «ճակատագրական» չէ:
Ֆաթիեւի «դեմարշը», սակայն, կարծես նպատակին չի հասել. «ԱզերՌոս»-ի նախագահը կազմակերպության ղեկավար մարմնի նիստ է գումարել, որտեղ փոխնախագահների թիվը կրճատելու եւ կառուցվածքային բարեփոխումներ անցկացնելու որոշում է ընդունվել:
Կարելի է Ռուսաստանի հայ եւ ադրբեջանական համայնքների հարաբերությունների նպատակահարմարության վերաբերյալ ունենալ ինչ-ինչ վերապահումներ: Ընդունելի է նույնիսկ, երբ փորձում են դրա տակ «քաղաքականություն տեսնել»: Բայց հրապարակավ մերժել հայ-ադրբեջանական երկխոսությունն ընդհանրապես, միաժամանակ էլ պնդել, որ «կարգավորման բանալին միջհամայնքային երկխոսությունն է»` սա կարող է անել միայն «ժանգոտած իլհամպրոպը», որ նույնն է, ինչ` ադրբեջանական «քարոզչապատեֆոնի խզված ձայնասկավառակը»:
Վ. Ա.